Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մակեյան. «ԲՀԿ-ի համար աշխատում են քրեական տարրերը, ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի համար էլ կրկնապատիկ ագրեսիվությամբ` վարչական ռեսուրսները»

Ապրիլ 28,2012 21:58

Այսօր Գյումրիում առաջին անգամ տեղի ունեցավ քաղաքական բանավեճ, որին մասնակցում էին Արթիկի ու Մարալիկի տարածաշրջանն ընդգրկող թիվ 36 ընտրատարածքի մեծամասնական 4 թեկնածուներից երկուսը` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը և Մեղրաշենի գյուղապետ, ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանը: Մյուս երկու թեկնածուները` ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանն ու ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը տարբեր պատճառներով հրաժարվել էին մասնակցել:

Սկզբում ներկայացել էր միայն պարոն Մակեյանը, որը երկար սպասելով իր մրցակիցներին՝ համոզմունք հայտնեց, որ բանավեճը չի կայանա: «Մի անգամ էլ «Շանթ» հեռուստաընկերություն հրավիրեցին բանավեճի, մարդիկ ավտովթարի էին ենթարկվել, չէին ներկայացել: Այնումենայնիվ, կարծում եմ՝ նորմալ է, իրենց բոսերն են խուսափում դեբատների գալ, ո՞ւր մնաց իրենք», -այսպես սկսեց իր խոսքը ՀԱԿ ներկայացուցիչը:

Այնուհետեւ գնահատելով քարոզարշավի ընթացքը` բանախոսը տեղեկացրեց, որ այցելել է իր ընտրատարածքի գյուղերի 80 տոկոսը ու տեսել, որ դրանք այլևս խորհրդային տարիների ամառանոցներն ու յայլաներն են հիշեցնում, աշխարհի քարտեզից դուրս են գրված: «Մարդիկ չկան, գոյություն չունեն, չեն ապրում երկրի կյանքով: Նույնիսկ իրենց երեխայի ապագան դարձել է իրենց համար անհասանելի», -ասաց պարոն Մակեյանը: «Իշխանությունները ցավոք ոչ մի հետևություն չեն արել 2008 թվականի հետընտրական զարգացումների շուրջ: Հիմնական ռեսուրսը, ինչ օգտագործել են նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ, կրկնապատիկ ինտենսիվությամբ, ագրեսիվությամբ օգտագործում են այսօր: Ցուցակների մասին շատ է խոսվել, չեմ ծավալվի, որովհետև մեր տարածաշրջանում հիմնականում գյուղական համայնքներ են, երկու քաղաք են` Արթիկ, Մարալիկ, մարդիկ իրար ճանաչում են, ցուցակային խնդիրը էս տարածքում քիչ է, հիմնականում դա մեծ քաղաքներն ու Երևանն է օգտագործում: Իսկ վարչական ռեսուրսն ամենաագրեսիվ, հասցեական ամեն մի ընտրողի, ամեն մի ընտանիքի համար աշխատում է: Երկրորդը քրեական տարրերը, երբ որ մտնում ես հատկապես փոքր գյուղեր՝ զգում ես, որ տեր տնօրենը քրեական տարրեր են, որովհետև նրանք ոչ միայն անձնագրերը հավաքագրել են, ցուցակագրել, խմբավորել են ընտրողներին, իհարկե վստահ եմ գյուղապետերի հետ համատեղ , եթե շահերը համընկնում են գյուղապետի և քրեական տարրերի»:

Այնուհետեւ պարոն Մակեյանն ասաց, որ կոալիցիոն բոլոր ուժերն առանց բացառության ` թե Հանրապետականը, թե «Հանրապետականի կցորդ, դուստր ձեռնարկությունը` «Օրինակ երկիրն» ու «Բարգավաճ Հայաստանը» զբաղված են ընտրակաշառք վերցնողների հավաքագրմամբ: Պարոն Մակեյանը դժգոհեց, որ իր ընտրատարածքում վարչական ռեսուրսների կեսն աշխատում է Հանրապետականի ու ՕԵԿ-ի թեկնածուների համար, նշենք, որ խոսքը Արթիկի քաղաքապետի ու ոստիկանապետի եղբայրների մասին է , իսկ ԲՀԿ-ի համար աշխատում են քրեական տարրերը:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահն արդեն հնչեցրել էր իր գնահատականները, երբ ուշացումով ներս մտավ ՕԵԿ-ական թեկնածու Հունան Պետրոսյանը, որից հետո նոր միայն սկսվեց բանավեճը:

Նշենք, բանավեճի կազմակերպիչը Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնն էր` ԱՄՆ-ի ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30