Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

« Միայն ասել` հարգեք գիտությունը, դեռ շատ քիչ է ». Արեգ Միքայելյան

Ապրիլ 28,2012 17:31


Հարցազրույց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանի հետ:

 

Ապրիլի 28-ն այս տարի նշվում է որպես աստղագիտության միջազգային օր: Չեխովն ասում էր՝ չկա ազգային գիտություն, ինչպես որ չկա բազմապատկման ազգային աղյուսակ: Չկա˚ ազգային գիտություն:

Ես էլ եմ կողմնակից, որ գիտությունը համազգային է, առնվազն` բնական գիտությունները, չնայած հասարակական գիտություններն էլ պիտի դրան ձգտեն: Օրինակ` հայագիտությունը նույնպես պետք է գնահատել միջազգային չափանիշներով, դրանից կբարձրանա թե՛ դրա մակարդակը և թե՛ միջազգային կարևորությունը: Մասնավորապես, արժե ավելի շատ թարգմանություններ կատարել, եթե բնօրինակները հայերեն են, այլապես տվյալ աշխատանքները կամ տվյալ գիտությունն ամբողջությամբ իսկապես կմնան ազգային մակարդակի վրա: Եթե մենք հպարտանում ենք հայ աստղագիտությամբ, ապա նշանակում է, որ այն իր ծանրակշիռ ներդրումն ունի համաշխարհային աստղագիտության մեջ: Ըստ իս` ամեն ինչ պետք է այդպես գնահատել: Գիտության ֆինանսավորման այսօրվա խայտառակ ցածր մակարդակի պայմաններում էլ մեր գիտնականները շարունակում են մնալ առաջատար դիրքերում, հատկապես եթե դիտարկում ենք հարաբերական չափանիշներով, այսինքն` արդյունքները գնահատում ենք գիտնականների քանակով:  Ինչ վերաբերում է մեր աստղագիտական ժառանգությանը, ինչը նույնպես հարստացնում է հայկական աստղագիտությունը, ապա իսկապես հպարտանալու տեղ ունենք. աստղագիտական բնույթի ժայռապատկերները, մեր հնագույն օրացույցը` Զորաց քարերը, Մեծամորի հնագույն աստղադիտարանը,  պատմական աղբյուրներում աստղագիտական բնույթի հիշատակությունները, Անանիա Շիրակացու ժառանգությունը, երկնքի միջնադարյան քարտեզները և այլն: Ամեն ազգ չէ, որ կարող է համեմատվել նման ժառանգությամբ, ընդ որում` նույնը վերաբերում է նաև ժամանակակից աստղագիտությանը:

 

-Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2010թ. գիտական հաշվետվության աշխարհում գիտության վիճակի վերաբերյալ՝ աստղաֆիզիկայի բնագավառի գիտնականները շատ ակտիվ են եղել 2000-2008 թվականներին: Ինչպիսի˚ն է աստղաֆիզիկոսների ակտիվությունն այսօր:

Աստղագիտությունն այսօր թերևս ամենաբուռն զարգացող գիտությունն է: Դա պայմանավորված է համարյա բոլոր գիտությունների համար Տիեզերքից ստացվող տվյալների և տեղեկատվության կարևորությամբ: Տիեզերքը մի հսկայական լաբորատորիա է, որտեղ տեղ են գտել նյութի և էներգիայի ամենատարբեր գոյաձևեր և ֆիզիկական ամենատարբեր վիճակներ: Նրա ուսումնասիրությունը հատկապես կարևոր է նյութի և ֆիզիկական պարամետրերի ծայրահեղ գոյավիճակների տեսանկյունից. այստեղ առկա են խտությունների, ջերմաստիճանների, արագությունների և այլ ֆիզիկական մեծությունների թե՛ ամենացածր և թե՛ ամենաբարձր հնարավոր արժեքները, որոնք երկրային պայմաններում ստանալը պարզապես անհնար է: Ավելին, աստղագիտության և այլ գիտությունների եզրագծին ստեղծվում են նոր բնագավառներ` աստղամասնիկային ֆիզիկա, աստղակենսաբանություն, աստղաքիմիա, որոնք կարևոր են Տիեզերքի և նրանում կյանքի առաջացման ու զարգացման ուսումնասիրության համար: Վիկտոր Համբարձումյանի խոսքով` աստղագիտությունը պետք է դառնա 21-րդ դարի կարևորագույն գիտությունը, քանի որ այն նաև աղբյուր է հանդիսանում բազմաթիվ այլ գիտությունների համար, ինչպես նաև` մարդկային գործունեության ընդլայնման հնարավորություններ է տալիս: Մեր աստղաֆիզիկոսների ակտիվություն էլ պայմանավորված է մեր գիտության միջազգային կարևորությամբ: Ցավոք, նույնը չի կարելի ասել մեր պետության և հասարակության վերաբերմունքի մասին:

 

-Գիտնական, ֆիզիկոս Վավիլովի կարծիքով՝ գիտության տեսակարար կշիռը երկրում որոշվում է ոչ միայն պետական բյուջեով հատկացվող միջոցներով, հետազոտական ինստիտուտների թվով, այլ ամենից առաջ գիտական գործիչների մտահորիզոնով, նրանց գիտական թռիչքի բարձրությամբ:

Գիտության տեսակարար կշիռը երկրում որոշվում է ոչ միայն պետական բյուջեով հատկացվող միջոցներով, բայց նաև դրանով: Հայ գիտնականների պահանջը՝ գիտությանը հատկացվող պետական ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 1 տոկոսի իրատեսակա˚ն եք համարում:

Այո, իհարկե: Lիովին համաձայն եմ Վավիլովի դրույթի հետ, մանավանդ, եթե խոսում ենք գիտության հեղինակության մասին` որպես տեսակարար կշիռ բարոյական իմաստով: Այդ գործում մեր գիտնականներն էլ լուրջ դեր ունեն խաղալու: Միայն ասել` հարգեք գիտությունը, դեռ շատ քիչ է: Հասարակությունը պետք է հասկանա, թե ինչի համար հարգի: Դա նշանակում է, որ մեր գիտական արդյունքները պետք է հանրամատչելի ձևով ներկայացվեն հասարակության լայն շրջանների, առավել ևս` ցույց տրվի նրանց օգտակարությունը, ներդրման հնարավորությունը կամ թեկուզ զուտ ճանաչողական նշանակությունը:

Օրինակ, եթե համեմատենք աստղագետի և հետաքննիչի աշխատանքը, ապա վերջինս իրականությունը պարզելու համար աշխատում է իրեղեն ապացույցների հետ, հարցաքննում է վկաներին, կարող է փորձաքննություն կազմակերպել և այլն: Աստղագետներս` հնարավորություն չունենալով մոտենալ տիեզերական մարմիններին, աշխատում ենք հեռավոր աստղերից և գալակտիկաներից հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր տարիներ ճանապարհորդած և բազմաթիվ աղավաղումների ենթարկված ճառագայթման հետ, դրանով պարզում ենք այնտեղ տեղի ունեցող ֆիզիկական գործընթացները, այդ տիեզերական մարմինների ֆիզիկական վիճակը, կառուցում տեսություններ, հասկանում Տիեզերքի կառուցվածքը և էվոլյուցիան: Իհարկե, հարգելով նաև հետաքննիչի աշխատանքը և մասնագիտական գիտելիքները, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ աստղագետի գործը տասնապատիկ անգամ ավելի բարդ է և բացառիկ: Սակայն այդ երկու մասնագետների վարձատրության տարբերությունն ակնհայտ է (հակառակ իմաստով): Սակայն մեր երկրում ամեն ինչ շրջված է. բոլորովին չի գործում այն տնտեսագիտական օրենքը, որ ինչը քիչ կամ հազվագյուտ է` ավելի թանկ է, ինչպես նաև այն, որ աշխատավարձը որոշվում է տվյալ մասնագետի պատրաստման մեջ ներդրված գումարով և մասնագիտության բարդությամբ: Ինչ վերաբերում է հայ գիտնականների պահանջին`գիտությանը հատկացվող պետական ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 1 տոկոսի, ապա այն նույնպես լիովին իրատեսական եմ համարում, քանի որ չեմ կարծում, թե այդ խղճուկ ֆինանսավորումը 4 անգամ ավելացնելը մեր պետական բյուջեում լուրջ «ճեղքվածք» կտա: Չէ՞որ դա չնչին տոկոս է: Իսկ ուշացնելը կարող է մեր երկիրն անվերադարձ գլորել հետամնաց երկրների շարքը: Այդ իմաստով սա նույնիսկ ազգային և պետական կարևորության հիմնախնդիր է:

 

-Վերջերս ՆԱՍԱ-ի «Հաբլ» աստղադիտակից նկարված պատկերը բազում քննարկումների առիթ տվեց: Նկարում արտացոլված աստղային համակարգից ձևավորված պատկերը հիշեցնում է մարդու կերպարանք, ինչը միլիոնավոր մարդկանց ստիպել է ենթադրել Աստծո պատկերի մասին: Ընկերության աստղագետները կարծում են, որ NGC 1316 գալակտիկայի արված պատկերը առաջացել է երկու պարուրաձեւ գալակտիկաների բախման հետեւանքով: Ինչպիսի˚ն է Ձեր մեկնաբանությունը:

Գալակտիկաների, ինչպես նաև միգամածությունների նման պատկերներ շատ կան, ինչն էլ առիթ է տվել դրանց տալ տարատեսակ ծանոթ (երկրային) անվանումներ` Ձկնկուլ, Հյուսիսային Ամերիկա, Ձիու գլուխ, Խեցգետնաձև, Խխունջ և այլ միգամածություններ, Սոմբրերո, Ջրապտույտ և այլ գալակտիկաներ: Տիեզերական մարմիններն ու պատկերներն այնքան բազմաքանակ են, որ բնականաբար, դրանցից շատերը նույնիսկ պատահական նկարվածքի դեպքում էլ կարող են նմանվել մարդու կամ որևէ կենդանու, ինչպես օրինակ` հաճախ տեղի է ունենում ամպերի դեպքում: Այնպես որ այստեղ ոչ մի «աստվածային» բան էլ չկա: Ինչ վերաբերում է  աստղագետների մեկնաբանությանը, իրոք ժամանակակից ամենատարածված տեսակետն է, որ նման գալակտիկաներն առաջանում են երկու (կամ ավելի) գալակտիկաների բախման (կամ ինչպես հաճախ ասում են` միաձուլման) հետևանքով: Ի դեպ, կա նաև այլընտրանքային` Համբարձումյանի (կամ բյուրականյան) տեսակետը, ըստ որի` դրանք գալակտիկաների փլուզման` մասնատման դեպքեր են: Այս հակադիր տեսակետների պայքարում էլ կարող է պարզվել իրականությունը, քանի որ ճշմարտությունը ծնվում է հենց գիտական բանավեճի շնորհիվ:

 

-Հայտնի աստղաֆիզիկոսներից մեկի խոսքով՝ գիտությունն անհրաժեշտ է ժողովրդին: Այն երկիրը, որը չի զարգանում, անխուսափելիորեն վերածվում է գաղութի: Ի˚նչ պետք է անել Հայաստանը գաղութացումից փրկելու համար:

Իհարկե, լիովին համամիտ եմ: Այդպես էլ կա ներկայիս Հայաստանի դեպքում: Եվ դա առավել ցավալի է, քանի որ գոնե Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի գիտական և կրթական մակարդակը աշխարհում միջինից շատ բարձր էր: Այսօր էլ ինչ ունենք, փաստորեն, դեռ խորհրդայինից մնացածն ենք վայելում: Հիմնարար գիտությունը (այդ թվում և աստղագիտությունը) չի կարող վայրկենական շահույթ ապահովել. դրա արդյունքները հաճախ հասկացվում, մշակվում և ներդրվում են տասնամյակներ անց, սակայն առանց հիմնարար գիտության` չի կարող լինել և կիրառական գիտությունը և չեն կարող զարգանալ տեխնոլոգիաները: Քաղաքակիրթ աշխարհում հասկանում են, որ իրենց երկրները պետք է գոյատևեն և զարգանան նաև 10, 20 կամ 30 տարի հետո, հետևաբար մեծ կարևորություն են տալիս նաև հիմնարար գիտությանը: Այս ամենի վկայությունն է նաև, որ աշխարհի բոլոր զարգացած պետություններում էլ աստղագիտությունը հարգված մասնագիտություն է, և աստղագետները (ինչպես նաև մյուս գիտնականները) հասարակության վերնախավն են: Նրանք բարձր են գնահատվում և վարձատրվում: Ավելին, լինելով բավականաչափ թանկ գիտություն (թանկարժեք սարքավորումների անհրաժեշտության պատճառով), աստղագիտությունն այնուամենայնիվ շարունակում է զարգանալ և ավելի ու ավելի է կարևորվում: Եթե մենք ցանկանում ենք համարվել քաղաքակիրթ երկիր և քաղաքակիրթ ազգ, ապա գիտության և ընդհանրապես մշակույթի նկատմամբ վերաբերմունքը պետք է կտրուկ փոխել: Սրանք են մեր իրական ազգային արժեքները, որոնցով կարող ենք ներկայանալ աշխարհին և համամարդկային արժեքների մեջ ներդրում ունենալ: Իհարկե, հայ աստղագիտությունն ու նրա նվաճումները միջազգային ասպարեզում մրցունակ են և, կարելի է ասել, որ Հայաստանը` չնայած իր փոքր տարածքին, բնակչությանը և տնտեսական զարգացման մակարդակին, այնուամենայնիվ աշխարհի զարգացած աստղագիտական երկրներից մեկն է: Ինչ խոսք, ներկայումս ավելի ու ավելի դժվար է դառնում դիմակայել միջազգային մրցակցությանը, մանավանդ որ բազմաթիվ երկրներ խոշոր ներդրումներ են կատարում աստղագիտության զարգացման համար, իսկ Հայաստանում ոչ միայն չկա գիտության նկատմամբ պատշաճ մոտեցում, այլև նույնիսկ չենք պահպանում ունեցածը: Օրինակ, մեր տարածաշրջանում որոշ պետություններ շուտով կարող են Հայաստանից առաջ անցնել: Թուրքիան, Իրանը, արաբական երկրները և նույնիսկ Ադրբեջանն ամեն ինչ անում են, որ իրենց մոտ առանձնապես հաջողություններ չունեցող աստղագիտությունն (և բոլոր գիտությունները) աստիճանաբար առաջին պլան դուրս գան և դրանով կարողանան ներկայանալ քաղաքակիրթ աշխարհին: Իհարկե, մենք դեռևս ունենք մի շարք հանգամանքներ, որոնք միանշանակ ապացուցում են Հայաստանի առաջատար դերն առնվազն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Կարծում եմ, որ հատկապես կարևոր է ամրապնդել Հայաստանի հենց տարածաշրջանային դերը: Հայաստանի գիտությունը և մասնավորապես Բյուրականի աստղադիտարանը պետության կողմից համապատասխան վերաբերմունքի դեպքում կարող են ապահովել մեր երկրի տարածաշրջանային նշանակությունը և միջազգային հեղինակությունը և բազմաթիվ գործնական օգուտներ բերել: Սա Հայաստանը գաղութացումից փրկելու միակ ճանապարհն է, ընդ որում, մենք ունենք գիտությունը զարգացնելու բոլոր նախադրյալները թե՛ առայժմ գործող գիտական կենտրոնների, թե՛ գիտական ներուժի տեսքով և թե՛ մեր ժողովրդի ստեղծագործական հզոր մտքի շնորհիվ:

 

Նունե Հովսեփյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30