Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մենք կարող ենք գտնել այն ոլորտները, որտեղ Հայաստանը կլինի լավագույնը աշխարհում. վարչապետ

Ապրիլ 28,2012 15:05

Հայաստանի ազգային մրցունակությունը կարևորագույն մարտահրավեր է և մենք պետք է գտնենք մեր երկրի հարաբերական առավելությունները՝ Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա որպես մրցունակ երկիր ներկայացնելու համար: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է «Նորարություն, մրցունակություն և տնտեսական աճ» թեմայով համաժողովի ընթացքում: «Մենք պարտավոր ենք այսօր մրցակցության դաշտում ներդնել ամուր հիմքեր՝  դիմակայելու և հարաբերական առավելություն ունենալու համար: Դա նշանակում է, որ մենք պետք է մտածենք գլոբալ կերպով, հասկանանք, թե որն է ժամանակակից աշխարհի զարգացման հիմնական շարժիչը, ինչ տրամաբանությամբ է զարգանալու աշխարհը և այդ կանխատեսումների ներքո էլ նկարագրենք Հայաստանի այսօրվա տեղը և դերը: Այդ առումով, համաշխարհային ֆինանստնտեսական ճգնաժամը բացահայտում է առկա խնդիրները, ցույց է տալիս մեր պետության, տնտեսության, հասարակական և քաղաքական համակարգերի ուժեղ և թույլ կողմերը, և ստիպում է մեզ նոր ուղղություններ որոնելիս  դասեր քաղել ճգնաժամից»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարը մրցակցություն է ինտելեկտուալ և նոր գիտելիքի ստեղծման բնագավառներում, իսկ այդ մրցակցության մեջ հաղթում են այն երկրները, որոնք մեծ ուշադրություն են դարձրել գիտելիքին, ստեղծել են գիտական ուսումնասիրությունների համար անհրաժշետ ենթակառուցվածքներ: «Այս տարիների ընթացքում անցնելով բազմաթիվ փորձությունների միջով՝ մենք պետք է և կարող ենք գտնել այն ոլորտները, որտեղ կարող ենք մասնագիտանալ և լինել լավագույնը աշխարհում».- նշել է վարչապետը:

Անդրադառնալով պետություն մասնավոր համագործակցությանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ Ազգային մրցունակության խորհուրդը հենց այդ մեթոդաբանության կիրառման առարկան է: Ստեղծվել է մի կառույց, որը պետք է միավորի պետության և մասնավորի կարողությունները՝ ազգային մրցունակության խնդիրները լուծելու ժամանակ: Կառավարության ղեկավարն ասել է, որ խորհուրդն առաջարկում է օգտագործել պետական միջոցները՝ տարբեր ծրագրերը մասնավոր հատվածի համաֆինասավորմամբ և կարողությունների օգտագործմամբ իրականացնելու համար: «Այս կառույցի նպատակն է երկրի մրցունակության բարձրացման համար օգտագործել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ  աշխարհում սփռված հայկական ներուժը: Դրա համար Ազգային մրցունակության խորհրդի կազմում ընդգրկվել են այնպիսի մարդիկ, որոնք տարբեր երկրներում իրենց ոլորտներում հասել են հաջողության»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ պետություն-մասնավոր համագործակցության մոտեցումը տարբեր երկրներում բերել է հաջողություններ: Այդ առումով, պետությունը մասնավորի հետ ստեղծել է համագործակցության նոր հարթակ, որտեղ հաշվի առնելով հարաբերական առավելությունները՝  արտահանման ներուժ ունեցող 11 ուղղություններով կանխորոշվում են երկրի ճյուղային զարգացման հեռանկարները և կայացվում կարևորագույն որոշումներ: «Այստեղ պետությունը որոշումներ կայացնելիս չի գերիշխում, հակառակը՝ օժանդակում է, որպեսզի այդ որոշումները կայացնեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Պետությունն ընդամենը պարտավորություն է ստանձնում՝ օժանդակել ծրագրերին: Այդ առումով, մրցակցային պայմանները բոլոր ճյուղերի համար մնում են հավասար»,- ասել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ ժամանակակից աշխարհում արտադրողականության աճի բարձրացման ամենահզոր ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառն է, որը ներխուժել է բոլոր ճյուղերի մեջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏՏ-ն վերջին տարիների ընթացքում մեր երկրում դինամիկ զարգացում է ապրում, վարչապետ հույս է հայտնել, որ նրա ներուժը կօգտագործվի վերը նշված 11 ճյուղերում:

«Միաժամանակ, մրցունակ լինելու համար պետք է ունենանք մրցունակ կրթական համակարգ: Մենք պետք է կառուցենք գիտելիքբուհական համակարգարտադրություն շղթան: Դա նշանակում է, որ համագործակցությունը կրթական հաստատությունների հետ ունենալու է էական նշանակություն: Այն պետությունները, որոնք կկարողանան կառուցել արդյունավետ կրթական համակարգ՝ հնարավորություն կստանան ապահովել իրենց մրցունակությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը համաժողովի ընթացքում ներկայացրել է Վճարումների պետական էլեկտրոնային համակարգը, որը գործարկվել է ապրիլի 28-ին: Էլեկտրոնային կառավարման նոր գործիքը հնարավորություն կտա քաղաքացիներին իրենց պետական վճարումները կատարել էլեկտրոնային եղանակով և բանկային Arca ու Master քարտերի միջոցով:
«Ընդհանուր առմամբ համակարգում ներառված են 1500 տեսակի վճարումներ՝ տուգանքներ, պետական տուրքեր, ծառայությունների վճարներ և այլն: Երևանի, Գյումրու և Վանաձորի քաղաքապետարանները ևս իրենց տեղական վճարումները  կկազմակերպեն այս համակարգով»,– ասել է Դավիթ Սարգսյանը: Կառավարության աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ այս համակարգի ներդրման արդյունքում էապես կնվազեն նաև գանձնվող միջնորդավճարները. օրինակ 2-3 հազար դրամանոց վճարման դեպքում որպես միջնորդավճար քաղաքացուց կգանձնվի ընդամենը 8-10 դրամ:

Վճարումների պետական էլեկտրոնային համակարգը քաղաքացիներին հասանելի կլինի e-payments.am հասցեով:

Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցչությունը, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30