Թիվ 7 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպին ՄԻՊ-ը դեռ չի կարող տալ կոնկրետ գնահատական: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ բացատրելով, որ դեռ սպասում են իրավապահ մարմինների գնահատականներին:
Aravot.am-ի հարցին՝ դուք անկախ մարմին եք, որեւէ գնահատական տալու համար ինչո՞ւ եք սպասում ոստիկանության գնահատականներին, դուք ինչո՞ւ չեք տալիս Ձեր գնահատականը, տեսել եք տեսանյութերը, ինչո՞ւ եք ուզում համաձայնեցված բան ասել՝ պետական մարմնի հետ՝ Կ. Անդրեասյանը պատասխանեց. «Որովհետեւ ուզում եմ օրենքը պահել, ես իրավունք չունեմ գնահատական տալ անմիջապես, պետք է ստանալ պետական մարմնի դիրքորոշումը: Եթե որեւէ մեկը ուզում է դա չանենք, պետք է փոխել օրենքը: Պետական մարմինն իրավունք չունի ինձ չպատասխանել, չի կարող խախտել այն վերջնաժամկետը, որը ես սահմանել եմ»:
ՄԻՊ-ը նաեւ նշեց, որ իրենց գրասենյակ դիմել են Հակոբ Հակոբյանը, Գայանե Առուստամյանը: Շատ դիմումներ են ստացել ընտրացուցակներում լինել-չլինելու խնդրի հետ կապված եւ ՄԻՊ-ի օգնությամբ կոնկրետ մարդկանց ընտրելու իրավունքը վերականգնվել է: Եղեգնաձորում եւ Տավուշում ահազանգ է եղել, որ դպրոցն ու բուժհաստատությունը չեն գործել, գրասենյակի ներկայացուցիչները եղել են դեպքի վայրում. «Մենք ֆիքսել ենք, կա վարույթ, երկու դեպքում էլ ուղարկել ենք մարզպետարան համապատասխան գրություն: Ստանալով նրանց պատասխանը՝ մենք կկարողանանք վերջնական պատասխան տալ սրան»:
Ահազանգեր են եղել նաեւ ընտրակաշառքի հետ կապված. «Մենք կատարում ենք հարցումներ եւ դրդում, որ ոստիկանությունը գործ հարուցի եւ գոնե մեկ պատիժ ունենանք՝ ընտրակաշառք բաժանողի նկատմամբ: Մեզ պետք են աղբյուրներ, մենք լսել ենք, որ մեկը տեսել է, որ մյուսը տվել է՝ նման միջնորդավորված բողոքներ մի ասեք: Մեզ պետք է գոնե զրուցել առաջնային աղբյուրի հետ: Ի տարբերություն դատախազության, մենք չենք ասում բերեք տեսանկարահանված դեպքը, լուսանկարներ, բայց մենք ասում ենք, որ գոնե բերեք առաջնային աղբյուր»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ