Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դոմինգոն 26 տարեկանում է «խախտել» օրենքը, իսկ Այվազյանը՝ 23-ում

Ապրիլ 28,2012 13:10

Իսպանացի հռչակավոր տենոր Պլասիդո Դոմինգոյի կողմից 1993-ին հիմնված Operalia մրցույթը ամեն տարի անց է կացվում աշխարհի որեւէ քաղաքում: Ժամանակին այս մրցույթին մասնակցել են Հայաստանից եւ հայազգի արվեստագետներ, այդ թվում՝ Ռոզի Անուշը, Նարինե Եղյանը, Մայքլ Քառլիյանը, Առնոլդ Քոչարյանը եւ ուրիշներ: Դոմինգոն մշտապես հայտարարում է, որ մրցույթը հիմնել է ոչ միայն բացահայտելու նոր ձայներ, այլեւ այնպիսի անհատականություններ, ովքեր վաղը կդառնան օպերային աստղեր: Այս տարի հունիսին Չինաստանում կայանալիք հիշյալ մրցույթի հրավեր է ստացել Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակակիր, տենոր Հովհաննես Այվազյանը (լուսանկարում): Նրա վաղօրոք ուղարկած ձայնագրություններն արժանացել են ժյուրիի հավանությանը ու այսպիսով իրավունք ընձեռել հայ երգչին՝ ընդգրկվել ընտրված 40 մասնակիցների թվում:

Օրերս էլ Հովհաննես Այվազյանը իր կոլեգա, բարիտոն Դավիթ Բաբայանցի հետ հանդես է եկել Կանադայի Richmond Hill  թատրոնում՝ Պուչինիի «Տոսկա» օպերային բեմադրության մեջ:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Հովհաննեսն ասաց, որ կանադական հրավերը ստացել են տեղի «Օպերա-բելկանտո» կազմակերպության կողմից, որի գեղարվեստական ղեկավարը ճանաչված օպերային երգիչ Դավիթ Վարժապետյանն է: Հավելեց նաեւ, որ այս կազմակերպության հրավերով նա երրորդ անգամ է բեմ բարձրանում Կանադայում. «Առաջին անգամ հանդես եմ եկել Ալֆրեդի դերերգով (Վերդի՝ «Տրավիատա»), անցած տարի էլ մարմնավորել եմ Կանիոյի (Լեւոնկավալո՝ «Պայացներ») եւ Թուրիդուի (Մասկանի՝ «Գեղջկական պատիվ») կերպարները»:

Ազգային օպերային թատրոնում, որի մեներգիչն է 2008 թվականից, Հովհաննես Այվազյանը զբաղված է Վերդիի «Աիդա», «Տրավիատա», Հարությունյանի «Սայաթ-Նովա» ներկայացումներում: Տենորին հաճախ կարելի է հանդիպել նաեւ երեւանյան համերգային բեմերում՝ ֆիլհարմոնիկ, երիտասարդական եւ այլ նվագախմբերի հետ: Նա համերգային ուղեւորություններ է ունեցել Ռուսաստան, Իտալիա, Բուլղարիա:

Օպերային արվեստում կան դերերգեր, որոնց երգիչներն անդրադառնում են միջին տարիքում, ասենք՝ 40-ից հետո, ինչն արվում է ձայնը պահպանելու նպատակով: Տենորի համար նման դերերգերից է, օրինակ, Կանիոն, որը մեր զրուցակից երիտասարդ երգիչը կատարել է 23 տարեկանում: Այս առիթով Հովհաննես Այվազյանը նախ կատակեց, թե բոլոր օենքներում կան բացառություններ, հետո էլ հավելեց, թե Ռադամեսի (Վերդի՝ «Աիդա») դերերգը Դոմինգոն կատարել է 26 տարեկանում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30