Լրահոս
Օրվա լրահոսը

Գոտիս եմ ձգում, որ «գրիժաս» չպայթի

Ապրիլ 28,2012 13:08

«Երեւան ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեսի եւ «Երեւան ջուր» ՓԲԸ «Արեւմուտք» շահագործման տնօրինության Շենգավիթ տեղամասի խմելու ջրի բաժնի բանվոր Վրեժ Աթաբեկյանի միջեւ կնքվում է լրացուցիչ համաձայնագիր: Դրանով փոփոխություններ էին կատարվել աշխատանքային պայմանագրի հոդվածներում: Նախատեսվում էր, որ փետրվարի 1-ից գործատուն աշխատողի համար սահմանելու է 5-օրյա աշխատանքային շաբաթ՝ երկու հանգստյան օրով, իսկ աշխատանքային ժամերն էլ 9-18.00-ն էր՝ 1 ժամ ընդմիջումով՝ ժամը 13-14-ը: Սահմանվել էր ամսական 110 հազար դրամ աշխատավարձ: Նկատենք, որ 2009թ. մարտի 1-ի համաձայնագրով նույն գործատուն տալիս էր 97 հազար դրամ աշխատավարձ:

Վրեժ Աթաբեկյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ 2003թ. նոյեմբերի 4-ից աշխատանքի է անցել «Երեւանի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում՝ որպես վթար վերացնող բանվոր: Մինչ այդ նա աշխատել է համատիրության գլխավոր ինժեներ, «Եռանկյունի» համատիրության ճարտարագետ: Նյութական վիճակից ելնելով՝ Աթաբեկյանը հանձն է առնում աշխատել որպես բանվոր: Սակայն անցյալ տարվա փետրվարի 8-ից մինչեւ հուլիսի 20-ը նա իր աշխատանքային ընկերների հետ ոչ միայն իրականացնում է իրենց պայմանագրով նախատեսված աշխատանքները, այլ Շենգավիթի վարչական շրջանի Նորագավիթի 10 փողոցի, Սողոմոն Տարոնցի, Շիրակի, Շարուրի, Արարատյան, Չեխովի, Արտաշիսյան փողոցների ջրագծերի փականների տեղադրման, դիտահորերի, ինչպես նաեւ «Վստրեչի» կամրջի տակ գտնվող վերգետնյա ջրագծի կառուցման նպատակով արտաժամ աշխատում է: Ի դեպ, «Վստրեչի» ջրագծի կառուցման ժամանակ վերամբարձ կռունկ չի աշխատել եւ աշխատանքն իրականացվել է բանվորների ուժերով: Վ. Աթաբեկյանը ստացել է ճողվածք: Սակայն աշխատանքի դիմաց վճարվում է միայն պայմանագրով նախատեսված աշխատավարձը, իսկ, զրուցակցիս տեղեկացմամբ՝ գիշերային արտաժամյա աշխատանքը, որը կազմում էր 1050 ժամ, չի վճարվում:

Ըստ Վ. Աթաբեկյանի, «Երեւան ջուրը» իրեն պարտք է մնում 1 մլն 55 հազար 500 դրամ գումար: «2003-2011-ը եթե ես ոչ մի անգամ արձակուրդ ամռանը չէի վերցրել, ապա առողջական վիճակիս կտրուկ վատթարացման պատճառով, անցյալ տարվա հուլիսի 20-ից գնացի արձակուրդ, որից հետո, համաձայն իմ դիմումի՝ ազատվեցի աշխատանքից: Այդ ստրկական, հյուծիչ աշխատանքի հետեւանքով (մինչեւ 14 ժամ օրական) ձեռք բերեցի ձախ աճուկի ճողվածք, որի դիմաց ստացա 26.000 դրամ»,- ասում է Վ. Աթաբեկյանը:

Ի դեպ, Վ. Աթաբեկյանը դիմում է ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը, ինչպես նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Աշխատանքի պետական տեսչության իրավաբանական վերահսկողության բաժնից 2 տարբեր պատասխաններ են տալիս՝ 08.09.2011 եւ 30.09.2011: Առաջինում պատասխանում են, որ աշխատանքային օրենսդրության խախտումներ չեն արձանագրվել, եւ Վ. Աթաբեկյանն անհիմն է բողոքում, իսկ երկրորդով ընդունում են, որ նա մասնակցել է մեծածավալ աշխատանքներին, բայց, ըստ Վ. Աթաբեկյանի՝ «մոռացության է տալիս, որ նման աշխատանքները ՀՀ-ում կատարում է միայն տենդերով շահած շինկազմակերպությունը, որը հաղթել է մրցույթում»:

Մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանին ուղղած իր բողոքում Վ. Աթաբեկյանը հայտնում է, որ Աշխատանքի պետական տեսչությունը չի նկատել իր հիմնավոր փաստարկները: Նա պահանջել էր հարցում անել բրիգադի անդամներին՝ մեկ առ մեկ, առանց պաշտոնատար անձանց ներկայության, հարցում անցկացնել նաեւ «հիմնարկի դարպասները բացող եւ փակող պահակներին, թե երբ է աշխատանքից վերադարձել վթարային անձնակազմը», հարցում կատարել Շենգավիթ համայնքի «Գավիթ» համատիրության նախագահին, թե արդյոք փետրվար-մարտին՝ գիշերվա ժամը 2-3-ի սահմաններում, ապամոնտաժվե՞լ է ավտոտնակ, ովքե՞ր են եղել կատարողները, քանի՞ գիշեր են լուսացրել նույն բակում աշխատող բանվորները: Դիմումատուի գանգատում նաեւ նշվել էր. «Շենքի բնակիչների կողմից բանվորներին տրվել է տաք թեյ, ցամաք հաց, վառելափայտ՝ տաքանալու, ինչպես նաեւ ուժերը վերականգնելու համար»:

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Վ.Աթաբեկյանին տեղեկացրել էին, որ դիմումը ուղարկվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ ընթացք տալու համար:

Ըստ Վ. Աթաբեկյանի, ամիսներ շարունակ իրենց բրիգադը կատարել է գիշերային արտաժամյա աշխատանք՝ իրար հաջորդող 5 ամիսների ընթացքում, որը գերազանցել է 10-12 ժամը, մինչդեռ արտաժամյա աշխատանքի տեւողությունն իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցեր 4 ժամը՝ համաձայն գործող Աշխատանքային օրենսգրքի:

Վ. Աթաբեկյանը արտաժամյա աշխատանքի դիմաց չի կարողանում իր գումարը ստանալ եւ մտադիր է դիմել դատարան՝ իրավական լուծում ստանալու համար: «Եթե պաշտոնյաները մեր նմանների հաշվին տռզելով գոտիներն են թուլացնում, ապա ես ստիպված այն ձգում եմ, որպեսզի գրիժաս չպայթի»,- ասում է Վ. Աթաբեկյանը, որը մտադիր է հասանելիք գումարը ստանալով՝ լուծել վիրահատության հարցը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30