Երեկ «Նորաշեն-2007» կոոպերատիվից տուժած քաղաքացիներից մի քանիսը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեցին: Նրանք 1 տարուց ավելի է՝ քննչական մարմինների, դատարանների դռներն ընկած՝ փորձում են վերադարձնել իրենց պատկանող բնակարանները: Մեծ դժվարությամբ գումարներ հայթայթած ու մեկ օրում բնակարանը կորցրած բնակիչներից մեկը՝ Մխիթար Համբարձումյանը, որի բնակարանը ներկայումս գտնվում է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ու նրա ամուսնու՝ Էջմիածնի հարկայինի նախկին պետ Դավիթ Բեգլարյանի ձեռքին, նիստը վարող դատավոր Վազգեն Ռշտունուն հանգամանալից նկարագրել է, թե ինչպես է մի օր պարզել, որ իր բնակարանը Նաղդալյանների ընտանիքի մոտ գրավադրված է: «Առավոտի» հետ զրույցում Մխիթար Համբարձումյանը վստահեցրեց, որ մի քանի անգամ բնակիչները հանդիպել են Դավիթ Բեգլարյանի հետ, բանակցել, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել: Մ. Համբարձումյանը դատարանին էլ է պատմել, որ Դ. Բեգլարյանն ամենասկզբում բնակարանը հետ տալու համար իրենից $5 հազար է պահանջել՝ հորդորելով իր ընտանիքի անդամների անունները այս պատմության մեջ չշահարկել, սակայն երբ բնակիչները հրաժարվել են իրենց բնակարանների համար անտեղի գումարներ վճարել, այն դեպքում, երբ նրանք կոոպերատիվի տերերին տան ողջ գումարն արդեն վճարել են, բնակիչների խոսքերով՝ տիկին Նաղդալյանն իրենց հետ սկսել է «չորով խոսել»: Դատավարության ընթացքում «Նորաշեն-2007» կոոպերատիվի տերերից մեկը՝ Արմեն Թադեւոսյանը, որը ներկայումս կալանքի տակ է, ամեն դատական նիստին բացահայտ հայտարարում ու պնդում է, որ տիկին Նաղդալյանի ամուսնու մոտ 14 բնակարան են գրավադրել՝ $300 հազարի եւ դրա տոկոսների դիմաց: Ա. Թադեւոսյանը երեկվա նիստում վկա Մ. Համբարձումյանին հարցրել է՝ Դավիթ Բեգլարյանը ձեզ սպառնացե՞լ է: Ի պատասխան՝ վկան դատարանին պատմել է. «Ինձ անձամբ չի սպառնացել, քանի որ բնակիչների հետ քաղաքից դուրս նրա առանձնատանը հանդիպման ժամանակ ես ներկա չեմ եղել, բայց բնակիչները պատմել են, որ տիկին Հերմինեն մատը տնկելով նրանց վրա՝ ասել է. «ես թուրք գյուլլող կին եմ, չհամարձակվեք իմ դեմ դուրս գալ»:
Հարցաքննության ընթացքում կոոպերատիվի տերերն էլ են հայտարարել, որ որպես շենքի բնակիչ Մխիթարին են ճանաչում: Իր ցուցմունքում այս վկան հայտնել է, որ բնակարանում ինքն է աշխատանքներ կատարել, եւ երբ շենքի հետ կապված այս խառը պատմությունները սկսվել են, կոոպերատիվի տերերը իրեն հայտնել են, որ բնակարանն իրականում նրան է պատկանում, բայց ժամանակավոր, տոկոսով գումարի դիմաց գրավ են դրել Դ. Բեգլարյանի մոտ:
Նշենք, որ այսօր հարյուրավոր բնակիչների բնակարաններ տոկոսով գումարների դիմաց գրավադրված են նաեւ այլ անձանց մոտ, որոնց քննչական մարմինը, բացի Դ. Բեգլարյանից, ճանաչել է վաշխառու:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ