Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Բաղդասարյանի հետ ֆինանսական խնդիրներ չեն եղել»

Ապրիլ 28,2012 13:03

 Ասում է ՕԵԿ համամասնական ցուցակից ինքնաբացարկ հայտնած Մհեր Համբարձումյանը 

Օրերս ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 18-րդ տեղը զբաղեցնող Մասիսի տարածքային կառույցի ղեկավար Մհեր Համբարձումյանը ինքնաբացարկի դիմում ներկայացրեց եւ դուրս եկավ ընտրապայքարից: «Առավոտը» ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանից հարցում արեց ինքնաբացարկի պատճառների մասին: Պարոն Ամիրյանը պատասխանեց, որ դա կուսակցության քաղխորհրդի որոշման արդյունք է, եւ, որ Համբարձումյանն զբաղվելու է ներկուսակցական այլ խնդիրներով: Հարցին, թե այդ դեպքում ինչու են կուսակցության նախընտրական պաստառները հանվել ընտրատարածքից, Ամիրյանը պատասխանեց՝ նման բան չկա, եւ հավելեց, որ, հավանաբար, ես ճիշտ չեմ ինֆորմացված: Պարզվեց, սակայն, որ պաստառներն, իրոք, հանված են: «Առավոտը» մի քանի օր փորձում էր լսել նաեւ Մհեր Համբարձումյանի մեկնաբանությունը, վերջինս, սակայն, անհասանելի էր: Իսկ մինչ այդ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Համբարձումյանի եւ ՕԵԿ նախագահի միջեւ առաջացել են ֆինանսական խնդիրներ, ավելի ստույգ՝ ՕԵԿ նախագահը հրաժարվել է Համբարձումյանին տալ նախընտրական ծախսերի այն մասը, որի մասին նախապես պայմանավորվել էին: Ըստ մամուլի՝ Համբարձումյանն էլ տեսնելով, որ Բաղդասարյանը իրեն «քցել է», զայրացել է եւ գնացել նման քայլի:

Երեկ վերջապես մեզ հաջողվեց հեռախոսազրույց ունենալ Մհեր Համբարձումյանի հետ:

– Պարոն Համբարձումյան, Դուք մի քանի օր է՝ անհասանելի եք, ի՞նչ է կատարվում Ձեր եւ կուսակցության միջեւ…

– Միանգամից ասեմ, որ ես անհասանելի չեմ, ես թաքնված չեմ, սովորականի պես ապրում եւ շրջում եմ Մասիսում, իմ տարածաշրջանում, եւ ոչ մի արտառոց բան էլ չի պատահել:

– Եթե արտառոց բան չկա, ապա ինչո՞ւ հանկարծ որոշեցիք ինքնաբացարկ հայտնել:

– Դա մեր ներքին խնդիրն է, հրապարակման ենթակա չէ:

– Իսկ մամուլում շրջանառվող այն լուրերին, որ Ձեր եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ ֆինանսական խնդիրներ են առաջացել, ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Բացարձակ նման խնդիր չի եղել եւ չկա: Դրանք փուչ խոսակցություններ են, մարդիկ սենսացիաներ են հորինում եւ տարածում: Ես տասը տարի շարունակ ՕԵԿ-ի Մասիսի տարածքային կառույցի ծախսերը հոգացել եմ, հոգում էի, եւ Արթուր Բաղդասարյանի աջակցության կարիքը այդ հարցում չի եղել: Մեր մեջ նման խնդիր չկա:

– Իսկ ինչո՞ւ են հանվել կուսակցության նախընտրական պաստառները, որտեղ Ձեր եւ Արթուր Բաղդասարյանի համատեղ նկարն էր:

– Շատ պարզ պատճառով, քանի որ ես այլեւս թեկնածու չեմ:

– «Առավոտին» տված նախորդ հարցազրույցում Դուք ասացիք, որ մեր երկրի ղեկին տեսնում եք միայն Սերժ Սարգսյանին: Հնարավո՞ր է, որ իշխանական կուսակցության ցուցակից դուրս գալով՝ Դուք հայտնվեք քաղաքական այլ դաշտում:

– Ես էլի եմ կրկնում, որ մեր երկրի ղեկին տեսնում եմ միայն Սերժ Սարգսյանին եւ, անկախ ամեն ինչից, առաջիկա նախագահական ընտրություններում իմ ողջ թիմով սատարելու եմ հենց Սերժ Սարգսյանին: Ավելացնելու ոչինչ չունեմ:

«Առավոտը» փոքրիկ հարցախույզ անցկացրեց մասիսցիների շրջանում՝ պարզելու, թե նրանք ի՞նչ են մտածում ՕԵԿ-ի հանված պաստառների եւ, առհասարակ, Մհեր Համբարձումյանի այս աղմկահարույց քայլի մասին: Հարցվածները, սակայն, ներքաղաքական այս խմորումները ոչ մի կերպ չէին կարողանում մեկնաբանել: Միայն ասում էին. «Մհերը հարգված տղա է՝ անկախ իր կուսակցական եւ քաղաքական գործունեությունից»:

 ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30