«Առավոտ»-ը երեկ պարզաբանում է ստացել թիվ 37 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Թաթուլ Հակոբյանի նախընտրական շտաբից, որ թերթի ապրիլի 26-ի համարում «Սաշիկ Սարգսյանն էլ ոչ մի անգամ չեկավ» հոդվածում անդրադարձ է կատարվել թիվ 37 ընտրատարածքում ինքնաառաջադրված Թաթուլ Հակոբյանին՝ նշելով, թե իբր նա վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հեռացվել է փոխնախարարի պաշտոնից: «Զարմանալի զուգադիպությամբ վերջին 2-3 օրերին Ձեր բնորոշմամբ «Սյունիքի հռչակավոր մարզպետը» թիվ 37 ընտրատարածքի գյուղական համայնքներում հանդիպումների ժամանակ իբրեւ հակաքարոզչություն նույն հայտարարությամբ է հանդես գալիս:
Ցանկանում ենք Ձեզ եւ Ձեր թերթի միջոցով տեղեկացնել ընթերցողներին եւ հատկապես վերջին օրերին խիստ անհանգստացած Սյունիքի մարզպետին, որ Թաթուլ Հակոբյանը մոտ ինը տարի փոխնախարարի պաշտոնում աշխատելուց հետո 2010թ. նոյեմբերի 9-ին, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից՝ առողջապահության համակարգին առնչվող խնդիրների շուրջ նախարարության կողմից իրականացվող քաղաքականության հետ գաղափարական եւ սկզբունքային տարաձայնությունների պատճառով»,- ասված է նամակում:
Հիշեցնենք, որ մամուլում բազմիցս անդրադարձներ եղան այդ թեմային, որ 2010 թվականի նոյեմբերի 9-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ առողջապահության երկու փոխնախարար, որոնցից մեկը Թաթուլ Հակոբյանն էր, ազատվեցին աշխատանքից: Դրան նախորդել էր վարչապետի քննադատությունը՝ ուղղված ոլորտի պատասխանատուներին: «Իր դիմումի համաձայն» ձեւակերպումն այս պարագայում ֆորմալ բնույթ է կրում: Պաշտոնը կորցնելուց ոչ շատ անց Թաթուլ Հակոբյանը հեռացավ նաեւ Հայաստանից: Այժմ նա աշխատում է Դանիայում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:
«Առավոտ» օրաթերթ