Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարեւոր եւ կարեւոր հարցեր

Ապրիլ 28,2012 12:41

Պարզ ասեմ, Սուրեն Զոլյանն ամենեւին աչքիս լույսը չի. ոչ նրա կառավարման մեթոդները, ոչ էլ քաղաքական հայացքներն ինձ դուր չեն գալիս, ինչի մասին «Առավոտը» բազմիցս գրել է այն ժամանակ, երբ նա զբաղեցնում էր ռեկտորի պաշտոնը: ԿԳ նախարարի հետ էլ նրա կոնֆլիկտի մեջ չեմ ուզում խորանալ՝ չնայած կարծում եմ, որ եթե դու պետական պաշտոնյա ես, պիտի ենթարկվես որոշակի կարգապահության: (Հենց այդ պատճառով էլ միշտ փորձել եմ խուսափել պետական ծառայությունից):

Բայց ռեկտորին աշխատանքից հանելուց հետո նրա վարքը եւ պաշտոնավարության առանձնահատկությունները քննարկելը, ինձ թվում է, անիմաստ է: Ի դեպ, ինձ արժանահավատ չեն թվում այն լուրերը՝ իբր նա հակադրվել է ԿԳ նախարար Աշոտյանին Ռոբերտ Քոչարյանի կամ Վիկտոր Սողոմոնյանի դրդմամբ: Ճիշտ, թե սխալ՝ պարոն Զոլյանը, վստահ եմ, խոսում է իր անունից եւ արտահայտում է իր սեփական մտքերը: Պարզ է, որ որպես ղեկավար՝ նա ինչ-որ մարդկանց՝ իր աշխատակիցներին նեղացրել է, կատարել է քայլեր, որոնք չեն համապատասխանել այդ մարդկանց շահերին: Այժմ դարձյալ կարեւոր չէ՝ ճի՞շտ է դա արել, թե՞ սխալ: Այսօր այդ բոլոր նեղացածությունները վեր հանելը եւ պատմելը, թե ինչպիսի մղձավանջ էր տիրում լեզվաբանական համալսարանում վերջին 15 տարվա ընթացքում, ինձ խիստ հիշեցնում է քաղաքական անցուդարձը՝ «նախորդ հանցավոր ռեժիմ», «ցրտի-մթի տարիներ», «մղձավանջ», «բռնապետություն» ու, ինչո՞ւ չէ, ԽՄԿԿ 20-րդ համագումար՝ Ստալինի «անձի պաշտամունքի» քողազերծմամբ:

Մյուս կողմից՝ ես չեմ հասկանում նաեւ դասադուլ անող ուսանողներին, որոնք ասում են, թե առանց Զոլյանի դասի չեն գա: Ես ենթադրում էի, որ մարդիկ դասի են գալիս՝ գիտելիքներ ստանալու եւ մասնագիտություն ձեռք բերելու համար: Երբ ես ուսանող էի, մենք էլ էինք շատ սիրում մեր ռեկտորին՝ Ղազարոս Սարյանին, բայց դժվար թե որեւէ մեկիս մտքով անցներ պնդել, որ մենք կոնսերվատորիա ենք գնում Լազար Մարտիրոսովիչի «խաթր»:

Եվ ամենակարեւորը. դա կապված չէ որեւէ անձի հետ, բայց դա պետք է հաշվի առնեն Հայաստանի բոլոր ռեկտորները, նախարարները, մեր երկրի ղեկավարները, մեր հասարակությունը: «Paying the Professoriate. A Global comperison of Compensation and Contacts» զեկույցում, որին անդրադարձել է, մասնավորապես, «Նյու Յորք թայմսը» , համեմատություն է անցկացվել 30 երկրների միջեւ, թե ինչպես են վարձատրվում դասախոսները: Առաջին հնգյակում են Կանադան, Իտալիան, Հարավային Աֆրիկան, Հնդկաստանը, Միացյալ Նահանգները: Ցուցակի մեջտեղներում կան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Նիգերիան, Մալայզիան, Թուրքիան: Այդ ցուցակի վերջին հնգյակում են Ղազախստանը, Եթովպիան, Չինաստանը, Ռուսաստանը եւ Հայաստանը: Մեր երկիրն այդպիսով ամենա-ամենավերջին տեղում է: Մի՞թե մենք Եթովպիայից էլ հետամնաց երկիր ենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30