Հարգելի ընտրողներ,
Թիվ 7 ընտրատարածքում իմ առաջադրվելու գլխավոր նպատակն է` որպես Մալաթիա-Սեբաստիա համայնքի խնդիրներին քաջատեղյակ մարդ, առավելագույնս օգտակար լինել մեր բնակչությանը և իսկական այլընտրանք դառնալ թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուներ Սամվել Ալեքսանյանին և Նիկոլ Փաշինյանին: Այդ նպատակով ես բազմիցս բանավեճի եմ հրավիրել թե’ մեկին, և թե’ մյուսին, ովքեր սակայն համառորեն խուսափել են դրանից: Փոխարենը նրանք ընտրարշավի ամբողջ ընթացքում բեմականացնում են մի ներկայացում, որը միտված է ընտրողներին և միջազգային դիտորդներին համոզելու, թե իբր Սամվել Ալեքսանյանը և Նիկոլ Փաշինյանը քաղաքական տարբեր ու «անհաշտ» ճամբարների ներկայացուցիչներ են: Մինչդեռ իմ հարցազրույցներից մեկում ես արդեն նշել եմ, որ Նիկոլ Փաշինյանը, ի սզբանե ընտրատարածքում ներդրված է եղել հենց Սամվել Ալեքսանյանի կողմից ու դժվար չէ կռահել, որ ոչ Նիկոլ Փաշինյանի գեղեցիկ աչքերի համար:
Ցավոք, թիվ 7 ընտրատարածքի ընտրարշավը քաղաքական իրական պայքարի փոխարեն վերածվել է իմիտացիոն թատերական ներկայացման, որտեղ Սամվել Ալեքսանյանին ընձեռնված է գլխավոր ռեժիսորի, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ անչափ շահագրգիռ ծաղրածուի դերը: Փաստելով այս իրողությունները և դատապարտելով ընտրական գործընթացները էժանագին թատրոնի վերածելու նկրտումները` ես կրկին կոչ եմ անում մեր ընտրողներին ակտիվորեն մասնակցել իրական ընտրական գործընթացներին, չհրապուրվել անհիմն գեղեցիկ խոստումներով և մայիսի 6-ին լուրջ մոտենալ համապետական ընտրություններին` կատարելով պատասխանատու ընտրություն:
Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վարդան Վարդանյան