Ապրիլի լույս 27-ի գիշերը, ժամը 02-ից 04-ի սահմաններում Այգեպար-Մովսես ճանապարհին ադրբեջանական զինուժը գնդակոծել է մարդատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող պայմանագրային 3 զինծառայողները զոհվել են: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի տվյալներով՝ մեքենան եղել է «Վազ-2107» մակնիշի: Գյուղապետն ասաց, որ դեպքը եղել է հին, ռազմական ճանապարհին, որից քաղաքացիական բնակչությունը երբեմն օգտվում է: Բերդի հիվանդանոցից տեղեկացա, որ զոհվածների մարմինները դիահերձվել են: Հեռախոսազրույց ունեցա զինվորական քննիչ Կառլեն Աբազյանի հետ, ով հրաժարվեց նշել զոհվածների անունները եւ դեպքի հետ կապված մանրամասներ՝ խորհուրդ տալով այդ հարցով դիմել Պաշտպանության նախարարության քննչական բաժին: Նշենք, որ զոհվածները՝ պայմանագրային զինծառայողներ 27-ամյա Դավիթ Աբգարյանը, 25-ամյա Արամ Եսայանը եւ 21-ամյա Արշակ Ներսիսյանը Բերդ քաղաքից են, երեքն էլ ամուսնացած են: Զինվորականներին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ դեպքի վայրում գտնվել են կրակված փամփուշտների սեւացած պարկուճներ, ինչը վկայում է, որ գործի են դրվել խլացուցիչով զենքեր, գտնվել է նաեւ ձեռքերի կապ, որը հավանաբար բերվել է հայ զինծառայողներին կենդանի գերելու համար: Ավտոմեքենան գնդակոծվել է վերեւից եւ կողքից: Այդ հատվածում «Կամացու» տրակտորը հողի մեջ ճանապարհ է բացել: Դրա շնորհիվ հողի բարձր պատնեշների մեջ գտնվող ճանապարհն անտեսանելի է դարձել դիմացի ադրբեջանական դիրքերից: Ավտոմեքենայի մեջ եղած զինծառայողները փրկվելու քիչ շանս ունեին, քանի որ հողի մեջ փորված ճանապարհը վերեւից կարծես ափի մեջ լինի: Մեր տվյալներով՝ մեքենայի մեջ գտնված 4-րդ անձին, ով նստած է եղել վարորդի հետեւի մասում, հաջողվել է փրկվել: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի հետ սահմանից մոտ 300 մ հեռավորության վրա: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասաց , որ ապրիլի 27-ին, առավոտից մինչեւ ժամը 16-ը ադրբեջանցիները Այգեպարի վրա գնդացրային կրակ են բացել, տուժածներ չկան: Ապրիլի 27-ին ժամը 13.30-ի սահմաններում գնդակոծվել է Մովսես գյուղը: Այդ ժամանակ գյուղում հողարկավորության արարողություն էր կատարվում:
Ոսկան Սարգսյան