Խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել: Քարոզարշավի այս օրերին ընտրությունների բոլոր մասնակիցները, այդ թվում` «Ժառանգությունն» ու նրա մեծամասնական թեկնածուները, ընտրողներին են ներկայացրել հետընտրական Հայաստանի իրենց ծրագրերը: «Ժառանգությունը» բոլորիդ վերստին հորդորում է` մի տրվեք այն կեղծ խոստումներին, որոնց հեղինակները արդեն իսկ ապացուցել են, որ ոչինչ չեն փոխելու Ձեր կյանքում: Մի տրվեք ճնշումներին, ընտրակաշառքներին, կեղծ բարեգործություններին, որոնց միակ նպատակը Ձեր քվեն ամեն գնով ու անազնիվ եղանակներով կորզելն է: Ձեր քվեի գինը ոչ թե այդ փշրանքներն են, այլ Նոր Հայաստանը, որտեղ դուք պետության կողմից պաշտպանված կլինենք առօրյա կյանքում, բոլոր նախաձեռնություններում ու ոլորտներում` սոցիալական, տնտեսական, քաղաքական, քաղաքացիական, մշակութային, առողջապահության, գյուղատնտեսության, աշխատանքի եւ զբաղվածության, արժանապատիվ կենսաթոշակի ու աշխատավարձի եւ այլն:
Այս օրերի քարոզարշավի ընթացքում շատ ենք ականատես լինում իշխող կուսակցությունների կողմից վախի մթնոլորտ ստեղծելու փորձերի, ընդդիմադիր քաղաքական ուժերի, այդ թվում` «Ժառանգության» հետ հանդիպումներին նույնիսկ համակիրների մասնակցելու զգուշավորություն: Շատ տեղերում ենք լսում, որ իշխանության կամ քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ մարդկանց սպառնացել են, թե ի վերջո իմանալու են, թե նրանք ում օգտին են քվեարկել, քանի որ հավաքել են նրանց անձնագրերի տվյալները, եւ, իբր, այլ տարբերակ չունեն, քան իշխող կուսակցությունների օգտին քվեարկելն է:
Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ վերստին հավաստիացնել, որ դրանք ընդամենը հնարքներ են: Փորձելու են այդպիսի մեթոդներով Ձեզ վախեցնել, թե իրենք ամեն ինչ վերահսկում են: Ոչի´նչ էլ չեն վերահսկում: Եթե այդ օրը Ձեզ ինչ-որ մարդիկ նույնիսկ ուղեկցեն մինչեւ ընտրական տեղամաս, հանձնաժողովներում «Ժառանգության» անդամները, ինչպես նաեւ վստահված անձերը, դիտորդները, թույլ չեն տալու, որ քվեախցիկում Ձեր թիկունքում կամ կողքին որեւէ մեկը կանգնի: Դուք մեն-մենակ եք լինելու քվեախցիկում, եւ այդ մենակության մեջ ոչ թե տրվեք վախերին, այլ հակառակը` գիտակցեք, որ ազատ եք եւ քվեարկեք Ձեր խղճի մտոք: Մենք պահելու ենք ձեր քվեն: Մնում է, որ դուք վերարժեւորեք, թե ինչ արժե այդ քվեն: Այն արժե` 5.000, 10,000, 20,000 դրա՞մ, ջեմ ու մուրաբա՞, տրակտո՞ր, այլ ընտրակաշա՞ռք, թ՞ե Նոր Հայաստան:
Վաղուց արդեն ընտրակեղծիքները ընտրական տեղամասերից դուրս են եկել: Դրանք այլեւս այն արժանապատիվ գործարքների տեսքով են, երբ Ձեզ առաջարկում են այս կամ այն ապրանքի, ծառայության դիմաց տալ Ձեր քվեն: Այդ անարժանապատիվ ու անբարո գործարքում մի մտածեք, թե բարոյականը տված կաշառքի դիմաց քվեարկելն է: Մյուս կողմն արդեն Ձեզ անբարո գործարք է առաջարկել, եւ այդ «ընտրակեղծիք-գործարքում» դուք չէ, որ պետք է մտածեք առաքինության ու բարոյականության մասին: Այդ գործարքով արդեն իսկ խլում են Ձեր ու Ձեր երեխայի ապագան: Հետեւաբար, Աստծո հայացքի ներքո, քվեախցիկում Ձեր խղճի հետ մեն-մենակ մտածեք Ձեր քվեի ու Նոր Հայաստանի հաղթանակի մասին:
Կարդացեք նաև
Մենք Ձեզ չենք պարտադրում, բայց ասում ենք` հանգիստ խղճով քվեարկեք 2-րդ համարի, այսինքն` «Ժառանգության» օգտին, իսկ այլ ընտրատարածքներում` «Ժառանգության» մեծամասնական թեկնածուներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Ռուբիկ Հակոբյանի, Արմեն Մարտիրոսյանի, Գառնիկ Սահակյանի ու Ստյոպա Սաֆարյանի օգտին:
Հաղթում է «Ժառանգությունը», հաղթում են նրա թեկնածուները, հաղթում է Նոր Հայաստանը:
«Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայություն