Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ո՞վ կմասնակցի մայիսի 7-ի «պրեմիերային»

Ապրիլ 28,2012 10:37

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայիսի 6-ին` ԱԺ ընտրությունների օրը, հանրապետության բոլոր 1982 ընտրատեղամասերում կիրականացնի նկարահանում` առավոտյան 08:00-ից մինչեւ վերջին քվեաթերթիկի հաշվումը: Այդ մասին երեկ հայտնել են ԲՀԿ-ի նախընտրական շտաբից` ի դեպ, շեշտելով նաեւ, որ տեսախցիկների համար կուսակցությունը որեւէ գումար չի հատկացնելու, դրանք ընտրատեղամասեր են բերելու ԲՀԿ անդամներն ու համակիրները: Այս «տեխնիկական» դետալը շատ կարեւոր է, քանի որ 1982 տեսախցիկների արժեքն ամենահամեստ հաշվարկներով կարող է հասնել մինչեւ մի քանի հարյուր հազար դոլարի, ինչը` իրադարձությունների ոչ այնքան հարթ ընթացքի դեպքում, կարող է արժանանալ համապատասխան մարմինների ուշադրությանը: Ընտրությունների ու քվեաթերթիկների հաշվման ընթացքի տեսանկարահանումն, իհարկե, շատ կարեւոր, ընտրակեղծիքների կանխմանը մեծապես նպաստող քայլ է, հատկապես, եթե հաշվի առնենք մտահոգությունները, որ ընտրացուցակները ուռճացվել են մի քանի հարյուր հազար ընտրողների անուններով: Ակնհայտ է, որ այդ տեսագրություններով հնարավոր կլինի տեղամաս առ տեղամաս պարզել ընտրություններին իրականում մասնակցած եւ ԿԸՀ-ի կողմից ներկայացված տվյալների անհամապատասխանությունը: Սակայն չափազանց կարեւոր է նաեւ այն հանգամանքը, թե ով է նկարահանելու այդ գործընթացը եւ ով է ընտրություններից հետո տիրապետելու այդ տեսագրություններին: Ահա այստեղ է, որ որոշակի հարցեր, այնուամենայնիվ, առաջանում են: Լինելով իշխանական կոալիցիայի անդամ, օգտվելով իշխանական գրեթե բոլոր ռեսուրսներից, ԲՀԿ-ն ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ անդամակցում է ընտրությունների վերահսկման միասնական շտաբին` միաժամանակ գոնե արտաքուստ լոյալություն պահպանելով իշխանության ՀՀԿ-ական թեւի եւ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ (Վարդան Օսկանյանի գրեթե ամեն հայտարարությունից ԲՀԿ-ն, երբեմն` նաեւ Գագիկ Ծառուկյանը` պարզաբանում է, որ նա արտահայտել է իր անձնական կարծիքը): Այսինքն` ԲՀԿ-ն կատարում է ընդդիմությանը բնորոշ քայլեր` դեռեւս մնալով իշխանության մեջ, առավել եւս` առճակատման չգնալով Ս. Սարգսյանի հետ: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ի համար ընտրությունների օրինականությունը որոշվելու է ոչ թե իրականում դրանց օրինական ընթացքով (կամ` հակառակը), այլ իր ստացած տոկոսներով: Հարց է առաջանում` անկախ ընտրությունների ընթացքից, եթե ԲՀԿ-ն բավարարվի իր ցուցանիշներով, ինչպե՞ս կօգտագործվեն արդյոք այդ 1982 տեսախցիկների նկարահանած կադրերը: Կամ` կօգտագործվե՞ն ընդհանրապես: Այնպես որ, չթերագնահատելով ընտրությունների ընթացքի տեսանկարահանման նախաձեռնությունը` դրանց արդյունավետությունը պարզելու համար պետք է ունենալ նաեւ այն հարցի պատասխանը, թե ո՞ւմ կհրավիրի ԲՀԿ-ն այդ կադրերի դիտմանը` ՀՀԿ-ի՞ն, թե՞ ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին:

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30