Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երբ միջոցը վերածվում է նպատակի

Ապրիլ 28,2012 08:55

Թեեւ ընտրապայքարն արդեն մտել է վճռորոշ փուլ, սակայն սոցիալական բնույթի խոստումներից զատ հայրենի քաղաքական ուժերը գրեթե ոչինչ չեն ասել ընտրողներին երկրի զարգացման քաղաքական, տնտեսական ու մշակութային ուղենիշերի շուրջ իրենց պատկերացումների մասին։
Հիմնական հարցերը մի կողմ դնելու եւ գերազանցապես սոցիալական խոստումներ տալու այս միահամուռ շքերթից տպավորություն է ստեղծվում, թե մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունենալիք քվեարկությանը մասնակցելու են միայն սոցիալապես անապահով խավերը, հիմնականում «բոմժերը», ուստի պայքարը ընթանում է միայն ու միայն նրանց ձայների համար։ Սա վկայում է, որ կամ մեր հասարակությունը վերջին տարիներին իսկապես չափից ավելի է աղքատացել, կամ մտավոր-գաղափարական առումով աղքատացել են հենց իրենք՝ քաղաքական ուժերը։
Խորքային քննությունը ցույց է տալիս, որ թերեւս գործ ունենք այս ամենի համադրության ու միաձուլման փաստի հետ, այն է՝ աղքատացել են երկուսն էլ՝ ե՛ւ հասարակությունը, ե՛ւ քաղաքական ուժերը, ուստի ներկա ընտրապայքարում ամեն ինչ «պտտվում» է սոցիալական վճարի, թոշակի, ինչպես նաեւ զանազան բարիքների «արտահերթ» տրամադրման զանազան տեխնոլոգիաների շուրջ՝ մուրաբայից մինչեւ «կանխիկ»։
Հարց է առաջանում. իսկ հետո՞։ Մի՞թե խորհրդարան մտնելուց հետո էլ քաղաքական ուժերը զբաղեցնելու են միայն ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովը, իսկ մնացած խնդիրների լուծմամբ զբաղվելու են պետական այլ մարմինները։
Ակնհայտ է, որ ներկա ընտրապայքարին մասնակից ուժերի մեծ մասը բոլորովին չունի համակարգված քաղաքական հայացք մեր անցյալի, ներկայի ու ապագայի հանդեպ, այսինքն՝ ոչ մեկը դեռ չի ասել.
ա) Հայաստանի անկախության 20-ամյա ժամանակաընթացքում ի վերջո՝ ո՞ւր ենք հասել, որտե՞ղ ենք գտնվում, ո՞ւր ենք գնում,
բ) ինչպիսի՞ հայեցակարգ պետք է որդեգրի Հայաստանը արտաքին քաղաքականության ասպարեզում ավելի ու ավելի կուտակվող մարտահրավերների պայմաններում,
գ) ո՞րն է եվրաինտեգրման մասին դատարկ խոսքերի հիմնավորման մեր տեսլականը, այսինքն՝ ինչպե՞ս ենք եվրոպական արժեքները համադրելու ազգայինի հետ,
դ) ո՞րն է առաջիկա 5 տարիներին Հայաստանի զարգացմանն անհրաժեշտ այն ռազմավարությունը, որը թույլ կտա կանխել հասարակության ու նաեւ քաղաքական համակարգի հետագա «բոմժացումը»,
ե) ինչպիսի՞ մշակութային քաղաքականություն է իրականացվելու ավելի ու ավելի գլոբալացող աշխարհում մեր ինքնատիպությունը պահպանելու համար,
զ) եւ վերջապես՝ ակնհայտ է, որ ներկա ընտրապայքարի ընթացքում կրկին իրեն զգացնել տվող պատերազմի վերսկսման վտանգը դեռեւս որեւէ քաղաքական ուժի չի հարկադրել մի կողմ դնել իր երշիկա-մուրաբայական քարոզարշավը եւ անդրադառնալ ավելի լուրջ խնդիրների։
Մասնավորապես ականատես ենք այն իրողության, որ հայ-ադրբեջանական ռազմական շփման գոտու տարբեր հատվածներում ապրիլի 24-25-ին տեղի ունեցած միջադեպերը զգալիորեն տարբերվում էին հակառակորդի կողմից ձեռնարկված նախորդ սադրանքներից՝ իրենց ծրագրված բնույթով ու ակնհայտ լկտիությամբ. գործի են դրվում ծանր զինատեսակներ, դրանցով գնդակոծվում է մանկապարտեզ, դպրոց, սանիտարական մեքենա։
Այլ երկրներում ծավալվող ընտրապայքարի ժամանակ իրենց քաղաքական համարող ուժերը մի պահ կմոռանային ոչ միայն սեփական երշիկա-մուրաբայական խոստումները, այլեւ ընդհանրապես ամեն ինչ եւ իշխանությանը կառաջադրեին հստակ պահանջներ Հայաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման, միջազգային բեմերում նման ոտնձգությունների դեմ պայքարելու եւ այլ՝ միանգամայն նորմալ ու հասկանալի հակազդեցության ձեւեր դրսեւորելու անհրաժեշտության շուրջ։
Մերոնց, սակայն, ոչ մի բան չի հետաքրքրում՝ սոցիալական բնույթի խոստումներից բացի. ընդամենը մի քանի բառ է հոլովվում՝ «արել եմ-կանեմ», «տվել ենք-կտանք», «ասում ենք-կասենք», «չունենք-կունենանք», եւ այլն։
Ստացվում է, որ սոցիալական ոլորտը, որի կարեւորությունը, ի դեպ, ոչ ոք չի ժխտում, ներկա ընտրապայքարում միջոցից վերածվել է նպատակի, համապետական նպատակի, համազգային նպատակի, մի յուրահատուկ իդեա-ֆիքսի, երբ ամբողջ գյուղերով ու քաղաքներով հասարակությունը «նստել է թախտին՝ սպասում է բախտին», մինչեւ որ կգա հերթական ուժը, որպեսզի ինքն իր համար պարզի՝ «տեսնենք՝ սրանք ի՞նչ են տալու»։
Այսինքն՝ Հայաստանը որպես պետություն վերածվել է մի մեծ «սոցապի», իսկ նրա քաղաքական ուժերը՝ պետական ու ոչ պետական բարեգործական կազմակերպությունների, որոնց մի մասը առձեռն ու «նաղդ» է բաժանում իր բարիքները, իսկ մյուս մասը առաջնորդվում է «տվեք, որ տանք» սկզբունքով։ Ինչո՞ւ տանք, եթե ոչ՝ ստեղծենք, ո՞ւմ տանք եւ ո՞ւմ չտանք, երբ տալու բան էլ չկա, եւ այդ ինչպե՞ս տանք՝ կաշառատու չդառնալու համար, այս հարցերի պատասխանը փաստորեն ոչ ոք չունի։
Այս ամենը ցույց է տալիս, որ ի դեմս ներկա ընտրապայքարի դառնում ենք հայաստանյան հասարակության հոգեվարքի ընդհանուր խորապատկերի վրա ծավալվող մի յուրահատուկ «բոմժապայքարի» ականատեսը, երբ փաստորեն՝ մուրում են գրեթե բոլորը, ուստի տարբերությունը միայն այն է, որ մի մասը զբաղված է քվեներ, իսկ մյուս մասը՝ դրանց դիմաց՝ կոնկրետ բարիքներ մուրալով։
Մի՞թե սա է հայաստանյան հասարակության արժեհամակարգն ու մտահորիզոնը:

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30