Լրահոս
Օրվա լրահոսը

Մերօրյա միջանցքագիտության խնդիրները

Ապրիլ 28,2012 00:25

 «Նա կրկին առաջ քայլեց, իսկ ճանապարհը երկար էր: Պարզվեց, որ փողոցը` գյուղի գլխավոր փողոցը, ոչ թե տանում էր դեպի դղյակի լեռը, այլ միայն մոտենում էր նրան, իսկ հետո, ասես՝ հատուկ, մի կողքի էր ծռվում և Դղյակից չհեռանալով՝ այնուամենայնիվ, չէր էլ մոտենում:»

                                                                                        Ֆրանց Կաֆկա, «Դղյակը»

Ապրիլի 16-ին Գրականագիտության ամբիոնի նախաձեռնությամբ Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանում սկսվեց «Կինոլեզուն և նրա ազդեցությունը ժամանակակից գրականության վրա» միջազգային գիտաժողովը: Այն տևելու էր երկու օր և, միավորելով մի շարք գրականագետների և կինոգետների, որոնց թվում էին Սիրանույշ Գալստյանը, Սուսաննա Հարությունյանը, Լուսին Դեսինժին, կոչված էր երկխոսության դաշտ բացել կինոգետների և գրականագետների միջև: Ազատ, կենդանի խոսք լեզվի, արվեստի, նշանային համակարգերի, բառի, պատկերի և հնչյունի փոխհարաբերության մասին:

Առավոտից բոլորս լարված էինք: Պատճառներից մեկը գիտաժողովի բացումն էր: Առավոտյան ինձ տեղեկացրել էին, որ համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն աննախադեպ այցեր ուներ: Մեծ էր զարմանքս և հուզմունքս, երբ նա հայտնվեց նշված ժամին, և գիտաժողովը բացող խոսքերը մի քանի րոպե եղան միտք և արար, մտարար: Հետո բոլորս շնորհակալ էինք: Բոլորիս շնորհակալ էին: Հետո համալսարանի ներքին բակի կարմիր հովանոցների ներքո ջերմ և սպասված էին խոսքերն ու ձեռքսեղմումները գործընկերների միջև: Բայց դա չէր կարևորը: Որովհետև առավոտյան ժամը 11-ին, արարի չասված օրինաչափությամբ, անկարելիից կորզել էին կարելի մի արար: Ու երևի մի քանի անկնթարթ ժպիտը բոլորի դեմքերին եղել էր պայծառ, զարմացած:

***

Արդեն մեկ շաբաթ Բրյուսովի համալսարանը անհասկանալիորեն բռնել է կաֆկայական միջանցքային աշխարհագրության տարտամ ուղին: Եվ նույնիսկ ամենաչեզոք և անտեղյակ դիտողը իրեն չի կարող մի պահ չզգալ հասցեատեր, երբ լսարաններում և միջանցքներում այդպես էլ չի փարատվում ուսանողների տարակուսանքը:

-Ոչինչ չենք հասկանում: Որոշ դասախոսներ մտնում են լսարան, ասում են՝ վերջապես Զոլյանը չկա. մեզ էլ ամեն անգամ նկատողություն չեն անի հինգ րոպե ուշացման համար: Էդ Զոլյանը ձեզ համար էր լավ…

-Երևի կատակում են, երեխանե՛ր, սխալ եք հասկացել:

-Հա՛, բայց տարօրինակ է:

Տարօրինակ մի բացառությամբ արձագանքելով հրավերին՝ գալիս են «երկխոսության»՝ կարծես մոռացած երկխոսության ամենաէական նախապայմանը՝ զրուցակիցների եթե ոչ հավասարության, ապա գոնե լիիրավ ներկայության, և արդյունքում ստացվում է տրտմաթախիծ «հաշվեհարդար»՝ երևանյան ժողովրդական փիլիսոփայության նոտաներով և սրտակեղեք բացահայտումներով՝ փշրված ոսկե սրտերի և ընտիր մասնագետների մասին, որոնք անհասկանալիորեն մնում են անդեմ և անանուն, և տարտամության այս շքանհանդեսում ձերբակալվում է մեկ ուսանող: Հուզված, գիտխորհուրդների բանավեճերին ոչ լրիվ տեղյակ ուսանողներ, որ աստիճանաբար սկսում են գրգռվել՝ նախապես հստակ գծված սցենարով, որ գործում է անխափան: Եվ նրանց արծաթե սկուտեղի վրա մատուցում են դառն ճշմարտությունը, որ աստիճանաբար ասքի հնչողություն է ստանում: Հավանաբար, սա է «երկխոսության» կամ «հանդիպման» մերօրյա հույժ ինքնատիպ բանաձևումը. և մեզ վիճակված է ևս մի ջա՞նք, մտավոր հերթական սխրա՞նք՝ հասկանալու, անընդունելին ընկալելու կամ ձևացնելու, թե «ընկալեցինք, անցավ»:

-Տիկի՛ն Թամրազյան, մեզ ասում են ՀԱԿ, որովհետև Զոլյանին ենք պաշտպանում, ամեն ինչ իրար է խառնվել:

-Ո՞վ:

Ո՞վ ունի պատասխանը: Շատերը, որոնք լռում են, հետևելով, անշուշտ, ոսկե այն օրենքին, որն ասում է, որ երբ իրականությունն այնքան պղտոր է, որ խոսքը՝ դեռ չծնված, դառնում է սեփական ծամածռություն, ցեխ, այն փրկելու միակ միջոցը լռելն է: Իմաստուն այն հեքիաթի համաձայն, որտեղ աղջիկը սիրում էր իր կարապ եղբայրներին և պիտի փրկեր: Փրկի՛ր լռության քո իրավունքը: Այն ադամանդից էլ թանկ է: Բայց ո՞վ: Ո՞վ է մտքում երազում ադամանդներ: Ո՞վ է իր մեջ քաջություն գտնում՝ 18-19 տարեկան երիտասարդներին գիտակցված դատապարտել տարակուսանքի և անպատասխանության դառն իմաստնությանը և հպարտանալ՝ ի խորոց սրտի. «Է՜հ, դուք դեռ այնքան բան չգիտեք, դուք դեռ այնքան բան կտեսնեք, դուք դեռ նոր եք…»: Անհասկանալի, բայց գուցե ընդունված, խիստ մարդկային հպարտություն. դուք դեռ այնքան եք քայլելու տարտամության միջանցքներում, պատանի՜, դուք դեռ այնքան եք մթնելու՜, դուք դեռ այնքան եք «ծռվելու՜»:

Վերջին օրերին չափից դուրս շատ է խոսվել մարդկային արժեքների, մարդկային որակների, ոտնահարված, վիրավորված, կեղեքված մարդկային սրտերի մասին: Եվ, տարօրինակ մի օրինաչափությամբ, իրավասու խոսափողներից և ատյաններից չի հնչեցվել ակնհայտ այն փաստը, որ մարդկայինի գերագույն արտահայտությունը համալսարանական համակարգում բարձր, խիստ, սկզբունքային մտավորական և գիտնական թողարկելն է: Մնացածը, և, ցավոք, ցանկացած համադրությունների դեպքում, ստացվում է ժողովրդական, քաղաքային, բուլվարային հերթական լեյտմոտիվ՝ բարի կամ չար դրացիական, բայց, այնուամենայնիվ, լեյտմոտիվ և, այնուամենայնիվ, դրացիական:

Ապրիլի 16-ին բոլորիս համար անախորժ, շատերի համար՝ դրամատիկ մի պահի մենք հպարտ էինք ճշմարիտ գիտնականի խոսքը լսել: Այսքանը:

                                                                                                            25. 04. 2012 թ.                                     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30