Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ գալիս է «կեղծ աստվածապաշտությամբ սրբացած» քաղաքապետերից ազատելու՞

Ապրիլ 27,2012 22:57

Երեք ժամ առաջ  Գյումրու Թատերական  հրապարակում մեկնարկեց  ՀՅԴ-ի հանրահավաքը, որին մասնակցելու էին եկել ոչ միայն գյումրեցիները, այլ շրջակա գյուղերի բնակիչները: Նրանց ամենայն հավանականությամբ ավտոբուսներով Գյումրի էին տեղափոխել ՀՅԴ-ի  համամասնական ցուցակում տեղ զբաղեցնող  շիրակցի թեկնածուները: Ինչևէ, Թատերական հրապարակը լեփ-լեցուն էր, դաշնակցականները  ունկնդիրների պակաս չունեին, հատկապես որ ելույթներից հետո մեծ համերգ էր սպասվում. հայրենասիրական երգերով հանդես էին գալու սիրված երգիչներ  Ներսիկ Իսպիրյանը, Դավիթ Սասունցին և այլք:

Հանրահավաքը վարում էր Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, որն այնպիսի բոցաշունչ ելույթ էր ունենում ու այնպես էր քննադատում ներկա իշխանավորներին, այդ թվում նաև մարզպետներին, որ թվում էր, թե երբևէ պաշտոնյա չի եղել:

Ելույթ ունեցան  Արծվիկ Մինասյանը, Արտաշես Շահբազյանը, սակայն հավաքվածներն ամենաշատը ոգևորվեցին Վահան Հովհաննիսյանի խոսքից:  ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարը,  խոսելով այն մասին, որ հայրենի իշխանությունները ժողովրդի մասին բացարձակապես չեն մտածում, ոչինչ չեն արել տեղական արտադրանքը զարգացնելու, միջազգային շուկա տանելու ուղղությամբ, ասաց. «Երկու ճանապարհ ուներ Հայաստանը` տեղական արտադրանքը զարգացնել, խրախուսել արտահանումը հայկական արտադրանքի. հայ մարդը տաղանդավոր աշխատող մարդ է,  ինչ էլ արտադրի, լավ կարտադրի, եթե խրախուսեն, եթե բացեն իր առջև   իր արտադրանքը իրացնելու, վաճառելու շուկա: Ի՞նչ պիտի աներ մեր իշխանությունը, եղունգներով  կռվեր, միջազգային շուկաները բացեր հայկական արտադրանքի համար, ոչ , նրանք ընտրեցին հեշտ ճանապարհը, որովհետև այդ դժվար ճանապարհը` հայկականի համար շուկա բացելը պահանջում է հայրենասիրություն, որը մոռացել են, պահանջում է գիտելիք, որը ոչ միայն մոռացել են, այլ երբևէ չունեին էլ: Պահանջում է համառություն, ամրություն, պնդություն, նվիրվածություն, որ չունեին, դրա համար ընտրել են հեշտ ճանապարհը` խրախուսում են ներմուծումը, դարձրել են  մեզ բոլորիս պատանդ դրսից եկող գումարների, մի մասը կուղարկեն մեր ազգականները, բարեկամները, մյուս մասը  իշխանությունը կգնա, կմուրա միջազգային ֆինանսական կազմակերպություններից, և Հայաստանը ավելի ու ավելի խորը կթաղի  պարտքերի մեջ, ինչպես որ անում է: Ո՞վ է տալիս այդ պարտքերը, էստեղ կանգնած երեխանե՞րը, թե՞ էն երեխաները, որոնք չեն ծնվում, ո՞վ է ծառայելու մեր բանակում 5 տարի հետո»:

Վահան Հովհաննիսյանը կոչ արեց քվեարկել ՀՅԴ-ի օգտին, ով ի վիճակի է  ազատել ժողովրդին «կեղծ աստվածապաշտությամբ սրբացրած» քաղաքապետերից, անգրագետ ու ապիկար կառավարիչներից, ղեկավարներից, որոնք չեն կարողանում իրականացնել իրենց ոչ մի խոստում: Անմիջապես գլխի ընկնելով, թե ում ի նկատի ունի պատգամավորը, հավաքվածները սկսեցին ծափահարել ու «Դաշնակցություն» բացականչել:  «Մենք ոչ մի խոստման մեջ ձեզ երբեք  խաբել,   երբեք չենք խոստացել, որ երկնքից կգա ոսկե անձրև, բայց եթե ասենք, որ արծաթե անձրև կգա, կգա, եթե խոստացանք, կանենք, մեր խոսքն է գործ և դա մենք ապացուցել ենք 122 տարի», -եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30