Լրահոս
Օրվա լրահոսը

2007-2012թթ ԱԺ-ն եղել է կառավարության կամակատարը

Ապրիլ 27,2012 22:38

2007-2012թթ. չորրորդ գումարման խորհրդարանում ամենաարդյունավետն աշխատել է «Ժառանգություն» խմբակցությունն՝ապահովելով 8.8 տոկոս օգտակար գործողության գործակից: Երկրորդ տեղում ՕԵԿ-ն է ՝ 8.1, ապա ՀՅԴ-ն՝ 4.5 տոկոսով: Իսկ իշխանական ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն ցուցակի ետնապահներն են՝ համապատասխանաբար 2.6 եւ 2.1 տոկոսանոց ցուցանիշներով: Այս տվյալներն այսօր լրագրողներին ներկայացրեց «Մանդատ» տեղեկատվական-հասարակական կազմակերպության փորձագիտական խումբը՝ ամփոփելով Ազգային ժողովի վերջին 5 տարիների օրենսդրական գործունեության արդյունքները:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» ֆինանսավորմամբ իրականացված այդ մոնիթորինգային ամփոփագրում ներկայացված է արդեն նախկին ԱԺ-ում գործող 5 քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության վերլուծությունն ըստ ոլորտների՝ սոցիալ-տնտեսական, խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության, մարդու իրավունքների եւ կրթության:

Բացի այդ, դիտարկված է քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության համապատասխանությունը նախընտրական ծրագրերին: Ըստ այդմ, իր նախընտրական խոստումների իրականացման հարցում առաջատարը ԲՀԿ-ն է, որը, սակայն, ըստ ամփոփագրի՝ «ունենալով քաղաքական որոշումների վրա ազդելու բավարար ներուժ, այն կիրառել է եզակի դեպքերում»:

Կոալիցիայում ԲՀԿ ունեցած դերակատարության մասին վերջին քննարկումների համատեքստում ուշագրավ է զեկույցում ամրագրված հետեւյալ դիտարկումը. «ԲՀԿ-ն հաճախ է դժգոհություն հայտնել կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունից, սակայն այդ դժգոհությունը գրեթե չի արտահայտվել խորհրդարանական գործունեության ընթացքում»: Ավելին, ԲՀԿ-ն հաճախ քվեարկել է իր ծրագրային դրույթներին հակասող օրենքների օգտին, ինչպես հանրահավաքների անցկացման մասին օրենքի ընդունման դեպքում:

Նույնը կարելի է ասել նաեւ ՀՀԿ-ի մասին, որն իր նախորդ նախընտրական ծրագրում ամրագրած լինելով ուսուցման լեզվի մասին դրույթը, ինքն էլ ձեռնամուխ եղավ օտարալեզու կրթությունը թույլ տվող օրենսդրական փոփոխությանը:

Իսկ առհասարակ, ներկայացված վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ խորհրդարանն իր գործունեությունն իրականացրել է ոչ լիարժեք, քանի որ անցած ընտրաշրջանում ընդունված 1412 օրենքներից 1200-ի հեղինակը կառավարությունն է: Նշենք, որ դրանցից միայն 94 են մայր օրենքներ, մնացածը փոփոխություններ ու լրացումներ են:

Այսպիսով, օրենսդրական նախաձեռնությունների ցուցանիշով խորհրդարանի մասնակցությունը կազմել է ընդամենը 15 տոկոս: Այդ հարցում առաջատարը ՀՀԿ-ն է՝ 137 օրենսդրական նախաձեռնությամբ: Երկրորդ տեղում է ՀՅԴ-ն՝ իր ներկայացրած 72 օրինագծով ու օրենսդրական փաթեթով, ապա ԲՀԿ-ն՝ 66, ՕԵԿ-ը՝ 65, եւ «Ժառանգությունը» 62 օրենսդրական նախաձեռնությամբ:

Ինչ վերաբերում է քվեարկությունների պատկերին, ապա այստեղ «կողմ» քվեարկությունների բացարձակ ռեկորդը ՕԵԿ-ինն է, որին հաջորդում են ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն: Մինչդեռ ընդդիմադիր «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն առավելապես աչքի են ընկել «դեմ» քվեարկություններով:

Նշենք, որ քննարկմանը հրավիրված էին ԱԺ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, սակայն ներկա էին միայն ԲՀԿ, ՀՅԴ եւ «ժառանգության» պատգամավորները, որոնք, սակայն, դժգոհ էին ներկայացված վերլուծությունից՝ այն համարելով ոչ լիարժեք, մեթոդաբանորեն ոչ ճշգրիտ եւ ուշացած:

Արեւիկ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30