Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միասնական շտաբի՝ ՍԴ չդիմելու «տեխնիկական» պատճառը «Ժառանգությունն» է

Ապրիլ 27,2012 22:33

Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր տեղի է ունեցել ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համատեղ ձեւավորած միասնական շտաբի լիագումար նիստ, որտեղ որոշում է ընդունվել հայցով դիմել Սահմանադրական դատարան՝  վիճարկելու ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը գործող ընտրական օրենսդրությամբ արգելող դրույթը: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն շտաբի այսօրվա լիագումար նիստում հայտարարել է, որ դրա համար անհրաժեշտ է պատգամավորների 1/5-րդի անունով դիմումը ՍԴ-ին, որի համար անհրաժեշտ է ԱԺ 27 պատգամավորի ստորագրություն: Հովհաննիսյանի ձեւակերպմամբ՝  «քանի որ շտաբի հիմնադիր չորս կուսակցություններից երեքը ունեն խորհրդրանական խմբակցություններ (երեքից մեկը միասնական շտաբի նիստերը բոյկոտող «Ժառանգություն» կուսակցությունն է-խմբ.), այդ խնդիրը կարող է լուծվել նրանց` ՍԴ դիմելու միջոցով»: Դա, ի դեպ, պետք է արվեր այսօր, սակայն տեխնիկական պատճառներով հայցը ՍԴ-ին դեռ չի փոխանցվել:

Aravot.am-ը փորձեց «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համատեղ նախընտրական շտաբի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանից ճշտել՝ հնարավո՞ր է, որ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության 6 պատգամավորները միանան այդ ստորագրահավաքին: Ալեքսանդր Արզումանյանը նախ՝ հիշեցրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը ժամանակին խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ հանդես էր եղել օրենսդրական նախաձեռնությամբ եւ ի թիվս այլ դրույթների՝ առաջարկել էր նաեւ օրենսգրքում ամրագրել ընտրությունների ավարտից հետո քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրությամբ ցուցակների հրապարակումը: Այն ժամանակ այսօրվա միասնական շտաբի անդամ ԲՀԿ-ն դրան «դեմ» է քվեարկել, եւ միայն ՀՅԴ-ն էր, որ ԱԺ-ում պաշտպանել էր այդ նախաձեռնությունը: «Ժառանգության» շտաբի ներկայացուցիչը նաեւ հավելեց. «Ժառանգությունը» հետեւողականորեն պայքարելու է, որ ապագա խորհրդարանում մեծամասնություն ունենալու դեպքում ԸՕ-ի համապատասխան դրույթի արգելքն անմիջապես վերանայվի»:

Ավելի ուշ պատասխանելով մեր հարցին, թե տեխնիկական ի՞նչ պատճառներով է, որ միասնական շտաբն այսօր իր հայցադիմումը ՍԴ-ին չի փոխանցել՝ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, թե իրենք անհրաժեշտ թվով ստորագրությունների խնդիր չունեն, բայց որոշել են բարի կամք դրսեւորել եւ սպասել, որ «Ժառանգությունը» միանա այս նախաձեռնությանը: Դիտարկմանն էլ, թե այդ կուսակցությունը հայտարարել է շտաբի աշխատանքները բոյկոտելու եւ դրանից հրաժարվելու մասին, Հովհաննիսյանն արձագանքեց՝ ասելով, թե «Ժառանգությունը»՝ լինելով այդ շտաբի հիմնադիրներից մեկը, այնուամենայնիվ իր ստորագրությունը ետ չի կանչել, նման հայտարարությամբ հանդես չի եկել, ուստի շարունակում է մնալ այդ շտաբի անդամ. «Այսօր չի ուզում մասնակցել՝ վաղը կարող է մասնակցի»

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30