Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դա երրորդ դասարանի հարց է»` ՀՅԴ-ն` ՀՀԿ-ին

Ապրիլ 27,2012 20:51

Բոլոր ժամանակներում շատ է խոսվել քաղաքականության մեջ գիտության ազդեցության մասին, ու թե արդո՞ք գիտնականը պետք է զբաղվի քաղաքանությամբ: Այդ թեմայով էլ այսօր «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամում կազմակերպվել էր բանավեճ-քննարկում: Մասնակցում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության, Հայ Յեղափոխական դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգություն» կուսակցության, «Արմակադ» գիտական ցանցի և Երևանի պետական համալսարանի երիտասարդ գիտնականների միավորման երիտասարդ ներկայացուցիչները: Նախ բոլորին տրվեց 9 րոպե ժամանակ իրնենց ասելիքն արտահայտելու և իրենց ուղղված հարցերին պատասխանելու համար, ապա առաջինն արտահայտվելու հնարավորությունը տրվեց «Արմակադ» գիտական ցանցի ներկայացուցիչ Խաչիկ Գևորգյանին: Բանավեճ-քննարկման սկզբում Խաչիկ Գևորգյանն ասաց .«Ես կարծում եմ, որ գիտնականը պետք է զբաղվի քաղաքականությամբ: Սակայն գիտնական կոչվելու համար նախ պետք է համապատասխանել միջազգային չափանիշներին: Հայաստանում ինչ-որ աբսուրդ վիճակ է` ով ցանկանում է, դառնում է գիտնական: Խոսելով գիտության ոլորտում առկա խնդիրների մասին, ասեմ, որ առանց պետության հովանավորության այն լինել չի կարող»:

ԲՀԿ ներկայացուցիչ Նարեկ Վանեսյանը հարց ուղղեց պարոն Գևորգյանին. «Երբ Ֆեյսբուքում բացեցիք «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խումբը, սկսեցին Ձեզ վրա ուշադրություն դարձնել: Որքանո՞վ օգնեց դա Ձեզ»:  Պարոն Գեւորգյանը պատասխանեց. «Ֆինանսավորման չնչին օգնություններ եղան: Հենց մեկը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը օգնել է մեզ: Բայց, ցավոք, այդ գումարները եղած- չեղած` նույն  հաշիվն են: Արդյունքներից մեկը, որ խումբը մեզ տվեց, դա լրագրողների ու հասարակության հետաքրքրությունն էր խնդրի հանդեպ»:

ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման ներկայացուցիչ Միքայել Ալեքսանյանը նույնպես հարց տվեց բանախոսին. «Դուք հիմնականում շեշտը դրել եք ֆինանսավորման վրա: Բացի դրանից կա՞ ուրիշ խնդիր գիտության ոլորտում»: «Արմակադի» ղեկավարը պատասխանեց. «Այո: Դրանցից մեկը չափանիշի խնդիրն է, որով էլ հենց պետք է որոշվի` արդյո՞ք այդ գիտնականը գիտնական է, և պետք նաև հասարակության վերաբերմունքը փոխվի գիտության նկատմամբ: Գիտության զարգացման մեջ մեծ դեր են կատարում նաև բուհերը: Այսօր տեսնում եմ ուսանողների, ովքեր իզուր են գալիս դասերին և կարող են 17 տարեկանից զբաղվել բիզնեսով: Սա ևս ես համարում եմ խնդիր»:

ՀՀԿ ներկայացուցիչ Կառլեն Խաչատրյանն էլ նշեց, որ մեր երկրում գիտությունն ավելի զարգացած կլիներ, եթե ֆինանսավորումը շատ լիներ. «Դա իրագործլու համար անհրաժեշտ է, որ պետությունն ունենա հարուստ բյուջե: Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե գիտնականը պե՞տք է զբաղվի քաղաքականությամբ, թե՞ ոչ, ես կարծում եմ` պետք է: Դա երկրի համար լավ է նրանով, որ այն կկառավարեն կրթված մարդիկ»:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դանիել Իոնիսյանն էլ, ի նկատի ունենալով ՀՀԿ ներկայացուցչի ելույթը, հայտարարեց, որ, եթե հույսներս դնենք բյուջեից ֆինանսավորման վրա, ապա 250 տարի անց նոր կունենանք մեր երազած գիտական ոլորտը:

ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գալոյանն էլ փաստեց, որ գիտության ոլորտի խնդիրներից մեկը գիտական ներուժի արտագաղթն է. «Դրա վերացման համար ուղղակի անհրաժեշտ է կրճատել հարկային ստվերը, ինչն էլ կխթանի բյուջեի ավելացմանը, որն էլ իր հերթին կլուծի արտագաղթի խնդիրը: Գիտության ոլորտում ՀԱԿ-ն ունի շատ հեռանկարային ծրագրեր: Անձամբ ես համոզված եմ` գիտնականը պետք է զբաղվի քաղաքականությամբ: Դրանով նա ծառայում է իր երկրին»: «Չեմ կասկածում, որ ՀԱԿ-ում մարդիկ խելացի են, բայց ինչո՞ւ են Ձեր ծրագրերը հեռանկարային»,- հարցրեց ԲՀԿ ներկայացուցիչ Նարեկ Վանեսյանը: «Քանի-որ դրանց իրականացման համար երկար ժամանակ է անհրաժեշտ,- պատասխանեց ՀԱԿ ներկայցուցիչը ու հավելեց. – Այն համալիր ծրագիր է, եւ փոխկապակցված է մյուս բոլոր ոլորտների ծրագրերի հետ: Բացի այդ՝ հեռանկարային է, որովհետեւ արմատական ու ամբողջական լուծումներ է պահանջում»:

ՀՀԿ ներկայացուցիչ Կառլեն Խաչատրյանի այն հարցին, թե իրենք ինչպե՞ս են պատկերացնում հարկային ստվերի կրճատումը, պարոն Գալոյանը պատասխանեց. «Պարզապես օլիգարխները պետք է գան օրինական հարկային դաշտ»: ԲՀԿ ներկայացուցիչ Նարեկ Վանեսյանն էլ հավելեց. «Ես նույնպես այն կարծիքին եմ, որ գիտնականը պետք է զբաղվի քաղաքականությամբ, սակայն նախ և առաջ գիտությանը պետք է լինի աջակցություն: Ես գտնում եմ, որ կա ևս մի-քանի ոլորտ, որոնք ունեն զարգացման խնդիրը: Գիտնականը առաջին հերթին պետք է հասարակութան կողմից ընդունվի որպես գիտնական»:

ՀՅԴ ներկայացուցիչ Հարութ Մելիքյանն իր կողմից հավելեց. «Գիտնականը ունի քաղաքականությամբ զբաղվելու իրավունք: Դրա ուղղակի անհրաժեշտ է ունենալ որոշակի կրթություն: Սակայն, ըստ իս, նրանց մոտ այդ խնդիրը չկա»:  ՀՀԿ ներկայացուցիչ Կառլեն Խաչատրյանը ՀՅԴ ներկայացուցչին հարց ուղղեց. «Երևի հիշում եք, որ կրթության և գիտության նախարարը դաշնակ էր: Ինչպե՞ս էր նա գիտության ոլորտում իրականացնում ծրագրեր»: Հարութ Մելիքյանն էլ պատասխանեց. «Դա երրորդ դասարանի հարց է, երբ հարցնում են թե ձերն էր այդ ոլորտը, ի՞նչ եք արել: Ասեմ` արել ենք ամեն հնարավոր բան, գիտության զարգացման համար»:

ՕԵԿ ներկայացուցիչ Մարինա Բաղդասարյանն էլ ասաց. «Այստեղ հնչեցված կարծիքների հետ համամիտ եմ: Պարտադիր է, որ գիտնականը զբաղվի քաղաքականությամբ: Գիտական ոլորտի խնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանը չունի կադրային հետևողականություն: Ու՞ր են գնում մեր մասնագետները»:

ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման ներկայացուցիչ Միքայել Ալեքսանյանն էլ ասաց, որ թե՛ քաղաքականությունը եւ թե՛ գիտությունը մեզ համար կարևոր ոլորտներ են. «Գիտնականը ՀՀ քաղաքացի է, ուստի ցանկալի է, որ նա զբաղվի քաղաքականությամբ: Մեր հասարակության մեջ կա մենթալիտետի խնդիր. նրանք չեն մեծարում գիտնականներին»:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դանիել Իոնիսյանն էլ հանդես եկավ ելույթով ու նշեց, որ մեր երկիրը չի կարող զարգանալ, եթե չլինի գիտություն. «Ցանկալի է, որ մարդը մտնի քաղաքականություն ու իրեն հուզող խնդիրը բարձրացնի, այդ թվում նաև գիտնականը»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30