Այսօր վանաձորցիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակն է` հայ մարդը իր հողի վրա ողորմությամբ ապրելուց ձերբազատվի եւ ապրի արժանապատիվ. «Ողորմությունից պիտի դուրս գանք, եւ թույլ չտանք, որ որեւէ մեկը` լինի նախագահը` Սերժ, Ռոբերտ, Գագիկ, կամ մեկ ուրիշը, որ գա, ձեզ ողորմություն բաժանի` որպես փշրունք, որ վանաձորցին, հայ մարդը իր հողում վիզը ծռի, ասի շնորհակալություն այդ ողորմությանը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց նախընտրական ծրագրերի մասին. «Սա մեր երկիրն է, եւ մենք ասում ենք` բյուջեն կլցնենք հարկերով, հալալ մուտքերով եւ մի քանի տարի հետո այդ ողորմությունը կվերածվի ձեր իրավունքի, ձեր աշխատավարձի, կենսաթոշակի եւ նպաստի: Եւ ոչ մեկը չի գալու ձեր երեխաների եւ թոռնիկների ապագան մի քանի հազար դրամով , մուրաբաներով փոխարինելու»:
«Մեզ մոտ չկա Հանրապետական կամ «Բարգավաճ», կամ դաշնակցական, կամ ՀԱԿ, անգամ «Ժառանգություն», կա Հայաստանի պետությունը, Վանաձորը` իր ապագայով, կա շարքային հայ մարդը` իր հողի վրա, եւ մայիսի 6-ը»,-շարունակեց Հովհաննիսյանը: Նա նշեց, որ հենց այդ օրը մենք պիտի որոշենք, թե ինչպիսի Հայաստանում ենք ուզում ապրել:
«Մայիսի 6-ին` առանց որեւէ ավելորդի կամ պակասի, մենք որոշելու ենք սուսուփուս, անգամ լուռ, ոչ երգով, ոչ պարով, ոչ կենացներով, ոչ կուրծք շոյող հայրենասիրությամբ, այլ Աստծու հայացքի տակ, սահմանադրական պահանջով, թե որն է լինելու վաղվա Վանաձորը: Ուրեմն մենք միասին որոշենք մայիսի վեցը»,-եզրափակեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ