Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Աղաբեկյանը՝ Կտրիճ Սարդարյանի, Տեր-Պետրոսյանի, կամավորականության, ՕԵԿ-ի ու բանակի մասին (ձայնագրություն)

Ապրիլ 27,2012 18:27

ՀՅԴ-ն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Ճարտարապետների միության դահլիճում հանդիպեց մտավորականների հետ՝ ներկայացնելու իր նախընտրական ծրագրի՝ «Մարդու կայուն զարգացում» բաժինը։ Դաշնակցականներն այս հանդիպմանը ներկայացել էին ներկայացուցչական կազմով՝ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան, ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյան, ՀՅԴ նախընտրական շտաբի քարոզչության համակարգող Աղվան Վարդանյան։

Դաշնակցական գործիչների՝ որպես հանդիպման նախաբան հնչած ելույթներից հետո դահլիճում ներկա մտավորականները հնարավորություն ունեցան ՀՅԴ-ականներին տարաբնույթ հարցեր ուղղել, որոնցից մեկն էլ այս էր. «Պաշտոնյա ռազմական գործիչները մեզ անընդհատ հանգստացնում են, թե մեր սահմաններում իրավիճակն ամեն ինչ լավ է, մենք այն վերահսկում ենք, ու եթե մեզ վրա հարձակվեն այսպես կանենք, այնպես կանենք: Բայց մենք հիշում ենք, որ 1941թ. -ին էլ էր այդպես ասվում, ու ամբողջ սովետական ժողովրդին էին հանգստացնում, հետո այնպես եղավ, որ մինչեւ հիմա էլ չենք կարողանում հաշվել, թե քանի զոհ ենք ունեցել այդ պատերազմում: ՀՅԴ-ն ի՞նչ ծրագիր ունի այս մասով. եթե իշխանության գա՝ մենք ապահով կարո՞ղ ենք լինել»:

Հարցադրմանը պատասխանեց պաշտպանության նախկին փոխնախարար, արցախյան ազատամարտի մասնակից եւ ԵԿՄ վարչության անդամ Արթուր Աղաբեկյանը: Վերջինս ասաց, թե դահլիճում ներկաները շատ հետաքրքրված են բանակին առնչվող ցանկացած այն հայտարարություններով, որոնք անում են պաշտպանության նախարարը, ՀՀ նախագահը, թե որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ: «Ես միշտ այն կարծիքն եմ եղել, որ  պետք է մարդ պատասխանատու զգա իրեն եւ համարի, որ այն հայտարարությունը, որն անելու է՝ քամին չի տանելու, եւ հասարակությունը մի օր պահաջելու է, որ մարդը պատասխան տա իր հայտարարության համար: Ժամանակին, խոսքը վերաբերում է 1991 թվականին, երբ Կտրիճ Սարդարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին համոզում էր՝ արի գնանք խաղաղության՝ բանակ չսարքելու ճանապարհով, անհապաղ գնալ Բաքու, այդ ժամանակ ՀՅԴ-ն զենք էր հայթայթում, ՀՅԴ-ն կազմակերպում էր բանակումներ ՀՀ  սահմանամերձ շրջաններում, ԼՂ-ում ու ժողովրդին պատրաստում էր պատերազմի, որովհետեւ ՀՅԴ-ն գիտեր, թե ինչ է սպասվում վաղը: Դաշնակցությունը 100 տարեկան էր, ուներ փորձ, Դաշնակցությունը գիտեր՝ ի՞նչ է նշանակում գործել հրամանի ներքո, թե ինչ վնաս է բերում կամավորականությունը, ինչ վնաս է բերել 19-րդ դարի  վերջին ու  20-րդ դարի սկզբին, եւ մենք պարտադրում էինք ՀՀ իշխանություններին, Լեռնային Ղարաբաղում  եւ 1992-ի հունվարին  ԼՂ-ում իշխանության գալով՝ ունենալ կանոնավոր  բանակ, որպեսզի օր առաջ կարողանանք դիմակայել մեզ վրա հարձակվողին»,- հայտարարեց Արթուր Աղաբեկյանը:

Նա ասաց, թե 1994-ի ապրիլի 13-ից ի վեր, երբ արցախյան ճակատում զինադադար կնքվեց, արդեն ժամացույցը միացվել էր, ու պատերազմի վերսկսման հավանականությունն այդ օրվանից կա: «Պատերազմն ամեն օր կարելի է մեկ տարով հեռացնել մեզանից, եթե ՀՅԴ-ն լինի իշխանություն, եթե նրա ներկայությունը ՀՀ հասարակական ու քաղաքական կյանքում ունենա ոչ թե 10 տոկոս , այլ ավելի մեծ՝ 100 տոկոս ներկայություն հասարակության մեջ ու, միգուցե, քաղաքական կյանքում՝ ավելի պակաս: Մենք միակ քաղաքական ուժն ենք, որի գաղափարախոսությունն այն է, որ մենք կարող ենք դիմակայել ցանկացած արտաքին թշնամու, եթե լինենք ինքնակազմակերպված: Մենք միակ ուժն ենք, որ կարող ենք պատերազմը մեզնից շատ հեռացնել,  եթե Հայաստանում բանակում ծառայելը լինի պատվաբեր»,- հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարարը:

Ի դեպ, նա հատուկ լրագրողների համար նաեւ հայտարարեց. «Մեկ տարի է անընդհատ գրվում է, թե Աղաբեկյանն իր տղային փախցրել է Հայաստանից: Այսօր իմ տղան վերադառնում է Կանադայից, որտեղ ուսումն ավարտել է, որպեսզի մայիսի 6-ին գնա բանակ եւ ծառայի այն զորամասում, որտեղ ես հրամանատար եմ եղել»:

Արթուր Աղաբեկյանն անդրադարձավ  նաեւ բանակի հիմնախնդիրներին եւ առկա լուրջ սահմանափակումներին, ասաց, թե ժողովուրդը հեռանկարում պատրաստ չէ Հայաստանին սպառնացող մարտահրավերներին, նաեւ պատրաստ չի ՀՀ բյուջեն:

Նա խոսեց նաեւ ՕԵԿ-ի կողմից սահմանամերձ շրջանների նորակոչիկներին իրենց գյուղերում ծառայելու հնարավորություն տալու մասին այս օրերին հնչեցվող հայտարարություններին՝ ասելով, թե վերջին 15 տարիներին բանակն այսօրինակ  կազմաքանդող հայտարարություն չի լսել: Այս մասին՝ ձայնագրությունում:031No Title-

 

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30