«Մասնավոր կապիտալի մեջ ներդրված 1 դոլարը ստեղծում է 12 դոլար»,-այսօր իր խոսքն այսպես սկսեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերու Ռազլոգը: Քննարկման թեման էր՝ Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում մասնավոր կապիտալի ոլորտում ներդրումները:
Դեռեւս նոր մշակված ծրագրի համաձայն, Կովկասի զարգացման բանկում ներդրումներ են կատարելու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, Նիդերլանդների զարգացման բանկը ու Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը: Ինչպես ներդրումներ կատարած բաժնետերերը նշեցին, այս ծրագիրը կարելի է համարել Կովկասի աճի ծրագիր:
Վալերու Ռազլոգի հավաստմամբ, Հայաստանում աշխույժ կապիտալի շուկա է հարկավոր. «Մասնավոր կապիտալը կարող է շատ լավ ազդեցություն ունենալ Հայաստանի գործարարների եւ ոլորտի զարգացման համար»:
Բաժնետերերը սեմինարի ընթացքում նշեցին, որ Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման նպատակով դեռեւս առաջիկա 5-ից 7 տարիների ընթացքում ներդրումներ են կատարելու:
Կարդացեք նաև
Իսկ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի ֆինանսական հաստատությունների տնօրեն` Անդրեյ Բուտինը նշեց, որ իրենք համապատասխան ներդրումները կշարունակեն միայն այն դեպքում, երբ Հայաստանում լավ զարգացած հիմնարկությունների հանդիպեն. «Լավ աշխատանքային փորձով ընկերություններ ենք փնտրում, որոնք կունենան շատ որակյալ աշխատողներ եւ զարգացած մենեջմենթ»:
Վերոնշյալ բանկերի աշխատակիցները շատ կարեւոր խնդրի լուծում համարեցին տարածաշրջանի գործընկերությունը: Անդրեյ Բուտինը իր խոսքում նշեց, որ պարզապես խելամիտ չէ, երբ հարեւան երկրները չեն համագործակցում, օրինակ` բերելով, որ Հայաստանը եւ Վրաստանը կարող են դառնալ շատ լավ գործընկերներ, մասնավոր կապիտալի զարգացման բնագավառում, սակայն այս եւ նմանատիպ առաջարկով հանդես եկողները խուսափեցին նշել, թե ինչպես են պատկերացնում Հայաստան եւ Ադրբեջան համագործակցությունը: Բուտինը միայն նշեց, որ հարեւան երկրները պետք է օգտագործեն իրենց ռեսուրսները եւ միավորեն բոլոր ուժերը:
Սյուզի ԱՍԱՏՐՅԱՆ