ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը ժամանակին հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը եթե նույնիսկ «մեղա գա», ես նրա հետ չեմ լինի: Այս առնչությամբ Aravot.am-ը Հայկ Բաբուխանյանից փորձեց ճշտել, թե ինչպե՞ս է «մեղա» եկել Սերժ Սարգսյանը եւ ի՞նչն է փոխվել, որ նա ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի հետ է. «Այն, որ ես ժամանակին քննադատել եմ Սերժ Սարգսյանի կամ իշխանությունների քաղաքականությունը, ոչ մեկի համար նորություն չէ, բոլորը դրա մասին գիտեն: Ինչ վերաբերում է մեղա գալուն, դա ասված է, երեւի ցանկացած մարդ, չգիտեմ, «Առավոտում» Աստվածաշունչ կարդո՞ւմ եք, թե՞ չէ, բոլոր մարդիկ պետք է գան մեղա, դա Աստվածաշունչն է ասում: Այսօր փոխվել է շատ բան, առաջին հերթին 2008-ից հետո երկրում փոխվել է նախագահ, փոխվել է մթնոլորտը, եւ մենք այսօր էլ խոսում ենք, որ մենք գնում ենք դեպի ժողովրդավարություն եւ ազգային արժեքներ»: Այս խոսքերն ասելուն պես` Հայկ Բաբուխանյանը շատ արագ հեռացավ` խուսափելով լրագրողների` «այս շարքից» հարցերին պատասխանելուց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ