Ռուսաստանյան հեղինակավոր “Ռոսիյսկայա գազետա” օրաթերթն իր ապրիլի 26-ի համարում(“Российская газета” – Федеральный выпуск №5765 (92)) “Հույսի գարուն” վերնագրով ծավալուն հարցազրույց է հրապարակել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Հարցազրույցի որոշ հատվածներ թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
– Ձեր գլխավորած կուսակցությունը’ Բարգավաճ Հայաստանը հանդիսանում է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական մրցավազքի առաջատարներից մեկը: Ինչո՞ւ են հայաստանցի ընտրողները հավատում ԲՀԿ-ին:
– 2004-ին ես եւ իմ համախոհները ստեղծեցինք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը կարճ ժամանակահատվածում դարձավ բազմամարդ եւ հեղինակավոր կուսակցություն: 2007-ին մենք առաջին անգամ մասնակցեցինք խորհրդարանական ընտրություններին, որտեղ գրավեցինք երկրորդ տեղը: Մենք դարձանք կառավարող կոալիցիայի անդամ եւ ակտիվ աշխատանքներ իրականացրինք մեզ վստահված ոլորտներում: Հայաստանյան էլեկտորատի զգալի հատվածը մեր երկրի ավելի լավ ապագայի հույսը հենց մեզ հետ է կապում: Անցած հինգ տարիների ընթացքում մենք աշխատել ենք քրտնաջան եւ ամբողջ նվիրումով, թափանցիկ ենք եղել մեր գործընկերների համար, հանուն քաղաքացիական համերաշխության եւ ազգային միաբանության ակտիվորեն հանդես ենք եկել բոլոր քաղաքական ուժերի միջեւ քաղաքական երկխոսություն սկսելու օգտին: Մենք ժողովրդի վստահությանը վերաբերվում ենք մեծագույն հարգանքով: Հայտարարում եմ ամբողջ պատասխանատվությամբ, որ այդ վստահությունը պահպանելու ենք աչքի լույսի պես եւ երբեք հուսախաբ չենք անելու մեզ վստահող մարդկանց: Բացի այդ, մենք հանդես ենք գալիս ազատ եւ արդար, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման օգտին: Վստահ ենք, որ միայն այդպիսի ընտրությունների արդյունքում կարող ենք ձեւավորել այնպիսի խորհրդարան եւ կառավարություն, որոնք ի վիճակի կլինեն պատասխանել Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիվ ներքին եւ արտաքին մարտահրավերներին: Մենք ստեղծել ենք որակյալ եւ “իրականացվող” նախընտրական ծրագիր, որն անցել է ռուսաստանցի եւ եվրոպացի առաջատար մասնագետների փորձաքննությունը: Մենք վստահ ենք, որ այդ փասթաթղթի իրականացումը մեր երկիրը կդնի որակապես նոր մակարդակի վրա եւ կհանգեցնի մեր երկրի բարգավաճմանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ