Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը` Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին իր զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին, մեկ անգամ եւս ընդգծեց այն իրողությունը, որ բարձրագույն կրթության համակարգը Հայաստանում գտնվում է անհանդուրժելի վիճակում։ Հրամանը նաեւ արտացոլում է գործադիրի ցանկությունը` ուղղակի հսկողություն հաստատել ակադեմիական հաստատությունների նկատմամբ, ինչպես նաեւ նախարարության արհամարհական վերաբերմունքը համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողության հանդեպ։
Ռեկտորի հեռացումը, որը տեղի է ունեցել առանց համալսարանը կառավարող մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի որոշման, մեղմ ասած կասկածելի է օրենքին համապատասխանության առումով։ Ավելին, այդ հրամանով ստեղծվում է տպավորություն, որ արհամարհվում է ոչ միայն կառավարող կոլեգիալ մարմինը, այլեւ բուհերի ինքնավարության սկզբունքն ընդհանրապես։ Զոլյանի հեռացումը եւս մեկ անգամ ի ցույց է դնում այն իրավական առումով հակասական եւ գործադիրի նկատմամբ կախյալ վիճակը, որում հայտնվեցին բուհերը, երբ նրանց ամրագրվեց պետական ոչ-առեւտրային կազմակերպությունների կարգավիճակը։ Մտահոգիչ է նաեւ, որ խիստ նկատողության համար առիթ է դարձել Զոլյանի կողմից Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) փորձագետի պարտականությունների կատարումը։ Քանի որ Զոլյանը մեկնել էր ԵԽ միջոցառմանը որպես Հայաստանի կառավարության կողմից առաջադրված փորձագետ, նրան՝ որպես փորձագետի իր պարտականությունների կատարման համար նույն ՀՀ կառավարության կողմից պատժելը ոչ միայն խիստ անտրամաբանական է, այլ նաեւ ԵԽ-ի եւ նրա գործունեության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում։
Հեռացման հետ կապված ամբողջ պատմությունը վկայում է, որ Բոլոնիայի գործընթացի նկատմամբ հավատարմության հավաստիացումներին զուգահեռ Հայաստանում տեղի է ունեցել միանգամայն հակառակ զարգացում: Հայաստանի բարձրագույն կրթության կառավարումը եվրոպական չափանիշներին համահունչ վերակառուցելու փոխարեն համալսարանների ինքնավարության տարրերը բծախնդիր ջանասիրությամբ ոչնչացվել են: Հոգաբարձուների խորհուրդները հայտնվել են գործադիրի վերահսկողության տակ՝ թե փաստացի, թե իրավական առումով։ Պետական պաշտոնյաները դարձել են բոլոր առաջատար համալսարանների խորհուրդների նախագահներ: Ցավոք, ոչ միայն համալսարանների անձնակազմերը, այլ նաեւ բարեփոխումները ֆինանսավորող դոնորները չնկատեցին այս «բարեփոխումների» եւ «եվրոպականացման» քողի տակ գործադրի կողմից բարձրագույն կրթության համակարգի զավթումը: Այդ առումով խորհրդանշական է, որ իր պաշտոնից հեռացվում է այն բուհի ռեկտորը, որտեղ բարեփոխումներ իրականացնելու համար որոշակի դաշտ էր ձեւավորվել:
Կարդացեք նաև
Մենք` ներքոստորագրյալներս, մեր խորը անհամաձայնությունն ենք արտահայտում այն գործելակերպի հետ, որի դրսեւորումն է Սուրեն Զոլյանի պաշտոնանկությունը, դատապարտում ենք համալսարաններում տիրող կառավարման մեխանիզմները եւ պահանջում.
– անհապաղ եւ լիակատար հրաժարում իրավական առումով կասկածելի որոշումներից
– ստեղծված իրավիճակի լուծում` բաց եւ վստահելի գործընթացի միջոցով
– համալսարանների կառավարման մեխանիզմների անհետաձգելի բարեփոխում` ներառած ակադեմիական անկախության ոչ թե ձեւական, այլ իրական երաշխիքների ապահովումը:
Լարիսա Մինասյան, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Գեւորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցության հիմնադրամ – Հայաստան
Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ
Ստեփան Դանիելյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոն
Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Լեւոն Բարսեղյան, Գյումրի «Ասպարեզ» լրագրողների ակումբ
Ավետիք Իշխանյան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի
Արտակ Զեյնալյան, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Սոնա Այվազյան, «Թրանսփերենսի Իներնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոն
Էլինա Պողոսբեկյան, Տեղեկատվության բազմազանության ինստիտուտ
Գագիկ Ավագյան, «Համագործակցություն եւ ժողովրդավարություն» ՀԿ
Սոնա Հովհաննիսյան, «Միջնաբերդ» ՀԿ
Նազարեթ Նազարեթյան, DVV-international – Հայաստան