«ԱՄՆ-ի Սպիտակ տունը չունի որևէ տեղեկություն այն մասին, որ Միացյալ Նահանգներին վտանգ է սպառնում՝ կապված «ալ-Քայիդա»-ի նախկին առաջնորդ Օսամա բին Լադենին Պակիստանում ոչնչացնելու առաջին տարվա մոտենալու հետ»:
Այս հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քերնին՝ ասելով, որ «այժմ մենք չունենք վստահելի որևէ տեղեկություն այն մասին, որ ահաբեկչական կազմակերպությունները, ներառյալ «ալ-Քայիդա»-ն, հարձակումներ են նախապատրաստում ԱՄՆ-ում, որոնք կհամընկնեն բին Լադենի մահվան առաջին տարվա հետ»:
Քարնին այնուամենայնիվ նշել է, որ «ալ-Քայիդա»-ն և նրա դաշնակիցներն այնուամենայնիվ ունեն ԱՄՆ-ի տարածքում հարձակում կատարելու մտադրություն, ինչը նաև կապված է բին Լադենին ոչնչացնելու համար վրեժխնդիր լինելու հետ, սակայն պարտադիր չէ, որ դա անմիջական կապ ունենա այս իրադարձության առաջին տարվա հետ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ կարգադրել էր ուսումնասիրել վտանգի պատկերը և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Միացյալ Նահանգների ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:
ԱՄՆ-ի շրջանային դատարանն այս ընթացքում մերժել է ներկայացված հայցը, որը պահանջում էր, որպեսզի Միացյալ Նահանգների իշխանությունները հրապարակեն հատուկ ստորաբաժանումների կողմից բին Լադենի ոչնչացման ընթացքում արված լուսանկարները:
«Օսամա բին Լադենի մահվան և հուղարկավորման բանավոր նկարագրությունները բավարար են, և դատարանը որևէ այլ բան չի կարգադրելու», – նշել է դատավորը:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»