Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն հիվանդություն է, այլև ծնում է հիվանդություններ. Ճարպակալման հետեւանքները

Ապրիլ 27,2012 14:56

Ճարպակալությունը սպառնում է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց: Էնդոկրինոլոգ Լուսինե  Մանանդյանի խոսքով` այն դարձել է դարի հիվանդությունը. «Ճարպակալությունը չի սահմանափակվում զուտ հիվանդություն լինելով, այն օջախ է նաև այլ բազում հիվանդությունների առաջացման»: Տիկին Մանանդյանի խոսքով` ճարպակալությունը, սովորաբար, հանգեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի, հոգեբանական բարդությունների և այլ հիվանդությունների առաջացմանը:

50-ամյա Արևիկ Վարդանյանի քաշը  105 կգ է: Տիկին Վարդանյանի վստահմամբ՝ դիմել է քաշի նվազեցման բազում միջոցների, բայց ապարդյուն. «Շատ եմ նեղվում, չեմ կարողանում նորմալ տանը գործ անել, կռանալ, անընդհատ շունչս կտրվում է, ոտքերս  արագ հոգնում են ու  ցավում»: Վարդանյանի խոսքով՝ այդքանը քիչ չէր` հիմա էլ շաքարային դիաբետ ունի. «Ստուգվեցի դեղեր և հատուկ սննդակարգ նշանակեցին, և  անընդհատ պետք է լինեմ բժիշկների հսկողության տակ»:

Ի՞նչը կարող է դառնալ ճարպակալման պատճառ:

«Ճարպակալման պատճառներից մեկը սխալ սննդակարգն է, մարդիկ կարող են ամբողջ օրը սոված մնալ, իսկ երեկոյան  ուտել, ոչ թե քիչ, այլ ընդհակառակը`  մինչև հագենալը և նոր պառկել»,-ասում  է տիկին Մանանդյանը: Էնդոկրինոլոգի պարզաբանմամբ` նման  սննդակարգ ունեցող մարդիկ պարզապես «այո» են ասում ճարպակալմանը: «Օրգանիզմը չի հասցնում օգտագործել ստացած կալորիաներն, իսկ չծախսված էներգիան ճարպի տեսքով նստում է օրգանիզմում»,-ասում է  նա:

Գիրանալու և ճարպակալման խնդիրներ ունեցող մարդկանց դիետոլոգ Լիլիթ Մարտիկյանը խորհուրդ է տալիս չօգտագործել կամ առնվազն շատ քիչ օգտագործել հաց, հրուշակեղեն, շիլաներ, պաղպաղակ, կենդանական ծագում ունեցող սնունդ և  այնպիսի սննդամթերքներ, որոնք ունեն բարձր կալորիականություն: «Ես մոտ 6 ամիս է, ինչ հաց ընդհանրապես չեմ օգտագործում, իսկ թխվածք մեկ-մեկ պատահում է և նիհարել եմ 8 կգ»,-ասում է  22-ամյա  Զարուհին: Իսկ 15-ամյա Միլենան, ում քաշը 65 կգ է, իսկ հասակը 1մ 52սմ, չի կարողանում դիմանալ տորթերի և թխվածքաբլիթների անուշ բույրի գայթակղությանը: «Ես կարող եմ մի ամբողջ տարի ընդհանրապես չուտել մսեղեն, բանջարեղեն, բայց խմորեղենից և պաղպաղակից հրաժարվել չեմ կարող»: Թեև աղջիկը ասում է, որ նիհարել շատ է ցանկանում.«Երբ գնում ենք ինձ համար շոր գնելու,  չեմ կարողանում գնել այնպիսի հագուստ, որը ինձ դուր է գալիս, որովհետև դրանք սովորաբար իմ հագով չեն լինում, նիհար աղջիկներին են սազում, նման պահերին շատ եմ տխրում»:

Դիետոլոգը խորհուրդ է տալիս ոչ միայն սահմանափակումներ մտցնել սննդակարգում, այլև զբաղվել սպորտով.«Ես պարզապես կոչ եմ անում մարդկանց շարժվել, զբաղվել սպորտով, թեև արդեն աշխատելով շատերի հետ գիտեմ, որ քչերը կհետևեն խորհրդիս, ուստի խորհուրդ կտամ օրվա ընթացքում գոնե մի ժամ քայլել, տանը պառկելու փոխարեն դուրս գալ մաքուր օդին զբոսանքի»: Թեև տիկին Մարտիկյանը  համոզված է, որ մարդիկ քայլել չեն սիրում. «Երբ նստում եմ երթուղային տաքսի, ուղղակի զարմանում եմ, նույիսկ երիտասարդ  աղջիկները  անգամ տեղյակ լինելով, որ կանգառից դուրս վարորդները  չեն կանգնում, կրկին կանգառ են պահաջում, պարզապես հոգնոմ են մի քիչ ավել քայլելուց»:

Էնդոկրինոլոգ Մանանդյանը ճարպակալությամբ տառապող մարդկանց բաժանում է երկու խմբի.«Մի խմբի ներկայացուվիչները պարզապես նիհարելու ցանկություն ունեն , իսկ դրան հասնելու համար միջոցներ չեն ձեռնարկում, իսկ մյուս խումբը, որը սովորաբար երիտասար աղջիկներից է կազմված լինում, իրենց ուղղակի  սովի են մատնում»: Մանանդյանի խոսքով` վերջինիս դեպքում առաջանում է անորեքսիա հիվանդությունը: «Ես ուզում եմ, որ ամեն ինչից առաջ աղջիկները հիշեն, որ իրենք մայր են դառնալու, իսկ ինքնագլուխ դիետաները կարող են վտանգել ապագայում նրանց մայրանալու կամ առողջ երեխա  ունենալու հնարավորությունը»: Բոլոր բարդություններից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս միայն բժշկի նշանակությամբ և նրա հսկողության  ներքո պահել դիետաներ:

 Անի  Ենոքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30