Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանում գործող 1982 ընտրատեղամասից միայն 131-ում Gellup International Association ընկերության ներկայացուցչության կողմից կիրականացվի exit poll:
Aravot.am- ի հարցին՝ չեք կարծում, որ exit poll-ը մեզ մոտ «չի աշխատի» մի պարզ պատճառով, օրինակ՝ ընտրակաշառք վերցրած մարդը կվախենա ճշգրիտ ասել կամ ընդհանրապես մասնակցել exit poll-ի՝ Հայաստանում Gellup International Association ընկերության ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը պատասխանեց. «Հայաստանը միակ երկիրը չէ, որ ընտրակաշառք են բաժանում: Բացի այդ՝ ի տարբերություն իրական քվեարկությունից, մեր հարցաթերթերն անանուն են, դրանցում ընտրողը միայն նշելու է, թե որ կուսակցությանն է քվեարկել, մեկ էլ՝ իր սեռն ու տարիքը: Այստեղ վախի մակարդակը ավելի ցածր կարող է լինել եւ նպատակը խաբելու՝ անիմաստ է. ընտրողը ոչ մի խնդիր չի ունենալու»,- ասաց Նավասարդյանը՝ չբացառելով նաեւ այն ընտրողներին, որոնք կվախենան մասնակցել Gellup International Association-ի exit poll-ին, կամ վերջինիս հարցաթերթիկում չեն նշի այն կուսակցության անունը, որին իրականում ընտրել են:
Նավասարդյանի ձեւակերպմամբ՝ exit poll ասվածը շատ անգամ հասկանում են իբրեւ ընտրություններին փոխարինող միջոցառում, բայց դա այդպես չէ:
Մեր դիտարկմանն էլ՝ չե՞ք կարծում, որ թեկնածուների մարդիկ կփորձեն խանգարել, միջամտել exit poll-ի անցկացմանը՝ Նավասարդյանը նշեց. «Հուսով եմ՝ ոչ մի կուսակցության վստահված կամ հետաքրքրված անձ չի փորձի խոչընդոտել մեր աշխատանքին, որովհետեւ մեր արդյունքները ավելի շատ ստուգիչ եւ ալտերնատիվ ինֆորմացիայի աղբյուր են եւ բոլորի համար էլ ձեռնտու է, որպեսզի ստանան անկախ արդյունքներ: Իսկ եթե նման դեպքեր լինեն՝ կփորձենք շարժվել օրենքին համահունչ, այդ ամենին կարձագանքենք, կբարձրաձայնենք: Սակայն հույս ունեմ, որ նման բաներ չեն լինի»:
Կարդացեք նաև
Մեր հաջորդ դիտարկմանն էլ՝ exit poll-ում բացառո՞ւմ եք լցոնումները, Արամ Նավասարդյանը շեշտեց. «ես 99 տոկոսով վստահեցնում եմ, ամեն ինչ կանենք, որ նման բաներ չլինեն, իսկ եթե անգամ խնդիրներ առաջանան, դրանք հեշտությամբ կերեւան: Այդ կարգի շեղումները, եթե, օրինակ, ինչ-որ տեղամասում բոլորը միահամուռ քվեարկեցին «Միավորված հայերի» օգտին, մենք կհասկանանք, որ այդտեղ գործել է «Միավորված հայերի» խմբավորումը: Բացի այդ՝ ամբողջ օրվա աշխատանքային պրոցեսը խիստ վերահսկվելու է»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ