Լրահոս
Օրվա լրահոսը

Մազաթափությունը «տանջում է» մարդկանց

Ապրիլ 27,2012 14:37

Մազաթափությունը մեծ խնդիր է: Դա այն սակավաթիվ մտավախություներից է, որ հավասարապես  «տանջում»  է և՜ տղամարդկանց, և՜ կանանց: «Ժամանակավոր ալոպեցիան` մազաթափությունն է, առաջացած մազային ֆոլիկուլների վրա արտաքին կամ ներքին ազդեցությունների պատճառներով: Ջերմային տատանումնմերը, շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը, ընդհանուր անզգայացմամբ վիրահատությունները, դեղահաբերի ընդունումը, գլխամաշկի ինֆեկցիոն հիվանդությունները, իհարկե սխալ սնունդը, սթրեսները, օրգանիզմում հորմոնային կամ սեզոնային փոփոխությունները. դրանք բոլորը մազաթափության «խթան» կարող են դառնալ: Չարորակ ուռուցքների ժամանակ անցկացվող քիմիաթերապիայից կարող է թափվել մազերի 90%-ը, ընդհուպ` ամբողջը, բայց դա վերականգնելի է»,-բացատրում է մաշկաբան Վահան Դանիելյանը:

Մարդու մազերն աճում ու թափվում են նրա ամբողջ կյանքում: «Մազաթափությունը անխուսափելի է: Մազը սովորաբար ապրում է 2-5 տարի, այնուհետև սկսվում է մազաթափության փուլը: Սակայն պետք է հիշել, որ վիտամիների` երկաթի, ցինկի, կալցիումի պակասը բացասաբար է ազդում մազերի գնդարամատների վրա: Սնուցող նյութերի պակասն օրգանիզմում կարող է լինել նաև ծխելու պատճառով»,-մեկնաբանում է մազաբուժության մասնագիտացված կլինիկաներից մեկի բժիշկ-կոսմետոլոգ Աիդա Բալասանյանը:

«Մազերս քիմիական գանգրացումից հետո փունջ-փունջ թափվում են: Կարծում եմ` մի օր ճաղատանալու եմ: Ինչ ասես արդեն քսել եմ գլխիս. Չի օգնում…»,- ասում է 25-ամյա Արմինեն:

Վարսահարդար-խորհրդատու Լուսինե Գրիգորյանը ասում է, որ իր բոլոր հաճախորդները ունեն մազաթափության խնդիր. «Երբեմն հանկարծակի մազաթափություն կարող է առաջանալ քիմիական նյութերի ազդեցության և ճառագայթման պատճառով: Դուք կարող եք քիմիական գանգրացման, մազերի ներկման, ջերմային վարսափաթաթուկի /բիգուդի/ ժամանակ այրվածք ստանալ, ինչը կհանգեցնի մազաթափության: Մշտական մազաթափություն կարելի է ձեռք բերել մազերը պարբերաբար շատ ձիգ հավաքելու կամ հյուսելու դեպքում: Անգամ գլխարկը կարող է մազաթափության պատճառ դառնալ»,- բացատրում է Լ. Գրիգորյանը:

Մեր աչքը կարծես սովորել է ճաղատ տեսնել միայն տղամարդկանց, սակայն ալոպեցիա /ճաղատացում/ հիվադությամբ տառապում են նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: «Տղամարդկանց մոտ առաջացած ճաղատությունը պայմանավորված է տեստոստերոնի բարձր մակարդակով: Այդ հորմոնի միայն մեկ տարատեսակի գերզգայութան հետևանքով ցանկացած տարիքում  կարող է մազաթափություն առաջանալ»,- նշում է բժիշկ-կոսմետոլոգը:

Կանանց մոտ տղամարդու ճաղատություն հիշեցնող մազաթափության պատճառը մաշկաբանը մեկնաբանում է որպես կնոջ օրգանիզմում արական հորմոնի` անդրոգենի ներգործության հետևանք: «Մազաթափության այս տեսակը հանդիպում է 18-44 տարեկան կանանց շրջանում: Իհարկե, լրիվ մազաթափության այն չի հանգեցնում, բայց աստիճանաբար տեսանելի դառնում գլխի մազաթափ գագաթը»,-ասում է մաշկաբանը:

Մազաթափության հետ կապված խնդիրները հիմնականում լուծելի են, ուստի չարժե խիստ անհանգստանալ: Մաշկաբան Վ. Դանիելյանը այդ երևույթ պարզաբանում է այսպես. «Ժամանակավոր մազաթափության ժամանակ մազային ֆոլիկուլների ատրոֆիա չի առաջանում, այդ պատճառով բուժումը ժամանակին սկսելու դեպքում մազերը նորից սկսում են աճել: Ախտաբանական մազաթափության դեպքում կիրառվում են բուժման շատ մեթոդներ: Առաջինը հորմոնային բուժումն է, երբ հորմոնալ դեղամիջոցներով օրգանիզմում տեստոստերոնի մշակման կասեցումն է: Այս բուժման արդյունքը տարիներ անց է երևում: Երկրոդը վիաբուժական մեթոդն է` լերկացող հատվածում ծոծրակից վերցրած մազեր են վերատնկում: Երրորդը` մինօքսիդիլ քսուքի կիրառումն է, որը լավացնում է գլխամաշկի արյան շրջանառությունը և կանխում մազաթափությունը»: Բժիշկ-կոսմետոլոգը ախտաբանական մազաթափության բուժման համար առաջարկում է բազում այլ մեթոդներ: «Էսթետիկական բժշկության մեջ լուրջ խնդիր է ալոպեցիան: Մազի նորմալ աճի ժամանակ մարդ ամեն օր կորցնում է 50-150 մազ, որը ժամանակի ընթացքում վերականգնվում է, սակայն ալոպեցիայի ժամանակ ինքնավերականգնում տեղի չի ունենում: Ճաղատության յուրաքանչյուր ձևի բուժումն անհատական է` կախված առաջացման պատճառներից: Բուժման նպատակով առաջարկվում են հանքային աղեր, վիտամիններ, ստերոիդներով երկարատև բուժում, որոշ դեպքերում արդյունավետ է նաև հոգեթերապիան, ինչի շնորհիվ մարդիկ դուրս են գալիս սթրեսային վիճակից, և մազերը դադարում են թափվել»,-բացատրում է Ա. Բալասանյանը:

 

 

Նաիրա Վերդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30