Այսօր «Փաստարկ» ակումբում ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանին լրագրողները հարց տվեցին՝ ընտրակաշառքների հետ կապված: Բաբուխանյանն այդ առնչությամբ նշեց, որ երեւի դիմի ԿԸՀ-ին՝ ԲՀԿ-ի ընտրակաշառքների հետ կապված. «Կան փաստեր: Տրակտորները շարված են, դա փաստ է: Տրակտորային հեղափոխություն են անում, կարկտակայանը փաստ է: Ըստ օրենքի ընտրակաշառք է, այն փաստ է,կա օրենքի 18-րդ հոդված, որտեղ արգելվում է նվերներ տալ, խոստումներ տալ: Ես այս առումով մի քիչ զարմացած եմ, եթե կուսակցությունը գնացել, մտել է, ինչ-որ շտաբ է ստեղծել, հանցագործների հետ շտաբ են ստեղծել, Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրական հանցագործ է, Ջհանգիրյանը ամեն ձեւի հանցագործ է: Այդ խայտառակ ընտրակեղծարարների հետ շտաբ են ստեղծել, լավ ստեղծել, ստեղծել են, բա դուք ինչի՞ եք խախտում: Տրակտորը տարել-դրել եք: Թող ընտրություններն անցնի, տրակտոր էլ տարեք, սամալյոտ էլ տարեք, վերտալյոտ էլ տարեք, ինչ ուզում եք՝ տարեք: Երբ գյուղացուն ասում ես՝ ես քեզ ջրագիծ կամ հակակարկտային կայան կկառուցեմ, պարզ է, որ այդ գյուղացին ուրիշ մարդու էլ ձայն չի տա, վազելու է քեզ ձայն տա: Վերջ, դա ընտրակաշառք է: Այսօր ես առայժմ բանավոր դիմում եմ ԿԸՀ-ին, երեւի արդեն գրավոր էլ տամ, որ վերջ տան տրակտորային խրախճանքը»:
Հարցին՝ իսկ ինչպե՞ս է, որ ՀՀԿ-ն դպրոցի տնօրեններին հանձնարարում է հանրահավաքի մարդ բերել՝ աշակերտների հետ նաեւ ծնողներին՝ Բաբուխանյանն այսպես բացատրեց, թե՝ «Ձեր կարծիքով՝ եթե երկրի նախագահը գնում է ինչ-որ մի գյուղ կամ քաղաք, չպե՞տք է աշակերտը գա իր երկրի ղեկավարին լսի: Ստիպողաբար չի եղել, որ ասեն՝ եթե չգաս՝ կհեռացնենք դպրոցից: Ես բամբասանքներով չեմ զբաղվում: Կլինի դեպք՝ զանգեք անմիջապես ասեք իմ հեռախոսին, ես ձեզ խոստանում եմ, որ եթե ճնշում կա երեխայի վրա՝ կպատժվի: Թող մի քիչ էլ ռիսկ ունենան, զանգեն, վախելով, պատերի տակ բամբասելով՝ հասարակություն չի ձեւավորվի: Իսկ ընդհանրապես նորմալ է, որ երկրի նախագահի հետ երեխաները շփվեն»: Հայկ Բաբուխանյանը մոռացավ, որ ՀՀ նախագահը քարոզարշավի գնում է՝ որպես ՀՀԿ նախագահ, ոչ թե որպես երկրի նախագահ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ