Երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Արվեստի պատմության եւ տեսության UNESCO-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանի ծննդյան 60 -ամյակին նվիրված ցերեկույթ: ԵՊՀ գիտխորհրդի քարտուղար Մենուա Սողոմոնյանը բուհի գիտխորհրդի անունից շնորհավորեց հոբելյարին՝ ԵՊՀ ռեկտորի անունից շնորհելով պատվոգիր՝ Հայ արվեստի պատմության զարգացման եւ նոր մասնագետներ կրթելու գործում ցուցաբերած ներդրման համար: ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը փաստեց, որ Լ. Չուգասզյանը, լինելով նվիրյալ հայրենասեր, մշտապես բարձր է պահել հայ ժողովրդի պատիվը. «Նա աչքի է ընկնում բանիմացությամբ եւ իր գիտելիքներն օգտագործում է հայ արվեստը քարոզելու համար: Նա շատ բան կարող է ասել, բայց չի սիրում իր անունը բարձրաձայնել»: Ամբիոնի վարիչը կարեւորեց նաեւ Լ. Չուգասզյանի հոր՝ Բաբկեն Չուգասզյանի գործունեությունը Մատենադարանում. «Նա անձամբ էր Մատենադարան այցելող պատվիրակություններին ամեն ինչ բացատրում անգլերեն, պարսկերեն եւ այլ լեզուներով: Նրա հատկությունները փոխանցվել են զավակներին»: Պարոն Հարությունյանը նաեւ հավելեց, որ UNESCO-ն ամենուրեք եւ հեշտությամբ ամբիոններ չի բացում. «Դա Լեւոնի ջանքերով բացվեց»:
ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արա Աղասյանը արվեստի ինստիտուտի աշխատակազմի անունից շնորհավորեց Լ. Չուգասզյանին՝ կարեւորելով տարբեր ոլորտներում նրա բազմաբովանդակ գործունեությունը. «Կառանձնացնեմ հատկապես նրա կատարած գիտական ուսումնասիրությունները, հայ կերպարվեստի ճանաչմանն ուղղված քարոզչությունը եւ մանկավարժական աշխատանքը»:
Նշենք, որ Լ. Չուգասզյանը հեղինակ է արտասահմանյան եւ հայ մամուլում հրապարակված շուրջ 150 հոդվածի եւ 30 գրախոսականի, որոնց զգալի մասը ծանոթ չեն հայ արվեստաբաններին: Պրոֆեսորը մասնակցել է 45 միջազգային գիտաժողովների, կազմակերպել շուրջ 200 դասախոսություն: 90-ական թվականներին, երբ Հայաստանի կրթական օջախները քայքայման եւ լուծարման վտանգի տակ էին, Լեւոն Չուգասզյանի համառությամբ 1996թ.-ին ստեղծվեց Արվեստի պատմության եւ տեսության UNESCO-ի ամբիոնը: ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստների վարչության պետի տեղակալ Սեյրանուհի Գեղամյանը նախարարության ոսկե մեդալը հանձնելով Չուգասզյանին՝ նրան բնորոշեց որպես տոհմիկ հայրենասերների ընտանիքի անդամ: Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Գաբրիելլա Ուլուհոջյանը հիշատակեց այն հանգամանքը, որ Լեւոն Չուգասզյանն առաջինն էր, ով ԵՊՀ-ի եւ Բոլոնիայի համալսարանների միջեւ համաձայնագրի կնքումից հետո դասախոսեց Բոլոնիայի համալսարանում: Հոբելյարը նշեց, որ սա միայն իր տարեդարձը չէ. «Սա լավ առիթ է, որպեսզի ես նորից տեսնեմ վաստակավոր այն մարդկանց, ովքեր նշանակություն են ունեցել իմ կյանքում: Նրանցից շատերը չկան, բայց ուրախ եմ այսօր տեսնել նրանց զավակներին, դասընկերներիս ու գործընկերներիս: Առհասարակ, շատերին եմ պարտական, այդ թվում՝ ուսանողներիս: Եթե նրանք չլինեին, ո՞ւմ պետք է սովորեցնեինք…»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ