Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր «լեզուներով» կծանոթացնենք մեր պատմությանը

Ապրիլ 27,2012 13:52

Հավաստիացնում է Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը

Դիրիժոր Կարեն Դուրգարյանն ու երգիչ Գեւորգ Հակոբյանը՝ Լիտվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

«Առավոտը» քանիցս անդրադարձել է Հայաստանում արտերկրյա դեսպանատների մշակութային նախաձեռնություններին, որոնք, որպես օրենք, հիմնականում քարոզում են իրենց երկրի արվեստն ու մշակույթը:

Մեծ եղեռնի 97-րդ տարելիցի առիթով Վիլնյուսի ավելի քան 1000 տեղանոց «Կոնգրես» սրահում կայացավ տեղաբնակ հայազգի եւ Հայաստանից ժամանած արտիստների համատեղ համերգը:

«Առավոտը» կապվեց Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանի հետ: Վերջինս փոխանցեց, որ դեսպանատան նպատակը երաժշտարվեստի հայ բարձրակարգ արվեստագետների միջոցով լիտվացիներին մեր պատմությունն ու արվեստը ներկայացնելն էր: «Երեկոյին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական, արվեստի ու մշակույթի գործիչներ, մտավորականներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնց խոսքն ու կարծիքը այս օրերին դոմինանտում են լիտվական մամուլում: Կարեւորում եմ Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը՝ Երեւանի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, ինչպես նաեւ միջազգային մրցույթների դափնեկիրներ, լիտվաբնակ երգչուհի Հասմիկ Գրիգորյանի, Երեւանի օպերային թատրոնի ճանաչված բարիտոն Գեւորգ Հակոբյանի, դաշնակահար Արմեն Բաբախանյանի մասնակցությունը»,- փոխանցեց դեսպանը: Պարոն Այվազյանը տեղեկացրեց նաեւ, որ համերգին համաշխարհային դասական երաժշտության գոհարների կողքին հնչել են Բաբաջանյանի «Հերոսական բալլադը», Տիգրանյանի եւ Չուխաջյանի օպերաներից Անուշի եւ Արշակ Երկրորդի արիաները եւ այլն:

Հետաքրքրությանը, թե 5 ամիս առաջ պաշտոնավարել սկսած դեսպանը գործունեության  ընթացքում ի՞նչ չափով կանդրադառնա հայ մշակույթին, Արա Այվազյանը պատասխանեց. «Մեր մշակույթի տարածումը արտերկրում, կարծում եմ, իմ եւ կոլեգաներիս առաջնահերթ խնդիրը պետք է լինի: Կոնկրետ մեր դեսպանատան առաջին խոշոր նախագիծն էր այս համերգը: Առաջիկայում կանդրադառնանք հայ մշակույթի այլ ոլորտներին նույնպես: Պարի, կինոյի, թատրոնի, նկարչության եւ այլ «լեզուներով» կներկայացնենք ոչ միայն մեր պատմության անցած էջերը, այլեւ կծանոթացնենք հայ երիտասարդ արվեստագետներին: Ցանկություն կա, որ փոխադարձաբար Հայաստանում էլ մասշտաբային ներկայացվի Լիտվան ու նրա մշակույթը, ինչին մեր դեսպանատունը պատրաստ է օժանդակել»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30