Այս տարի աստղագիտության օրը նշվում է ապրիլի 28-ին. այն շարժական տոն է եւ սովորաբար նշվում է ապրիլից մինչեւ մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածում եւ սահմանված է այնպես, որ տեղի է ունենում Լուսնի առաջին քառորդը նախորդող շաբաթ օրը (օրինակ՝ 2011-ին այն մայիսի 7-ին էր): Այս նախաձեռնությունը սկսվել է 1973թ. Հյուսիսային Կալիֆոռնիայի աստղագիտական ընկերության նախագահ Դագ Բերգերի կողմից, երբ նա բազմաթիվ աստղադիտակներ տեղադրեց հասարակական վայրերում, որպեսզի ցանկացած հետաքրքրվող հնարավորություն ունենար զմայլվել երկնքի գեղեցկությամբ: Ներկայումս այս իրադարձությունն արդեն սատարվում է աստղագիտական մի շարք կազմակերպությունների կողմից: Աստղագիտության օրը սովորաբար կազմակերպվում են հասարակական դիտումներ, դասախոսություններ, հանդիպումներ եւ այլն՝ հասարակության մեջ աստղագիտական գիտելիքները եւ հետաքրքրությունները տարածելու համար: Ըստ Հայկական աստղագիտական ընկերությունից ստացված հաղորդագրության, հայ սիրող աստղագետները («Գուդրայք Ջոն» կազմակերպությունը՝ Ռուբեն Բունիաթյանի գլխավորությամբ) ապրիլի 28-ին, ժամը 20:30-22:30, Կասկադ համալիրի վերեւի հարթակում տեղադրելու են մի շարք սիրողական աստղադիտակներ, որոնցով բոլոր ցանկացողները կարող են դիտել մոլորակներ, աստղեր, աստղակույտեր եւ երկնքի այլ հրաշալիքներ:
«Առավոտ» օրաթերթ