Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսիստը շատ սիրահարված էր, բայց քիչ հաջողված

Ապրիլ 27,2012 13:47

Օրերս Գ. Սունդուկյանի անվան թատրոնում կայացավ Սուրեն Սաֆարյանի բեմադրած «Սիրահարված տաքսիստը» ներկայացման պրեմիերան՝ ըստ Ռեյ Կյունիի «Run for your Wife» գործի: Թարգմանությունը եւ բեմական տարբերակը Լեւոն Մութաֆյանինն էին, զգեստների ձեւավորումը՝ Հասմիկ Աղայանինը:

Դերերում հանդես եկան Դավիթ Թադեւոսյանը, Աննա Հարությունյանը, Ռոզի Ավետիսովան, Անդրանիկ Էթեմեզյանը, Մարի Գրիգորյանը եւ Սարգիս Հակոբյանը:

«Սիրահարված տաքսիստը» կատակերգական ներկայացում է, որտեղ հերոսներն անկախ իրենց կամքից հայտնվում են ծիծաղելի իրավիճակներում եւ էլ ավելի ծիծաղելի կերպով դուրս գալիս այդ իրավիճակներից:

Գլխավոր հերոսը՝ տաքսու վարորդ Ջոն Սմիթը, զուգահեռ փողոցներում ապրող երկու կին ունի, երկուսին էլ շատ է սիրում: Նա հստակ գրաֆիկով այցելում է իր կանանց եւ միշտ կարողանում է իրեն այնպես պահել, որ տիկնայք կասկածներ չունենան ամուսնական հավատարմության վրա: Բայց մի օր «ամուսնական» գրաֆիկը խախտվում է…Ավազակներից տատիկին փրկելու արդյունքում Սմիթը հայտնվում է հիվանդանոցում եւ ոստիկանության տարբեր աշխատողների տալիս իր 2 տների հասցեները: Ընտանեկան խառնաշփոթն արդեն պատրաստ է…

Ռեյ Կյունիի հանրահայտ գործը, որ համարվում է 20-րդ դարի բրիտանական 100 լավագույն պիեսներից մեկը, կատակերգություն է, որը ենթադրում է՝ դահլիճը պիտի պայթի ծիծաղից ու չլարվի, «զոռ չտա» ինտելեկտին: Մյուս կողմից էլ՝ կատակերգությունը դեռ չի նշանակում ջրիկություն կամ ճղճղոց բեմում, ինչի ականատեսը եղանք Սունդուկյան թատրոնում: Դերասանները՝ հիմնականում սերիալային, մի քիչ ավելի էին ճիգ գործադրում՝ հանդիսատեսին զվարճացնելու համար, ինչը արհեստականություն էր հաղորդում նրանց կերպարներին: Իհարկե կային հաջողված կտորներ. տեղ-տեղ լավ էր խաղում Դավիթ Թադեւոսյանը, որը լայն հանրությանը հայտնի է որպես Արամ՝ «Եզրագծից այն կողմ» հեռուստասերիալից: Սարգիս Հակոբյանը՝ նույն սերիալի ոստիկան Սեւակը, որը միշտ «իր ափսեում է զգում» իրավապահի կերպարում, տվյալ պարագայում էլի հաջողված ոստիկան էր, Մարի Գրիգորյանը նախկինում ավելի լավ է հանդես եկել այլ ներկայացումներում, օրինակ՝ «Պաղտասար աղբար», «Ինկած բերդի իշխանուհին» եւ այլն:

«Սիրահարված տաքսիստը» բեմադրությանը կարելի է խիստ չմոտենալ մեկ վերապահումով, որ ռեժիսորից սկսած, դերասաններով ավարտած, բոլորը երիտասարդներ են: Ի դեպ, բավականին հաջող էր բեմի ձեւավորումը: Ինչ վերաբերում է ներկայացմանը, այն «միագիծ» էր ու ընդհանուր առմամբ տաղտկալի, չնայած կազմը ի վիճակի էր ավելի գունեղ, աշխույժ եւ «համով» ներկայացում անելու: Անկեղծ ասած՝ վերնագիրն էլ մի բան չէր, մանավանդ տաքսիստը հայերեն բառ չէ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30