Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԺԿ խմբակցության փոխնախագահ Օրեհան կարեւորեց եվրոպական չափանիշներին համապատասխան եւ արդար ընտրությունների անցկացումը

Ապրիլ 27,2012 13:40

Մեկօրյա այցով Հայաստանում է գտնվում Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) փոխնախագահ Հայմե Մայոր Օրեհան, որի նպատակն է այցելել ԵԺԿ-ում հայաստանյան դիտորդ-անդամ կուսակցություններին, ողջունել նրանց ու ծանոթանալ քարոզարշավի ընթացքին։ Օրեհայի պատվին, այսօր ԵԺԿ-ին փետրվարի 10-ին  անդամակցած «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում ընդունելություն էր կազմակերպվել, որին մասնակցում էին կուսակցության՝ խմբակցության պատգամավորներն ու համամասնական ցուցակով առաջադրված թեկնածուները։
ԵԺԿ խմբակցության փոխնախագահին ուղղված իր ողջույնի խոսքում «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց, թե մեծագույն պատիվ է նրան հյուրընկալել կուսակցության նախընտրական շտաբում, նաեւ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անունից եւս ողջունեց Օրեհային՝ շեշտելով, թե Հովհաննիսյանը ընդունելությանը ներկա չէ, որովհետեւ քարոզարշավի շրջանակներում իր թիմի հետ գտնվում է Լոռու մարզում։ «Դուք Հայաստան եք եկել բավականին կարեւոր մի շրջանում, երբ բոլոր ու այդ թվում՝ «Ժառանգություն» կուսակցությունը քարոզարշավի գործընթացում են։ «Ժառանգությունն» այն կուսակցությունն է, որը 2007 թվականից սկսել է համագործակցել ԵԺԿ-ի հետ՝ բոլոր միաջգային կառույցներում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում, ԵԽԽՎում, Եվրանեսթի ԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում անդամակցելով  այդ խմբակցությանը։ «Ժառանգությունը» մի կուսակցություն է, որը հավատում է Հայաստանի՝ եվրոպական հեռանկարին, նայում է ապագային՝ տեսնելով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրված եւ Հայաստանն էլ ավելի խորը ինտեգրված եվրոպական կառույցներում, եւ այդ ուղղությամբ աշխատել է թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս՝ փորձելով այդ հեռանկարում համոզել ՀՀ քաղաքացուն, եւ նաեւ գործել եվրոպական արժեքներին հավատարիմ»,- հայտարարեց Սաֆարյանը։ Նա նաեւ հույս հայտնեց, որ առաջիկա ԱԺ ընտրություններում ունենալով լուրջ հաղթանակ՝ կուսակցությունն իր ավանդը կարող է բերել Հայաստանի եվրոպականացմանը։ «Մենք հավատարիմ ենք մնում ԵԺԿ գրասենյակում փետրվարի 10-ին ստորագրված հռչակագրին եւ ուզում ենք հավատալ, որ այդ հուշագրի ոգին եւ տառը կպահպանենք առաջիկա ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո՝ Հայաստանը բերելով եվրոպական զարգացման ուղի»։
ԵԺԿ խմբակցության փոխնախագահ Օրեհան իր պատասխան խոսքում հույս հայտնեց, թե ԵԺԿ-ին անդամակցած բոլոր ուժերն էլ, որոնց հետ ԵԺԿ-ն աշխատում է, կկարողանան կարեւոր քայլեր ձեռնարկել Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար։ Նա քաղաքական մրցակցության մեջ կարեւորեց մրցակցությունը, եվրոպական արժեքներ կրելն ու եվրոպական անվտանգությունը՝ հատկապես այն փուլում, երբ Օրեհայի ասելով, Եվրոպան քաղաքական եւ տնտեսական, բարոյական ու նաեւ մարդկային վերաբերմունքի տեսակետից ճգնաժամ է ապրում։ «Ես ինքս պատասխանատվություն եմ կրում եւ հարկ եմ համարում ներկայացնել այդ արժեքները, որպեսզի միասին կարողանանք առաջ շարժվել դեպի Եվրոպայի ճիշտ ապագա»,- հայտարարեց Օրեհան։
Անդրադառնալով Հայաստանում սպասվող ընտրություններին՝ ասաց, թե Եվրոպայում էլ ժողովրդավարության իմաստով խնդիրներ կան, մասնավորապես՝ Հոլանդիայում,Ֆրանսիայում, Բելգիայում եւ այլ պետություններում, որտեղ ժողովրդավարությունը 70-80 տարվա պատմություն ունի, եւ դա պայմանավորված է այդ տարիքի մարդուն բնորոշ հատկանիշներով՝ հոգնածություն, տարիք, առողջական վիճակ եւ այլն։ Իսկ քանի որ Հայաստանում ժողովրդավարությունը երիտասարդ է որպես՝ երեւույթ, ապա ըստ Օրեհայի,կարեւոր է ուժ գտնել ժողովրդավարությունը կյանքի կոչելու համար։ Ժողովրդավարության տեսանկյունից երիտասարդ պետությունները, նրա համոզմամբ, դա անելու լավ հնարավորություն ունեն։ «Հայաստանն այդ ճանապարհին միայնակ չէ, եւ  այդ ժողովրդավարությունը նրան կայունություն կտա։ Նա այդ իմաստով կարեւորեց «Ժառանգության» անդամակցությունը ԵԺԿ-ին, կարեւորեց նաեւ եվրոպական չափանիշներին համապատասխան եւ արդար ընտրությունների անցկացումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30