Այսօր Հայաստանում Gellup International Association ընկերության ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ու ընկերության ներկայացուցչության հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը ներկայացրեցին ԱԺ մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների առիթով անցկացրած սոցհարցման տվյալները, որն իրականացվել է Երեւանում եւ Հայաստանի մարզերում ապրիլի 19-23-ը ընկած ժամանակահատվածում: Նշվեց նաեւ, որ Gellup International Association ընկերությունը խորհրդարանական ընտրությունների օրը եւս կիրականացնի սոցհարցում եւ exit poll:
Գայանե Դաջունցի փոխանցմամբ՝ հետազոտության մեթոդաբանությունը հետեւյալն է. այն իրականացվել է 18 տարեկանից բարձր 1080 բնակիչների միջեւ: Հարցվողների ընտրությունը կատարվել է պատահականության սկզբունքով, մինչեւ 20 րոպե տեւող հարցազրույցի միջոցով:
Արամ Նավասարդյանի ներկայացմամբ՝ ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում ՀՀ նախագահի, կառավարության եւ ԱԺ-ի գործունեությունը հարցին պատասխանելով՝ հարցվածների 55 տոկոսը նախագահի աշխատանքն է դրական գնահատել, 44 -ը՝ կառավարությանը, 34 -ը՝ ԱԺ-ի: Թե որոնք են ներկա պահին պետության առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրները, 74-ը պատասխանել է գործազրկությունը, 42 -ը՝ տնտեսական վիճակը, 30 -ը՝ գնաճը, ինֆլյացիան, 23 -ը՝ արտագաղթը, 15 -ը՝ ցածր թոշակները, 13 -ը՝ բարձր հարկերը, 12 -ը՝ առողջապահական համակարգի վատ վիճակը, 11 -ը՝ կառավարման վատ համակարգը, կոռուպցիան եւ 10 տոկոսը նշել է կրթական համակարգի վիճակը:
Ըստ Gellup International Association-ի՝ Հայաստանում բնակչության 33 տոկոսը ավելի շուտ հետաքրքրված է քաղաքականությամբ, 26 -ը՝ ավելի շուտ հետաքրքրված չէ, 19-ը՝ ընդհանրապես հետաքրքրված չէ, հարցվածների 15 տոկոսը չի կարող ասել հետաքրքրված է, թե՝ ոչ, եւ միայն 7 տոկոսն է, որ շատ է հետաքրքրված: Ինչպիսի հատկություններով պետք է օժտված լինի քաղաքական կուսակցության լիդերը հարցին՝ հարցված ազգաբնակչության 46 տոկոսը նշել է՝ հասկանա մարդկանց խնդիրները, 35 տոկոսի համոզմամբ՝ վստահելի լինի , 30 -ի կարծիքով՝ բոլորից լավ իմանա, թե ինչ է անհրաժեշտ երկրի համար, եւ այլն: Քաղաքական կուսակցություններից որն է առավել հեղինակավոր. ահա այս հարցին 56 տոկոսը, որպես այդպիսին, նշել է ՀՀԿ-ին, 50-ը՝ ԲՀԿ-ին, 7-ը՝ ՀՅԴ-ին, 7 -ը՝ ՕԵԿ-ին, 5-ը՝ «Ժառանգությանը», 4-ը՝ ՀԱԿ-ին, 1-ը՝ Կոմկուսին, 1-ը՝ Դեմկուսին, 0,1 տոկոսն էլ Միավորված հայեր կուսակցությանը, հարցվածների 5 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 11-ը՝ ոչ մեկին հեղինակավոր չի համարել:
Կարդացեք նաև
Հարցվածների 76 տոկոսը անպայման մասնակցելու է մայիսի 6-ին կայանալիք ընտրություններին, 14-ը՝ հավանաբար կմասնակցի, 6-ը՝ հաստատապես չի մասնակցելու, 5-ը դեռ չի կողմնորոշվում:
Իսկ եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով, որ քաղաքական ուժի/կուսակցության օգտին կքվեարկեիք հարցին մարդկանց 27,4 տոկոսը նշել է ՀՀԿ-ին, 20,9-ը ՝ ԲՀԿ-ին, 8,5-ը՝ ՀԱԿ-ին, 4,4-ը՝ «Ժառանգությանը», 4,2-ը՝ ՕԵԿ-ին, 3,7-ը՝ ՀՅԴ-ին, 0,7-ը՝ Կոմկուսին, 0,1-ը՝ Դեմկուսին, 11,8-ը հրաժարվել է պատասխանել, 8,4-ը դժվարացել է պատասխանել, 5,9-ը՝ չի մասնակցի եւ 3,9-ը՝ բոլորին դեմ է: Իսկ համամասնական ընտրակարգով առաջադրվածների վերաբերյալ հարցումների արդյունքները հետեւյալն են. ՀՀԿ-ի օգտին կքվեարկեր 39,2 տոկոսը, ԲՀԿ-ին՝ 29,9-ը, ՀԱԿ-ի օգտին՝ 12,2-ը, «Ժառանգությանը»՝ 6,3-ը, ՕԵԿ-ին՝ 6-ը, ՀՅԴ-ին՝ 5,3-ը, Կոմկուսին՝ 1,1-ը, իսկ Դեմկուսին ձայն կտար հարցվածների 0,1 տոկոսը:
Ընտրազանգվածի սպասումները նոր ձեւավորվող խորհրդարանից հետեւյալն է՝ մարդկանց միայն 33 տոկոսն է համոզված, որ տեղի կունենան որոշակի դրական փոփոխություններ, 42-ը համոզված է՝ ոչինչ չի փոխվի: Իսկ թե որոնք են քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրները՝ հարցվածների 91 տոկոսը նշել է՝ հեռուստատեսությունը, 20-ը՝ ինտերնետը, 17-ը՝ շրջապատից ստացված տեղեկությունները, 10-ը՝ մամուլը, 9-ը՝ ռադիոն, 3-ը՝ հանրահավաքները եւ այլն:
Հետազոտության ամբողջական տվյալները դիտեք այստեղ Gellup
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ