Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանում ԶԼՄ օրենքը չի գործում

Ապրիլ 27,2012 13:32

Լուսանկարելու եւ տեսանկարահանելու թույլտվությունը՝ օրվա հարց

Դատական դռնբաց նիստերը լուսաբանող լրագրողները մշտապես պատմությունների մեջ են հայտնվում, երբ փորձում են նախագահող դատավորից թույլտվություններ ստանալ լուսանկարելու, տեսանկարահանելու, ձայնագրելու համար:

Այդպիսի մի պատմության մեջ ընկանք օրեր առաջ, երբ «Առավոտն» ու «Ա1+»-ը ՀՀ վարչական դատարանում խնդրեցին դատավորին, որպեսզի նա թույլ տա լուսանկարել, նկարահանել «Ժառանգություն» կուսակցության անդամներ, ԱԺ պատգամավորներն ընդդեմ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշման դեմ հայցով դատական նախնական նիստը: Դատավոր Կարեն Ավետիսյանն ասաց, որ Վարչական օրենսգիրքը նման ընթացակարգ չի սահմանել, իսկ երբ «Առավոտը» մեջ բերեց ԶԼՄ գործող օրենքը, դատավորը դարձյալ պնդեց իրենը: Ստացվեց, որ վարչական դատարանն արտոնյալ կարգավիճակ ունեցող հատուկ դատարան է, քանի որ, ի տարբերություն այլ դատարանների, չի ապահովում դատական նիստերի հրապարակայնությունը, չի հարգում ԶԼՄ գործող օրենքը, չի հարգում մարդկանց՝ ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ավելին՝ լրագրողը չի կարողանում լիարժեք մասնագիտական գործունություն ծավալել վարչական դատարանում:

Լրատվամիջոցներն առաջնորդվում են նաեւ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114 հոդվածի 3-րդ կետով, որի համաձայն՝ «Գործին մասնակցող անձինք եւ դռնբաց դատական նիստին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարել գրառումներ, սղագրություն եւ ձայնագրություն: Դատական նիստի կինո եւ լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաեւ հեռարձակումը ռադիոյով ու հեռուստատեսությամբ կատարվում են կողմերի համաձայնությամբ՝ գործը քննող դատարանի թույլտվությամբ»: Ստացվում է, որ ընդհանուր իրավասության, վերաքննիչ, վճռաբեկ, անգամ Սահմանադրական դատարանում կարող ենք տեսաձայնագրել, նկարահանել, լուսանկարահանել՝ ստանալով դատարանի թույլտվությունը, իսկ վարչական դատարանում՝ ոչ:

Ի դեպ, 2003 թ. ԱՄՆ իրավաբանների ընկերակցության կողմից հրատարակված «Դատական լրագրողի ուղեցույցում» (հեղինակներ՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մհեր Խաչատրյան եւ իրավաբան Դավիթ Խաչատուրյան) «Ի՞նչ կարգով է լրագրողը դիմում դատական նիստը ձայնագրելու կամ նկարահանելու թույլտվություն ստանալու համար» հարցը այս պարզաբանումն է ստացել. «Լրագրողը նման խնդրանքով դիմում է դատարանին՝ մինչեւ դատական նիստը կամ դրա ընթացքում: Ամեն դեպքում, նկարահանելու թույլտվության հարցը պետք է քննվի դատական նիստում, եւ այդ մասին ընդունած որոշումը վերջնական է»:

Սակայն, եթե հիշում եք, նույն վարչական դատարանում (դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ), երբ քննվում էր «Մելտեքս ՍՊԸ»-ն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործը, լրագրողները դիմեցին դատավորին՝ տեսանկարահանելու թույլտվություն ստանալու համար: Դատավորը պատասխանեց. «Դուք դատավարության կողմ չեք՝ մի խանգարեք, ընդամենը կարող եք նստել ու լսել»:

Ավելին, զավեշտի վերածվեց դատավորի մեկ այլ հայտարարություն էլ. «Միգուցե ձեր մասնագիտական գործունեության ընթացքում ուզենաք նկարահանել նաեւ ինչ-որ մեկի ննջասենյա՞կը»:

Մարզերից մեկում՝ սպանության գործով դատաքննության ժամանակ, դատավորն արգելեց նկարահանել, հարկ չհամարելով պատճառաբանել, թե ինչի համար, քանի որ դատավարության կողմերի կարծիքներն էլ չէր հարցրել: Դատավորն անգամ չգիտեր, թե կա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Ուղղված Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին լրատվամիջոցների կողմից քրեական դատավարության վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու մասին» թիվ 13 Հանձնարարականի (2003թ.) հավելվածի 14-րդ սկզբունք. որով սահմանված է. «Ուղիղ հեռարձակումը եւ նկարահանումը լրատվամիջոցների կողմից դատական նիստերի դահլիճներում չպետք է թույլատրվի, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բացահայտորեն թույլատրված է օրենքով կամ համապատասխան պաշտոնյաների կողմից: Տեղեկատվության մատուցման այս եղանակը չպետք է թույլատրվի միայն այն դեպքերում, երբ դա տուժողների, վկաների, քրեական դատավարության մասնակից կողմերի, երդվյալների կամ դատավորների վրա անցանկալի ազդեցության լուրջ վտանգ է ներկայացնում»:

Այս դեպքում «անցանկալի ազդեցության լուրջ վտանգն» առկա էր միայն դատավորի համար:

Ի դեպ, վերոհիշյալ փաստաթղթում լրագրողների ներկայությունը դատարանի դահլիճում դիտարկվում է որպես հանրության ներկայություն. «Հաշվի առնելով, որ համաձայն հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքի՝ լրատվամիջոցներն իրավունք ունեն հանրությանը տեղեկատվություն հաղորդել, այդ թվում՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն, համաձայն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի, եւ նրանք մասնագիտական պարտավորություն ունեն դա կատարելու»:

Գործող «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված է. «Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ»: Սակայն դա այդպե՞ս է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30