Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուներին մահափորձը չի սպառնում

Ապրիլ 27,2012 13:29

Թիկնապահները, ըստ  PR մասնագետ Հայկ Կիրակոսյանի, մի բան էլ հակաքարոզչություն են թեկնածուների համար

ՀՀ կուսակցություններին ու պատգամավորի թեկնածուներին թվում է, թե մարզից մարզ գնալով ու բակային հանդիպումներ ունենալով, կարող են իրենց ուզած արդյունքներն ապահովել, սակայն այսօր անգամ իրենց ողջ ճարտասանական արվեստն ու հռետորությունը օգտագործելու պարագայում էլ դժվար թե հաջողությունների հասնեն, քանի որ, ըստ PR մասնագետի, ժամանակները փոխվել են, տեխնոլոգիաները՝ զարգացել, իսկ մեր թեկնածուները մնացել են նախորդ դարում: Եթե մեր թեկնածուները, ըստ մասնագետների, գոնե ժամանակակից PR-ի 10%-ն էլ օգտագործեն, ապա մեծ հաջողությունների կհասնեն: Մինչդեռ PR-ի մասնագետ Հայկ Կիրակոսյանի աշխատանքային պրակտիկան ցույց է տվել, որ անգամ ամենահարուստ նախընտրական հիմնադրամ ունեցող կուսակցությունները հրաժարվում են ժամանակակից PR տեխնոլոգիաներից՝ պատճառաբանելով՝ դե, գյուղացին ի՞նչ պիտի հասկանա դրանից:

«Առավոտի» հետ զրույցում PR-ի զարգացման հայկական կենտրոնի նախագահ, խորհրդատու Հայկ Կիրակոսյանը վստահեցրեց, որ PR նորագույն տեխնոլոգիաները ժողովրդի հասկանալու հետ կապ չունեն, դրանք հիմնականում հուզական դաշտին են վերաբերում:

Միակ նոր բանը, որ այս նախընտրական շրջանում օգտագործվում է, համացանցն է, որն էլ, մասնագետի կարծիքով, ինքնաբերաբար է ստացվել: PR խորհրդատուի խոսքերով՝ «Ֆեյսբուքի դաշտն են տեղափոխվել: Դա էլ մեր քաղաքական գործիչների շնորհքը չէ, դա ինֆորմացիոն առաջընթացի արդյունք է: Մյուս հնարքը, որ նոր է, դա վիրուսային նկարների, տեսանյութերի եւ ռեփ կատարումներն են: Բավականին ակտիվ է ռեփ-լուրերի շարքը, որը կոնկրետ մեսիջով յութուբի միջոցով բավականին արագ մեծ լսարան է գրավում»:

PR տոխնոլոգիաների հարցում մերոնք այնքան անտեղյակ են, որ նույնիսկ սեւ PR-ը չեն կարողանում ճիշտ օգտագործել: Մասնագետի դիտարկմամբ՝ «Գրագետ օգտագործելու դեպքում դա էլ կարող է էֆեկտիվ գործիք լինել: Բայց քանի որ սեւ PR-ից անցնում են փոխադարձ վիրավորանքների, կեղծիքի տարածման, որոնք անգամ բարոյական տեսակետից ընդունելի չեն, դրանք հակառակ արդյունքն են թողնում, որովհետեւ հաճախ վարկաբեկվում է ոչ թե նա, ում հասցեին ասվում է, այլ նա, ում շուրթերից հնչում է»: Մեր այն հարցին՝ արդյոք Հայաստանում կաշխատե՞ն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կամ Վլադիմիր Պուտինի PR միջոցները, երբ անկաշկանդ երգում կամ պարում էին, Հայկ Կիրակոսյանն ասաց. «Եթե այդ հնարքներն իրենց սազական լինեն եւ երգել-պարել գիտեն՝ կաշխատի: Կամ ասենք՝ կիթառ նվագել իմանան, դրանով նրանք հսկայական համակիրների խումբ կհավաքեն: Օրինակ՝ ԱՄՆ-ում նախագահի թեկնածուն նախընտրական շրջանում անցնում է դերասանական վարպետության արագացված կուրսեր, որպեսզի հմտորեն տիրապետի մարմնին, ժեստերին, խոսքին, միմիկային: Օրինակ՝ Օբամայի վրա աշխատող թիմն այնպիսի հնարքներ էր օգտագործել, որ ժողովուրդը նրան ասոցացնում էր իր պաշտելի անձի՝ Աբրահամ Լինքոլնի հետ. Օբաման նույնիսկ երդվեց այն Աստվածաշնչի վրա, որի վրա նաեւ Լինքոլն էր երդվել: Իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինը գրեթե բոլոր կերպարներով երեւացել է՝ սկսած բանվորից, հող փորող գյուղացուց մինչեւ ինժեներ կամ կարատեիստ: Իսկ մենք ի՞նչ ենք տեսնում՝ խոսացող կիսանդրիներ՝ սովորաբար ձանձրացնող եւ ամեն անգամ փողկապով դեմքեր»: Մեզ մոտ էլ կաշխատի թեկնածուների՝ շարքային քաղաքացու կերպարով հանդես գալը, եթե դա, մասնագետի կարծիքով, առանց «օլիգարխիկ խառնուրդների» լինի. ասենք՝ եթե փորձեն լողորդի սպորտային ոճով իրենց ներկայացնել, ապա գոնե լողափում. «Այլ ոչ թե սաունայում, քանի որ դա հակառակ էֆեկտը կթողնի»:

Մեր այն հարցին էլ, թե որքանո՞վ է ճիշտ քաղաքական PR տեսակետից քարոզարշավներին թիկնապահներով ներկայանալ, պարոն Կիրակոսյանն ասաց. «Մեր քաղաքական առաջնորդներին մահափորձ չի սպառնում, հետեւաբար թիկնապահներով ներկայանալը ժողովրդի մեջ վանող ու պատնեշող մի բան է: Պետք է հնարավորինս քիչ պահարան հիշեցնող, հնարավորինս շատ մազածածկույթով ու սովորական հագուստով լինեն թիկնապահները, կոստյումի փոխարեն սովորական սվիտր հագնեն: Այսօր տեսնում ենք, որ գրեթե բոլոր քաղաքական առաջնոդների թիկնապահները ժողովրդին հրելով ճանապարհ են բացում, իսկ դա մարդկանց մոտ վատ տպավորություն է թողնում, ու հրվող մարդը հաստատ ձայն չի տա: Ստացվում է՝ առաջնորդը գալիս է քարոզչություն անելու, իսկ թիկնապահները՝ հակաքարոզչություն»: Ի մի բերելով քաղաքական կուսակցությունների նախընտրական քարոզչությունը՝ PR խորհրդատուն այսպես գնահատեց. «ՕԵԿ-ի գնացքն արդեն գնացել է, որը պայմանավորված է նախորդ ընտրություններով, այնտեղ «աչքը ջուր կտրած» սպասող ուղեւորներ կան, որոնց գնացքը չի վերցնելու: «Ժառանգությունը» ԱԺ-ում գործունեություն ծավալելով՝ ժողովրդի առջեւ արդարացել է եւ իրենց անմիջական շփումները մարդկանց հետ՝ փողոցներում քայլելով, լավ ազդեցություն են թողնում: Իսկ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի դեպքում, հիմնական կռիվը այս 2-ի մեջ է, բայց դա էլ կարող է խաղ լինել, որպեսզի ասենք՝ ՀԱԿ-ը որոշ չափով հետին պլան մղվի. գուցե նաեւ իրական պայքար է ընթանում: Այլ կլիներ խաղաքարտերի դասավորվածությունը, եթե լրիվ մեկ այլ նոր թարմ քաղաքական ուժ ի հայտ գար՝ նոր մարդկանցով: ՀՅԴ-ի մասով էլ, ինչպես նախորդ ընտրություններին՝ հին ընկերներին չէին դավաճանում, հիմա էլ կարող ենք ասել՝ հին տեխնոլոգիաներին չեն դավաճանում, կամ էլ հին տեխնոլոգիաները չեն դավաճանում: ՀՅԴ-ն էլի իր ամուր դիրքերն ունի, բայց 2012-ին նրա համակիրների թիվը եթե չի պակասել, ապա չի էլ աճել: Այս պահին 2012-ի ընտրությունները կարելի է բնութագրել՝ ընտրություններ առանց ընտրության կարգախոսով»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ  

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30