Համոզված է ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
– Նախընտրական քարոզարշավն արդեն կիսվեց, խորհրդարանում հայտնվելու համար հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերը արդեն շուրջ քսան օր ներկայացնում են իրենց ծրագրերը: Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս է անցնում քարոզարշավը:
– Իմ գնահատմամբ՝ նախընտրական քարոզարշավը ընթանում է շատ բնականոն ճանապարհով, բոլոր ուժերը ակտիվորեն են մասնակցում: Հանրապետականի կենտրոնական ընտրական շտաբը եւս իրականացնում է իր առաքելությունը: Մենք նախապես կուսակցության եւ երկրի նախագահի հետ դեռ անցած տարվա դեկտեմբերի 30-ին ենք համաձայնեցրել մեր աշխատանքային ծրագրերը, եւ այժմ շտաբը համակարգված իրականացնում է բոլոր ծրագրերը: Առաջին ագամ շտաբային աշխատանքը կազմակերպվել է քառաստիճան համակարգով, ինչը առավել արդյունավետ է դարձնում շտաբների միջեւ կապն ու աշխատանքը: Կենտրոնական շտաբից բացի՝ մենք ունենք 1700-ից ավելի շտաբներ: Բոլոր մարզային շտաբները, ենթաշտաբները ապահովված են թե տեխնիկապես եւ թե քարոզչական բոլոր նյութերով, որոնք կարեւոր են ընտրարշավը իրականացնելու համար: Շտաբները տեղերում շատ ակտիվ են եւ պրոֆեսիոնալ իրենց գործում: Մենք ամեն ինչ անում ենք օրենքին համապատասխան քարոզչություն իրականացնելու համար:
Սակայն ես ավելի շատ կուզեի խոսել ոչ թե այս մասին, այլ՝ ընտրությունների որակի: Մեր թիվ մեկ խնդիրը այսօր հենց ազատ, արդար եւ «Ընտրական օրենսգրքին», եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումն է: Մեր բոլոր աշխատանքները առաջին հերթին ուղղում ենք այս նպատակին: Սա մեր երկրի եւ մեր կուսակցության նախագահի կողմից համարվում է խիստ կարեւոր, եւ մենք բոլորս կուսակցության ղեկավարի կողմից ունենք հանձնարարական՝ աշխատանքները այնպես կազմակերպել, որպեսզի հնարավոր լինի անցկացնել բարձր մակարդակի ընտրություններ: Այս ընտրություններն իրենց որակով եւ ժողովրդավարությամբ պետք է տարբերվեն մինչ այժմ անցկացված բոլոր ընտրություններից: Ոչ միայն մենք ենք այդպես աշխատում եւ ձգտում դրան, այլեւ կոչ ենք անում մեր բոլոր մրցակիցներին, որպեսզի ընտրական պայքարում չփորձեն չափն անցնել եւ տեղավորվեն օրենքի շրջանակներում:
Կարդացեք նաև
– Մամուլում գրվեց, որ ՀՀԿ նախընտրական շտաբում անգործություն է տիրում եւ չկա ակտիվ ելումուտ: Այդպե՞ս է արդյոք:
– Եթե մարդիկ հավատային մինչ այժմ մամուլի միջոցով տարածվող հազար ու մի անհեթեթությունների, Դուք պատկերացնո՞ւմ եք, թե որքան կհեռանային իրականությունից: Իրականում մենք գիտենք, թե այդ կարգի լուրերը հատկապես ովքեր են տարածում եւ ինչ նպատակով: Մենք քմծիծաղով ենք վերաբերվում այդ կարգի սուտ լուրերին եւ ցավակցում ենք այն մարդկանց, որոնք փոխանակ իրենց աչքի գերանը տեսնեն, ուրիշի աչքի փուշն են մատնացույց անում: Իրականում մեր շտաբը բավականին ակտիվ է աշխատում, եւ մեր հիմնական գործը ոչ թե շտաբում պարապ-սարապ նստելն է, ինչպես վարվում են որոշ այլ շտաբներում, այլ մեր գլխավոր անելիքը տեղերում է՝ կոնկրետ մարդկանց հետ, համայնքներում: Ես մեր խոսքի սկզբում շեշտեցի, որ ակտիվորեն գործում են մեր բոլոր 1700 շտաբները: Մեր գործը ընտրողի հետ է, ինչը եւ անում ենք: Բացի այս, մենք ունենք նաեւ քարոզչական խմբեր, որոնք արդեն հասցրել են հանդիպումներ ունենալ Հայաստանի 915 համայնքներից շուրջ 520-ում, եւ մինչ քարոզարշավի ավարտը մեր քարոզչական խմբերը կհասցնեն լինել ընդհանուր առմամբ մոտ 700 համայնքներում: Այդ քարոզչական խմբերում ընդգրկված են բոլոր ոլորտների ներկայացուցիչներ՝ գիտնականներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ, կառավարության անդամներ, կուսակցականներ: Այս աշխատանքը մենք շատ ենք կարեւորում, քանի որ տեղերում կոնկրետ մարդկանց հետ աշխատելը միշտ էլ ավելի արդյունավետ է: Մեր քարոզչական խմբերը ընտրողներին են ներկայացնում մեր կուսակցության ծրագիրը եւ նպատակները: Համայնքներում բնակիչները ոչ միայն շփվում են իշխանության ներկայացուցիչների հետ, լսում են նրանց, այլեւ իրենք են առաջարկություններ ներկայացնում: Մեր կուսակցության նախագահը, այո, ամեն օր հանդիպումներ է ունենում տարբեր համայնքներում, եւ զուգահեռ՝ մեր ամբողջ թիմն է ակտիվորեն մասնակցում նախընտրական հանդիպումներին: Աշխատանքներն այնպես են կազմակերպված, որ յուրաքանչյուրն ունի իր անելիքը եւ կատարում է իր գործը:
– Ձեր կուսակցությունը վերջերս հրապարակեց Կանոնակարգ-ուղեցույց՝ ընտրությունների անցկացման որակի մասին: Ինչո՞վ եք պայմանավորում այս նորամուծությունը:
– Այո, ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոնները հաստատվել են մեր կուսակցության Գործադիր մարմնի կողմից, կա հանձնարարական բոլոր կառույցներին, որ առաջնորդվեն դրանով, եւ այդ կանոններից ցանկացած շեղում կենթարկվի ամենախիստ պատասխանատվության: Հասկանալի է, որ որպես իշխող կուսակցություն՝ մենք ամենամեծ պատասխանատվությունն ենք կրում ընտրությունների որակի համար եւ ձգտում ենք անցկացնել եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություն: Մեր նպատակն է ինտեգրվել եվրոպական ընտանիքին, իսկ այս ընտրություններով մենք ունենք բոլոր նախադրյալները՝ էլ ավելի առաջ գնալու ժողովրդավարական երկիր դառնալու ճանապարհին: Պարզապես պետք է ձգտել դրան: Մենք ոչ մեկի առաջ պատասխանատու չենք՝ ոչ դրսից, ոչ ներսից, մենք առաջին հերթին պատասխանատու ենք մեր ժողովրդի առաջ: Հասկանում ենք, որ կա վստահության վերականգնման անհրաժեշտություն, եւ նորմալ ընտրությունների անցկացումն առաջին հերթին մեզ է պետք: Մեր կուսակցության եւ երկրի նախագահը բոլոր հանդիպումների ժամանակ՝ եւ ընտրողների հետ, եւ կուսակցության ակտիվի հետ անչափ կարեւորում է եւ խստորեն դնում է հենց այդ հարցը՝ արդար, ժողովրդավարական եւ որակյալ ընտրությունների անցկացումը: Եվ մենք սա պետք է իրականացնենք միասին:
– Արդյոք Ձեր ասածներին չե՞ն հակասում այն տեղեկությունները, որ Ձեր կուսակցությունն արդեն սկսել է ընտրակաշառք բաժանել եւ հավաքել մարդկանց անձնագրերը:
– Ասեմ, որ մենք եւս ստացել ենք այդ կարգի ահազանգեր, գնացել ենք այդ ահազանգերի ետեւից, փորձել ենք պարզել, թե ով է բաժանում, որտեղ, եւ պարզել ենք, որ նման բան չկա: Գուցե մեկ-երկու մեծամասնականով առաջադրված թեկնածուներ նման ինչ-որ քայլեր արել են, բայց մեր թեկնածուների մասով մենք հրահանգել ենք բացառել այդ կարգի դեպքերը: Այդպիսի լուրեր տարածողներն առաջնորդվում են պարտվողի հոգեբանությամբ: Շատ լավ իմանալով իրենց թույլ հնարավորությունները՝ այդ ուժերը նման կեղծ լուրեր են տարածում: Այն քաղաքական ուժերը, որոնք հույս չունեն, թե կհաղթահարեն անհրաժեշտ շեմը, անգամ հայտարարում են, որ նախապատրաստվում են մայիսի 7-ին ցույցեր կազմակերպել: Իրենց խնդիրն է, կրկնում եմ՝ դա պարտվողի հոգեբանություն է, եւ իրենք արդեն իսկ գիտեն, որ պարտված են, այդտեղից էլ գալիս են կեղծ լուրերը:
– Իսկ ձեր կուսակցությունն ինչպիսի՞ հոգեբանությամբ է գնում ընտրությունների:
– Չեմ ուզում ստվեր գցել այլ ուժերի հավակնությունների վրա, բայց այն տեղեկությունները, որ մենք ստանում ենք մարզային շտաբներից, տեղերից, մեզ հույս, հավատ եւ համոզմունք են ներշնչում, որ ընտրողների մեծ մասը՝ 40 տոկոսից ավելին, իր քվեն տալու է հենց Հանրապետականին: Դա երեւում է նաեւ հարցումների արդյունքում, եւ ես հաստատ համոզված եմ, որ Հանրապետականը հաղթահարելու է 40 տոկոսի շեմը:
– Փաստորեն, հաղթողի հոգեբանություն…
– Մենք ոչ մեկի հետ չենք պայքարում, որ հաղթենք կամ պարտվենք: Այս ընտրություններում հաղթողը լինելու է մեր ժողովուրդը: Ընտրությունը մրցակցություն է, եւ մեր ցանկությունն է ունենալ մեծամասնություն Ազգային ժողովում եւ ձեւավորել կառավարություն:
Մի բանի մասին եւս ուզում եմ խոսել՝ անցած տարիների ընթացքում գործում էր կոալիցիան, սակայն այս ընթացքում տեսնում ենք, որ մեր գործընկերները բոլոր լավ գործերը, զարմանալիորեն, իրենց են վերագրում, իսկ բացթողումները վերագրում են միմիայն Հանրապետականին: Սա ազնիվ չէ, որովհետեւ մենք 2007թ. ունենալով մեծամասնություն՝ կարող էինք միայնակ կազմել կառավարություն, բայց գնացինք կոալիցիա ձեւավորելու ճանապարհով: Մենք բազմիցս ասել ենք, հիմա էլ ենք ասում, որ պատասխանատվություն ենք կրում եւ լավի, եւ վատի համար: Բայց չի կարելի հաջողությունները կիսելիս դառնալ բաժնետեր, խնդիրները թողնել մեկի վրա: Ես համոզված եմ, որ ժողովուրդը Հանրապետականին է տալու հնարավորություն՝ շարունակելու ծրագրերը: Եվ դա ունի հիմնավոր պատճառներ՝ ժողովուրդը հավատում է մեզ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ