Լրահոս
Օրվա լրահոսը

Մղձավանջի սպառնալիքով

Ապրիլ 27,2012 13:12

Կա հստակ օրինաչափություն, որը անվրեպ գործում է 1998 թվականից ի վեր: Հենց որ գալիս է նախընտրական շրջանը, իշխանությունը հիշում է «ցրտի եւ մթի» մասին: Եթե նույնիսկ այդ ընտրություններին չի մասնակցում ՀՀՇ-ն կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իշխանությունը ցանկացած ընդդիմադիր թեկնածուի հետեւում տեսնում է նրանց «ականջները», եւ ապացուցելու համար, թե որքան վատն են իրենց մրցակիցները, մեջտեղ է բերում 90-ականների «սարսափներն» ու «մղձավանջները»: Քանի որ տվյալ «հնարքը« կրկնվում է արդեն առնվազն 6-րդ անգամ, հակված եմ մտածելու, որ քարոզչական այդ «զենքը» հաջողության այս կամ այն աստիճանով «կրակում է»՝ բնազդներով ապրող մարդկանց համար այդ տարիների կենցաղային վատ պայմանները իսկապես «հզոր փաստարկ» են: Այս օրերին Ֆեյսբուքում լայն տարածում է գտել լուսանկարների շարք, որտեղ պատկերված են հացի հերթերը, բարեգործական վառելիքի բաժանման գործընթացը եւ այլ սարսափազդու պատկերներ՝ «չենք ների ՀՀՇ-ին» մակագրություններով: Դա, իհարկե, դեռ «ժուռնալն է»՝ բուն «կինոն» ցույց են տալու ՀՀԿ-ի տաղանդավոր հռետորները՝ Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ, որոնք «կթարմացնեն ժողովրդի հիշողությունը», իսկ ավելի շուտ՝ բնազդները, էմոցիաները:

Ընդհանրապես, մեր քաղաքական (եւ ինչո՞ւ միայն քաղաքական) մշակույթը հիմնված է բացասական հույզեր արթնացնելու վրա, եւ դրանում ես տեսնում եմ մեր զարգացման կարեւորագույն խոչընդոտներից մեկը: Այս 18 տարում չի եղել մի ընտրություն, երբ ընդդիմությունը չասի. «Ժողովուրդ, մենք պետք է օր առաջ ազատվենք այս մղձավանջից: Եթե սրանք եւս մի քանի տարի մնան իշխանության գլուխ, Հայաստանը կկործանվի, կվերանա, կջնջվի աշխարհիս երեսից»: Իշխանությունները խոսում են «ՀՀՇ-ական մղձավանջի», իսկ ՀՀՇ-ականները՝ «հանրապետական մղձավանջի» մասին: Ոչ ոք չի դիմում քաղաքացիներին՝ «եկեք ձեւակերպենք բոլորիս համար ընդունելի նպատակներ» եւ պահպանելով մեր բոլոր տարաձայնությունները՝ շարժվենք այդ ուղղությամբ»: Վրաստանի հաջողությունները պայմանավորված են հենց այդ «կոնսենսուսային» գաղափարների առկայությամբ, ոչ թե նրանով, որ Սաակաշվիլին մեր լիդերներից ավելի ազնիվ է, ավելի լեգիտիմ է կամ ավելի տաղանդավոր:

Իրականում ոչ 90-ականներին, ոչ դրանից առաջ, ոչ էլ դրանից հետո մղձավանջ չի եղել: Եղել են մեր երկրի համար օրհասական պահեր, օրինակ՝ հենց այդ՝ 90-ական թվականներին, երբ հանրապետությունում ցորենի երկու օրվա պաշար էր մնացել, կամ երբ հակառակորդը քիչ էր մնում՝ նորից փակեր Լաչինի միջանցքը: Դրանք, ինչ խոսք, դրամատիկ իրավիճակներ էին, որոնցից մեր ժողովուրդը պատվով է դուրս եկել: Դրանց հետ համեմատած քաղաքական միավորներ շահելու նպատակով անցյալը կամ ներկան «դրամատիզացնելու» փորձերը անլուրջ եւ բավականին տգեղ են թվում:

Մղձավանջը կամ դրախտը խիստ հարաբերական հասկացություններ են: Դրանք ոչ միայն հարաբերական են, այլեւ չափազանց սուբյեկտիվ, անհատական: Ենթադրենք, մարդը կարող է ունենալ չափազանցված ամբիցիաներ կամ իր առաջ դնել անիրագործելի նպատակներ, եւ երբ հաջողության չի հասնում, կյանքը դառնում է մղձավանջ իր եւ իր մերձավորների համար: Եվ հակառակը՝ եթե մարդը գտել է, թեկուզ համեստ, բայց ի՛ր տեղը կյանքում, ապա անկախ բոլոր ռեժիմներից՝ սարսափներն ու մղձավանջները նրան չեն սպառնում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30