Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահրամ Կաժոյանը. Մենք ազգային փոքրամասնությունների մշակույթը պաշտպանում ենք, հարեւան երկրները՝ ոչ

Ապրիլ 27,2012 12:37

Այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված միջազգային եւ ազգային օրենսդրությամբ ամրագրված փոքրամասնությունների իրավունքներին եւ հասարակության շրջանում դրանց վերաբերյալ իրազեկության բարձրացմանը: Մասնակիցներին ներկայացվեց ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող փաստաթղթերի ընտրանին, որը պատրաստվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ արտգործնախարարության եւ Կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության հետ համատեղ:

ՀՀ արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության գործում նախարարությունը միջազգային ասպարեզում ակտիվ գործունեություն է ծավալում. «Դրա մեջ են մտնում Հայաստանի բոլոր քաղաքացիները՝ անկախ կրոնական եւ ազգային պատկանելությունից: Մենք գիտակցում ենք, թե ինչ դժվար է լինել ազգային փոքրամասնություն, քանի որ հայերն էլ դարերի ընթացքում անցել են դրա միջով»: Պարոն Կաժոյանը հավելեց, որ կարեւոր է Հայաստանում  ազգային փոքրամասնությունների  մշակութային ժառանգության պահպանումն ու զարգացումը. «Նույնը չենք կարող ասել մեր հարեւան երկրների պարագայում, որտեղ ոչնչացվում են հայկական հուշարձանները: Իսկ մեզանում 2006թ-ին կանգնեցվեց հրեաների հոլոքոստին, վերջերս էլ՝ ցեղասպանության զոհ դարձած ասորիների հիշատակին նվիրած հուշարձաններ»:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Վլադիմիր Չունտուլովը նշեց, որ պետական մարմինների եւ ՀՀ նախագահի աջակցությամբ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցին վերջին շրջանում մեծ կարեւորություն է տրվում:

ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը հայտնեց, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի ոչ միայն վերջիններիս, այլեւ հասարակության կողմից. «Կյանքի փորձն է ցույց տալիս, որ իրավունքն անհրաժեշտ է իմանալ: Մենք շարունակելու են հաղորդակցությունը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ պարբերաբար նրանց ներկայացնելով օրենսդրական դաշտի փոփոխությունները»:

Ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող փաստաթղթերի ընտրանին հասանելի է նաեւ էլեկտրոնային տաբերակով՝ ԵԱՀԿ կայքում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30