Միասնական շտաբի ապրիլի 25-ի որոշմամբ այսօր 27 պատգամավորներ լիազորելու են իրավաբան Վահե Գրիգորյանին` դիմելու ՍԴ` արագացված կարգով քննելու եւ պարզելու` ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումն արգելափակելու սահմանադրականությունը:
Այս կապակցությամբ Վահե Գրիգորյանն ասաց. «Դիմումը ներկայացվում է Ընտրական օրենսգրքի այն նորմերի դեմ, որոնք նախատեսում են ընտրողների մասնակցության հրապարակայնության սահմանափակում: Հայաստանում գոյություն չունի որեւէ այլ տեղեկություն, որի նկատմամբ բացարձակ սահմանափակում կա»: Նա նկատեց, որ նույնիսկ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները կարող են դատարանի որոշմամամբ հրապարակվել, այնինչ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակայնությունը բացարձակապես արգելափակված է: Անգամ Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքում առաջացած հնարավոր վեճերի լուծման համար հնարավորություն չի ունենալու ծանոթանալ ընտրողների կողմից ստորագրված ցուցակներին: Այս փաստը պարոն Գրիգորյանին հիմք է տալիս մտածելու, որ եթե այդ ցուցակները երբեւէ որեւէ տեղ չեն հրապարակվելու, երբեք ոչ ոք իրավունք չունի նայել դրանք, ուրեմն «այդ ցուցակները ինքնանպատակ են, քանի որ փաստաթղթի տեսակ են, որ չի օգտագործվում որեւէ տեղ»: Նա նաեւ հիշեցրեց տեղեկություններ փնտրելու եւ ստանալու իրավունքը, որը այս պարագայում ոտնահարված է, եւ եզրակացրեց` «ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակայանության բացառումը որեւէ բանով արդարացված չէ»:
Իսկ եթե տեխնիկապես կամ ՍԴ-ի անբավարար համարձակության պատճառով ՍԴ-ն չլուծի այս հարցը` բոյկոտելո՞ւ եք ընտրությունները` լրագրողի այս հարցին ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը նետեց. «Не дождетесь!»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ