Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Ընտրությունները պետք է անցնեն այնպես, ինչպես միշտ անցնում են»

Ապրիլ 27,2012 12:17

Հատված ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Մարգարիտ Եսայանի հարցազրույցից:

 – 20 տարի եղել եք բարիկադի այս կողմում, հիմա անցնում եք մյուս կողմը, տարբերություններ կա՞ն։

-Ես ընդհանրապես դեմ եմ բարիկադներին՝ ե՛ւ մարդկային հարաբերություններում, ե՛ւ քաղաքականության մեջ, որովհետեւ երբեք չեմ ընդունել ընդդեմ կամ ի հեճուկս գործելաոճը, ե՛ւ երեկ, երբ լրագրող էի, ե՛ւ այսօր ու վաղը, եթե ընտրվեմ ու քաղաքական ասպարեզում լինեմ։ «Ընդդեմ» մտածողությունը մեր հասարակությունից պետք է վերանա, նման գործելաոճով քաղաքական ուժերը ի սկզբանե դատապարտված են, որովհետև չունեն «հանուն»-ը, չունեն «ինչու»-ի պատասխանը։ Բումերանգի էֆեկտը մոռացողներին շատ «կապտուկներ» են սպառնում, որովհետեւ իրենց բաժինն ընդամենը իրենց նետածն է լինում։ Ես չեմ պատրաստվում տեսակ փոխելու, ես ուզում եմ խորհրդարանում ավելացնել իմ տեսակը, որովհետեւ, որքան էլ հավակնոտ հնչի, կարծում եմ՝ այդ տեսակը պետք է։ Մեր հասարակությունը եւ մենք այսօր կարիք ունենք բարիկադները քանդող տեսակի, համախմբող տեսակի։ Միայն այդպես ենք հասնելու բոլորիս երազած Հայաստանին։

Եվ՝ քանի՞ տարում։

– Որքան արագ, այնքան հրաշալի, եւ պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվելով նստել եւ սպասել, որ ժամանակն ինքն իրեն գալու, մեզ ասելու է՝ ես եկա, հիմա պիտի երջանիկ լինեք։ Ժամանակն իրատես է եւ չի ամաչում ասելուց՝ բարի եղեք՝ ինքներդ քայլ անել։ Հաշվեք քանի՞ տարում, քանի՞ տասնամյակում, քանի՞ հարյուրամյակում են իրենց այսօրվա վիճակին հասել այն երկրները, որոնց մենք հիմա նաեւ նախանձում ենք։ Հայաստանի անկախ Հանրապետությունը 20 տարեկան է, ընդամենը 20: Բայց եկեք հայավարի շտապենք, որովհետեւ հին ժողովուրդ ենք ու դանդաղելու իրավունք չունենք։ Մի անգամ ազգովին ուզենք լավն անել, համոզված եմ՝ կլինի։ Սրանք գեղեցիկ խոսքեր չեն, սա կենսափորձ է։ Ես չեմ պատրաստվում գաղթական դառնալու, ես ուզում եմ իմ ընտանիքի հետ ապրել այս հողի վրա, որ իմ երկիրն է։ Չեմ ուզում, որ իմ երեխաները գնան Եվրոպա ու գան, ինձ հարցնեն՝ ինչո՞ւ է նրանց մոտ լավ, մեզ մոտ՝ ոչ։ Ես ուզում եմ, որ տիրոջ զգացողությունը լինի յուրաքանչյուրիս մեջ։

Ի՞նչ երաշխիք, որ այս խորհրդարանական ընտրությունները կանցնեն այն չափանիշներով, որոնք կմոտեցնեն այդ երազած երկրին։

– Եթե համոզված չլինեի, կես դար ապրելուց հետո կյանքս 0 կետից չէի սկսի։ Ես ապահովված եմ եղել ե՛ւ աշխատանքով, ե՛ւ գնահատանքով, եւ սա իմ կյանքի փոփոխության խնդիրը չէ։ Ընտրությունները պետք է անցնեն այնպես, ինչպես միշտ անցնում են. մարդը պիտի գնա ընտրատեղամաս եւ ձայնը տա իր նախընտրած քաղաքական ուժին ու թեկնածուին։ Թե որքանով է պաշտպանված լինելու ընտրողի քվեն, այ, այստեղ է, որ անելիք ունենք բոլորս եւ առաջին հերթին՝ իշխող քաղաքական ուժը, որ երբեք չի հրաժարվել իր պատասխանատվությունից՝ բաց ու շիտակ հայտարարում է, որ պատասխանատուն պետությունն է, իշխանությունն է, իշխող քաղաքական ուժն է։

Հայաստանում սովորաբար ընտրությունները կատարվում են ցերեկը, արդյունքները որոշվում են գիշերը, այս անգա՞մ էլ է այդպես լինելու։

– Ցերեկն ու գիշերն էլ են շատ հարաբերական, նայած՝ երկրագնդի որ կողմում ես։ Չեմ ուզում մտածել, որ այդպես կլինի, որովհետև մենք ազգովին հասել ենք մի սահմանի, որից այն կողմ սխալվելու իրավունք չունենք։ Մենք սպառել ենք սխալվելու մեր չափաբաժինը։ Ես համոզված եմ, որ ե՛ւ ցերեկը, ե՛ւ գիշերը մենք ունենալու ենք նույն պատկերը՝ իրական ընտրությանը համարժեք պատկեր։ Նկատի ունեցեք, որ անգամ իդեալական ընտրության դեպքում դժգոհներ կլինեն, բողոքողներ ու չհամակերպվողներ, բայց դա չի նշանակում, որ ընտրությունները կեղծվել են։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30