ՀԱԿ նախընտրական դաշինքի թեկնածու Ղուկաս Մեհրաբյանն օրերս նամակով դիմել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ խնդրելով պարզաբանել, թե որքանով է օրինական ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՀՀԿ քարոզարշավին, արդյո՞ք, համաձայն Սահմանադրության եւ գործող օրենքների, հանրապետության նախագահն ԱԺ եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակահատվածում կարող է առաջնորդել որեւէ կուսակցության, պատգամավորի, քաղաքապետի կամ գյուղապետի, երկարաժամկետ նախընտրական քարոզարշավ անել, եւ ո՞վ պետք է իրականացնի նախագահին վե րապահված սահմանադրական եւ այլ օրենսդրական պարտականությունները։
«Ես առաջին հերթին հարցում եմ արել, որ իրենք պարզաբանում տան՝ արդյոք որքանո՞վ է համապատասխանում օրենսդրությանը, որ ՀՀ նախագահը, իր նախագահական պարտավորությունները թողած, խախտելով կուսակցությունների համար հավասար պայմանների ապահովման մասին պահանջը, զբաղված է իր, կարելի է ասել, անձնական կուսակցության քարոզարշավով»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց նամակի հեղինակ Ղուկաս Մեհրաբյւանը՝ շարունակելով. «Երկրորդ՝ ո՞վ է այդ պահին փոխարինում իրեն, որ նախագահական գործերը կիսատ չմնան, որովհետեւ մենք տեսնում ենք, որ նա աշխատանքային ժամին էլ է քարոզչություն անում»։ ՀԱԿ թեկնածուի խոսքերով՝ «եթե ՀՀ նախագահն իր բանուգործը թողած, գյուղեգյուղ ման է գալիս, միայնակ մի կուսակցության քարոզարշավ է իրականացնում, իսկ մյուս կուսակցությունները նման հնարավորություն չունեն, ապա սա արդեն իսկ անհավասար պայմաններ է ստեղծում մրցապայքարում այլ կուսակցությունների համար։ Այսինքն՝ ՀՀԿ-ն օգտվում է նախագահ ունենալու կարգավիճակից, ինչն արդեն իսկ անհավասար պայմաններ է ստեղծում մյուս կուսակցությունների համար։ Ինքը երկրի նախագահն է, ոչ թե մենակ էդ կուսակցության նախագահը»,- հարց է բարձրացնում ՀԱԿ թեկնածուն։ Նրա կարծիքով՝ որպես ՀՀ նախագահ, «առնվազն իրեն հարիր չի գնալ գյուղեգյուղ եւ խնդրել ձայն տալ որեւէ կուսակցության կամ թեկնածուի։ Կարող է կարծիք հայտնել, որ աջակցում է այս կամ այս կուսակցությանը, բայց ոչ թե մեկ ամիս զբաղվել քարոզարշավով՝ գյուղեգյուղ ընկնելով»։
ՀԱԿ թեկնածուն դեռ որեւէ ատյանից պատասխան չի ստացել եւ պատասխան է սպասում Սահմանադրական դատարանից ու ԿԸՀ-ից։ «ԱԺ-ն չի աշխատում, գործող մարմինները ՍԴ-ն ու ԿԸՀ-ն են։ Նման նախադեպ աշխարհում գոյություն չունի, որ երկրի նախագահն իր լիազորությունները վայր չդնելով՝ զբաղվի որեւէ կուսակցության պատգամավորական ընտրությունների քարոզարշավով։ Նախագահը պետք է ընտրությունների ժամանակ ապահովի սահմանադրական կարգի իրականացումը»,- ասում է Մեհրաբյանը։
Երեկ Սահմանադրական դատարանից մեր հարցմանը պատասխանեցին, որ իրենք ՀԱԿ թեկնածու Ղուկաս Մեհրաբյանի նամակը չեն ստացել, իսկ ԿԸՀ լրատվականից ասացին, որ թեկնածուի դիմումը պետք է քննարկվի ԿԸՀ նիստում։
Կարդացեք նաև
Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ
«Հրապարակ»