Տեղեկություններ են տարածվել, որ թիվ 33 ընտրատարածքում առաջադրված ՕԵԿ թեկնածու Հովհաննես Մարգարյանը պատրաստվում է ինքնաբացարկի դիմում ներկայացնել։ Տարածված լուրերի համաձայն, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ- ը բանակցում են այդ հարցում։ Նշենք, որ այս ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն Աշուո Աղաբաբյանն է՝ Բուռնաշը, իսկ ՀԱԿ ներկայացուցիչը՝ Շալիկո Զորյանը։ Երկու կուսակցություններից էլ երեկ հերքեցին լուրը, որ ոչ Մարգարյանն է պատրաստվում ինքնաբացարկ
հայտարարել եւ ոչ էլ ՀՀԿ-ն է բանակցում ՕԵԿ-ի հետ: Մենք զրուցեցինք ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի հետ՝ հասկանալու ընտրատարածքում տիրող իրավիճակը։
– Պարոն Աղաբաբյան, համառորեն լուրեր են պտտվում, որ Ձեր մրցակից Հովհաննես Մարգարյանը պատրաստվում է ինքնաբացարկի դիմում ներկայացնել։ Ի՞նչ խնդիր կա, Դո՞ւք եք ստիպում։
– Ճիշտն ասած, ես էլ եմ լսել, որ հրաժարական է տվել, բայց ստույգ ընդհանրապես տեղյակ չեմ, թերթերից եմ կարդացել։ Կամ ես նրա ի՞նչը պետք է ճնշեմ։
Կարդացեք նաև
– Ինչի՞, Ձեզ մրցակից չե՞ք համարում։
– Մրցակից չեմ համարում, ընդամենը քարոզարշավի մեջ ենք… Շատ իրանից գոհ ելույթներ է ունենում, իբր ինքն ամեն ինչ է, կողքինները՝ ոչ մի բան, ես էլ միշտ ասել եմ՝ ճտերն աշնանն են հաշվում։ Իրան թվում է, թե ինքն ամենափրկիչն է։
– Ի՞նչ անենք, թող իրենից գոհ ելույթներ ունենա։ Ուզում եք ասել, որ կոռեկտության սահմաննե՞րն է անցել։
– Այո, այո։ Կոռեկտության սահմաններից դուրս է եկել, եւ ես նրան հակառակորդ եմ համարում, ոչ թե մրցակից։ Զարմանում եմ, որ կոալիցիոն գործընկերը ոնց կարող է իրան ըտենց ոչ վայել, անկիրթ, անդաստիարակ ձեւով պահի։ Ինքը մուրաբաներ ա բաժանում, կոնյակներ, հետո ընտրակաշառքից խոսում, ես ոչ մի բան իրանից չեմ կարողանում հասկանամ։ Ինքն իրանից վախեցած, ինքն իրանից հրճված, ինքն իրանից չգիտեմ տպավորիչ համոզմունքով, թե ինքը հեսա գալու ա եւ ամբողջ Շիրակի մարզը փրկի։
– Ավելի շատ Ձեր մասին են ասում, որ ընտրակաշառք եք բաժանում:
– Ես ոչ մի բան, որեւիցե քայլ չեմ արել եւ ոչ էլ խոստումներ եմ տալիս, ես ասել եմ էն, ինչ որ արել եմ, եւ ասում եմ էն, ինչ որ պիտի անեմ։
– Ձեր խոսքից տպավորություն կա, որ անհանգստանում եք, թե կպարտվեք, ուստի Մարգարյանի՝ ընտրապայքարից դուրս գալու հարցում շահագրգիռ եք եւ այդ հարցը բարձրացրել եք…
– Ինքը նախ անցած ընտրություններին իմ հավաքած ձայների կեսի չափ է ձայն տարել՝ մոտ 7 հազար, բայց բարձրաձայնում ա, թե 10 հազար ձայն է տարել։
– Իսկ գուցե Ձեր կուսակցության միջոցո՞վ եք փորձում ճնշել կոալիցիոն գործընկերոջը։
– Այ, Աստծո սիրուն, հակառակը՝ ես ուզում եմ, որ ինքը թեկնածությունը չհանի եւ մնա ու մի անգամ էլ ըտենց պարտություն տանի, որ իմանա քարոզարշավի ժամանակ չի կարելի կոալիցիոն արժեքները կորցնել։ Ընտրություններից հետո, եթե պիտի նույն ճակատով գնանք, ինքն ընդհանրապես ի՞նչ ճակատով ա նայելու իր ճակատագրին։ Իմիջիայլոց, մյուս մրցակիցը՝ էդ ՀԱԿ–ի ներկայացուցիչը, բավականին լուրջ անձնավորություն է, եւ Հովհաննես Մարգարյանի հետ Գյումրու հեռուստաեթերում բանավեճի ժամանակ լուրջ քննադատեց իշխանությանը, բայց ինքը, լինելով իշխանության մաս, մի հատ պատասխան չկարողացավ տալ։ Ես չեմ կարողանում հասկանամ՝ վաբշե ինքն ով ա։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»