Որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը փորձելու են ավելի ու ավելի տպավորիչ դարձնել իրենց քարոզչությունը, հասկանալի է ու բնական: Ի վերջո, նախընտրական քարոզարշավը մտնում է վճռորոշ, ամփոփիչ շրջափուլ:
Սակայն որքան մայիսի 4-ը` քարոզարշավի վերջնաժամկետը մոտենում է, այնքան ընտրարշավը սկսում է նոր, բայց վտանգավոր երանգներ ձեռք բերել: Աստիճանաբար սպառելով սեփական արժանիքները ներկայացնելու, ընտրողներին գրավելու քաղաքակիրթ միջոցները` որոշ քաղաքական ուժեր սկսել են անցնել մրցակիցներին սեւացնելու հին ու հանրածանոթ ձեւերին, ապավինել անազնիվ մրցակցության, այսպես կոչված, սեւ PR-ի մեթոդներին, որոնց մերժմամբ հանդես էին գալիս ընտրարշավի մեկնարկին:
Առանձին դեպքերում ոմանց նկատմամբ կոմպրոմատային պրովոկացիաներ են իրականացվում, անանուն ստահոդ ու վարկաբեկիչ տեղեկություններ տարածվում, միմյանց անձնական վիրավորանքներ հասցնում եւ այլն: Որքան էլ այս ամենը անընդունելի ու հոգնեցնող լինի, հասարակությունը դրան մի տեսակ արդեն վարժվել է. ի վերջո, նման դրսեւորումներից նախորդ եւ ոչ մի համապետական ընտրություն զերծ չի եղել եւ, ի վերջո, հայրենի քաղաքական մտքի զարգացումը դեռ ավելիին չի հասել: Սակայն ամենավտանգավորն այն է, որ կրկին գործի է դրվում փոխադարձ այլատյացության, անհանդուրժողականության վրա կառուցված ծանոթ հռետորիկան:
Թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այս պրոցեսի խորացումը, գիտենք բոլորս: Բայց, կարծես, նախկին սխալներից դասեր քաղել այս անգամ էլ չենք կարողանում:
Կարդացեք նաև
«Երկիր»