Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» քվոտաներով նշանակվել են նաեւ ՀԱԿ-ական հանձնաժողովականներ

Ապրիլ 26,2012 22:47

«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ընտրական հանձնաժողովներում ստեղծված վիճակին եւ «Ժառանգության» անդամներ նշանակելու, տեղեր փոխանակելու կամ զիջելու խնդրին, ասաց, թե  իրավիճակն ի սկզբանե այնքան դրամատիկ չի եղել, որքան լրատվամիջոցները փորձում էին ներկայացնել: «Ես չգիտեմ՝ հրապարակված 50 (ընտրական տեղամասերի մասին է խոսքը) թիվը մարդիկ որտեղի՞ց էին վերցրել: Դա, իմ գնահատմամբ, ուղղակի «Ժառանգության» դեմ սեւ PR-ի նպատակ էր հետապնդում: Իրականում այն ընտրատեղամասերը, որտեղ «Ժառանգությունը» տեխնիկական պատճառներով չէր կարողացել նշանակումներ անել՝ այդքան մեծ թիվ չեն կազմում, ինչպես ներակայացվում էր»,- ասաց Խուրշուդյանն ու մասնավորեցրեց, թե բաց թողնված տեղամասեր տարբեր ընտրատարածքների մի քանի ՏԸՀ-ներում կան, որտեղ, համաձայն գործող օրենքի, նշանակումներ են արել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, «որոնք որպես կանոն հանրապետական են, թեեւ կան նաեւ ԲՀԿ-ի ներկայացուցիչներ, բայց դա մենք հատուկ ուսումնասիրության առարկա չենք դարձրել»:

Aravot.am-ի տեղեկություններով, ինչը նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էր հաստատել, այս կուսակցությունը առանձին ընտրատարածքներում տեղամասային ընտրական հանձնաժողովի իր քվոտաներով նշանակել էր ընդդիմադիր այլ կուսակցությունների ներկայացուցիչների: Խուրշուդյանի ասելով, նման ՏԸՀ-ներ կան մասնավորապես Հրազդանում, որտեղ «Ժառանգության» քվոտաներով լիցենզավորվել ու նշանակվել են  Սասուն Միքայելյանի մատնանշած անձինք: Խոսքը, մեր տեղեկություններով,  մոտավորապես 40 ընտրատեղամասերի մասին է, նաեւ մեծապես՝ Արարատի մարզում ու մասնավորապես  Թալինում եւ Մասիսում՝ 10-15 տեղ, որտեղ «Ժառանգության» քվոտաներով լիցենզիա են ստացել ու հանձնաժողովներում ընդգրկվել են ՀԱԿ-ին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած անձինք:

«Ժառանգության» ներկայացուցչի ասելով, կուսակցությունը ՏԸՀ-ներում իրեն հատկացված տեղերը համալրել է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով: «Իսկ այդ բաց թողնված տեղամասերն ընդամենը մի քանիսն են, որոնք մատների վրա կարելի է հաշվել. դրանք նույնիսկ տասը չեն անցնում»,- հավաստիացրեց  Հովսեփ Խուրշուդյանն ու ի հավելումն մեր հարցի, ասաց, թե այս պահի դրությամբ ՀՀ տարածքում գործող մոտ 2000 ընտրական տեղամասերի գերակշիռ հատվածում, բացի մատնանշված մի քանի տեղամասերից, «Ժառանգությունն» արդեն նշանակումներն արել է:

Տեղեկություններ են շրջանառվում նաեւ, թե նույն Մասիս քաղաքի ընտրական տեղամասերում «Ժառանգության» քվոտայով նշանակվել են ԲՀԿ-ն ներկայացնող հանձնաժողովականներ: Խուրշուդյանը հերքեց նաեւ այդ տեղեկությունը: «Նման բան չկա: Ես էլի եմ ասում՝ մենք այնտեղ նշանակել ենք մեր մարդկանց: Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով դուրս էին մնացել գործընթացից՝ չէին անցել որակավորման փուլն ու համապատասխան լիցենզիա չէին ստացել, չեմ բացառում, որ տեղի մեր ստորաբաժանման ներկայացուցիչը, համագործակցելով ԲՀԿ-ի տեղական կառույցի հետ, նրանց քվոտաներով մարդկանց լիցենզավորած եւ նշանակած լինի: Բայց դրանք բոլորն էլ մեր՝ «Ժառանգության» ներկայացուցիչներն են»,-ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30