ՀՅԴ ներկայացուցիչներ Արծվիկ Մինասյանն ու Վահան Հովհաննիսյանն այսօր երիտասարդների հետ հանդիպեցին ու ներկայացրին իրենց նախընտրական ծրագիրը: Պարոն Հովհաննիսյանը երիտասարդներին նախ ասաց, որ իրենց կուսակցությունը ոչ թե վերեւներից է որոշում կայացնում, այլ՝ ներքեւից, ապա խոսեց արդար ճանապարհով ու ընտրակաշառքով ընտրված պատգամավորների տարբերության մասին. փողը վճարում են 5 տարի իրենց չանհանգստացնելու համար .« 5 տարիների ընթացքում ինչով են զբաղվում՝ ժամանակ են անցկացնում սաունաներում. այնտեղ մենակ չեն գնում՝ տանում են նաեւ ընկերներին»:
Պարոն Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ ամեն ինչից դժգոհող քաղաքացիներին. «Այ պետությունը սա չարեց, խորհրդարանի ընդունած օրենքը լավը չէ, այս նախարարությունը ճիշտ չվարվեց… եղբայր գնացեք՝ տիրեք, իշխանությունը վերցրեք ձեր ձեռքը ու վարվեք այնպես ինչպես համարում եք ճիշտ»:
Պարոն Հովհաննիսյանը վերջին շրջանում նկատել է, որ երիտասարդները գնալով պասիվանում են, մինչդեռ, ըստ նրա, բոլոր հեղափոխությունների ժամանակ երիտասարդությունը առաջատար ուժ է եղել. «Եթե խոսում ենք ռեֆորմների իրականացման մասին, դրա մասին խոսում են ինչ-որ տարեց քեռիներ կառավարությունից, եթե խոսում ենք բարեփոխումների ու նոր քաղաքականության մասին, խոսում են էլի բավականին տարեց քաղաքացիներ, որոնք աթոռներ են զբաղեցնում խորհրդարանում: Երիտասարդությունը, ցավոք սրտի, դեռ սեփական ճակատագիրը չի կարող ստանձնել, դրա համար տեսնում ենք ուսխորհուրդներ տարբեր բուհերում, որտեղ արդեն թշերով, փորիկները կլորացրած, կլոր նշաններով տղերք են հարցեր լուծում, արդեն զավթել են բոլոր կամուրջները երիտասարդությունից դեպի իշխանություն»: Նրա խոսքերով, իշխանություն-երիտասարդություն հարաբերություններն այնքան ձեւական են դարձել, որ դուռ են բացել նոր կարիերիստների համար. «Ու դուք ձեր ալարկոտությամբ թույլ եք տվել այդ կլորիկ ժողովուրդը, դա ֆիզիկական չէ, հոգեկան կլորիկություն է, կարծեմ թե դուք հասկանում եք ում նկատի ունեմ» :
Արծվիկ Մինասյանն էլ ներկայացրեց իրենց առաջնահերթ ծրագրերը .«Հիմնարար ուղղություններից է սոցիալական կյանքը. այսօր այն շարունակվում է դիտվել որպես ազատության խնդիր, տնտեսական կյանքը: Ոչ միջին, ոչ ավագ սերունդը ոչ էլ երիտասարդությունը տնտեսապես իրացված չէ, տնտեսական պոտենցիալը անտեսվում է, այն օտարված է… կարեւորում ենք նաեւ ժողովրդավարությունն եւ պետական կառավարման համակարգը. ցանկացած երկիր կարող է առաջընթաց ունենալ, եթե ունի անկախ դատական համակարգ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ