Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամ կինը Տեր-Պետրոսյանին ասելիք ունի (Տեսանյութ)

Ապրիլ 26,2012 21:47

Այսօր Եղեգնաձորում ՀԱԿ-ի հանրահավաքից հետո մի կին հազիվհազ վազելով, ավելը ձեռքին ուզում էր մոտենալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն հաշմանդամ կինը չհասցրեց՝ ՀԱԿ առաջնորդը կնոջը չնկատեց ու շուտ հեռացավ:

Aravot.am-ի միջոցով նա խնդրեց փոխանցել, որ ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանին սիրում, վստահում է, ձայնը նրան է տալու, բայց ուզում է, որ վերջինս իրեն մի խոստում տա, որ հաշմանդամություն ունեցողների համար առողջապահական ծառայություններն անվճար է դարձնելու:

Այդ կինը՝ Անահիտ Սարգսյանը, Եղեգնաձորում հավաքարար է աշխատում, մաքրում է փողոցները եւ ապրում չնչին աշխատավարձով ու 21 հազար դրամ հաշմանդամության թոշակով. «Ես միայնակ, անժառանգ հաշմանդամ եմ: Նպաստը կտրել են, ասել են աշխատավարձը բարձր է: Խրոնիկ սեպսիսով եմ տառապում, արյան հիվանդ եմ: Այս ավելով ես ինչքա՞ն աշխատեմ, որ հիվանդանոցին վճարեմ: Ասենք, Լեւոն Տեր-Պետրոսյանին վստահում եմ, ձայնը տալիս եմ , բայց արդյոք նա անվճար կդարձնի՞ այն հիվանդանոցի ծառայությունները, որոնք հիմա վճարովի են: Ինձ ուրիշ բան պետք չի, մենակ դա: Ընդամենը 21 հազար դրամ ես թոշակ եմ ստանում, 21 հազարով ես ի՞նչ անեմ, հլը նայի թեւիս վիրահատությունները: Ո՞վ է տեսել բժշկի ոսկե ձեռքերը վաճառեն, գնամ բժշկի՝ ասեն դե վճարի, բայց որտեղի՞ց: Ես ոչ մի անգամ չեմ կարողանում նորմալ դեղեր առնեմ, նորմալ արյուն առնեմ: Վստահում եմ իրեն, որովհետեւ իր քաջությունն  իրեն հերիքում է»:

Մեր հարցին, դուք հաշմանդամություն ունեք, զեղչ չի՞ հասնում, ո՞ր կարգի հաշմանդամություն է՝ նա պատասխանեց «Հաշմանդամություն ունեմ, բայց ոչ մի անգամ մի կոճակ դեղ անվճար չեմ ստացել, ոչ մի անգամ: Որովհետեւ ես փող չունեի, որ վճարեի՝ տվեցին 3-րդ կարգ: Ասեցի՝ ինչի՞ չես տալիս 2-րդ կարգ՝ ասեց՝ չես վճարում, չեմ տալիս: Ասեցի՝ եթե ես իրոք հաշմանդամ չեմ՝ կուրծքս հեռացված, սաղ որովայնս վիրահատված, թող տան 3-րդ կարգ ու տվեց ինձ 3-րդ կարգ»:

Ղեկավարներին ամոթանք տալու համար կինը նույնիսկ փորձեց քայլել, որ տեսնեն, թե ինչ տանջանքով է ավլում, հավաքարարի իր գործն անում ու ամաչեն. «Ինձ համար մեկ է՝ ուզում է Քոչարյանը լինի, ուզում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ուղղակի Լեւոն Տեր-Պետրոսյանին գիտե՞ս ինչի եմ սիրում, որովհետեւ քաջությունը հերիքում է: Այ մենակ դրա համար՝ որ ինքը ահ ու երկյուղ չունի»:

Օգնության ակնկալիքով ՀԱԿ-ի հանրահավաքին էր եկել նաեւ բազմազավակ Նվարդ Ավագյանը: Նա նույնպես հավաքարար է աշխատում ու միայնակ պահում մեծ ընտանիքը. «Ունեմ 6 երեխա , թոշակ չեմ ստանում, նպաստ չեմ ստանում, վիրահատություն եմ տարել, ասում են՝ քեզ թոշակ չի հասնում, ոչ մի հնարավորություն չունեմ»: Նպաստից Ավագյանի ընտանիքին զրկել են՝ պատճառաբանելով, թե աշխատավարձը բարձր է: Բարձր աշխատավարձ ասածը հավաքարարի 50 հազար դրամն է, այն էլ՝ 2 դրույքի համար: Նվարդը պատմում էր, որ ստացած գումարը հազիվ բավականացնում է տրանսպորտի ծախսերին ու առաջին անհրաժեշտության ապրանքները գնելուն: Ամուսինը չի աշխատում, երեխաներից 4-ը դպրոցական են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30